News

Հայաստանն ունի աղբի վերամշակման կարիք, այնքան, որքան Եվրոպան

1

Ծրագրվող աղբավայրի մասին մեր վերջին տեսանյութից անցել են շաբաթներ: Այդ շաբաթների ընթացքում աղբավայրը վարկերով և դրամաշնորհներով կառուցելու և աղբավայրում վերամշակման բաղադրիչը չներառելու հարցը բարձրացվել է Հայաստանի ներսում և եվրոպառլամենտի որոշ ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև շարունակվել է նամակագրությունն այն բանկերի հետ, որոնք ֆինանսավորում են այս ծրագիրը:

Հետարքրական է, որ նույն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որը հրաժարվել էր Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հետ որևէ հաղորդակցություն վարել՝ Ամուլսարի շուրջ վերջինիս (մրմռացնող) հարցադրումների արդյունքում, այնուամենայնիվ, այս հարցում նրանք արձագանքում են ՀԲՃ-ի հարցադրումներին՝ թեև ցուցաբերելով բավականին կամայական մոտեցում: Կամայականությունը, թերևս, նրանում է կայանում, որ մեր նամակներում, ինչպես նաև տեսանյութում բարձրաձայնած հարց/պահանջները, որոնցից կենտրոնականը ծրագրում աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչի ներառման պահանջն է, բանկը նախընտրում է անտեսել իր պատասխանում՝ փոխարենը խոստանալով, որ նախատեսվող աղբավայրի այն հատվածում, որտեղ ծառեր կան, կտնկվեն նորերը՝ մեկ ծառի փոխարեն երկուսը:

«Մենք ցանկանում ենք ձեզ վստահեցնել, որ ծրագրի շրջանակներում բոլոր ծառերի փոխարեն, որոնք կհանվեն ծրագրի տարածքից, կփոխարինվեն ծառատնկման շնորհիվ: Ավելի կոնկրետ՝ յուրաքանչյուր հատված ծառ/թփի փոխարեն երկուսը կտնկվեն, որպեսզի ծառերի և թփերի քանակի որևէ կորուստ չլինի», նշված է ՎԶԵԲ-ի պատասխանում:

Հիշեցնենք, որ թեև ծրագրի նկարագրությունում նշված է, որ աղբավայրերին վերաբերող ԵՄ պահանջները, որոնք վերաբերում են աղբի տեսակավորմանը և վերամշակմանը, ներառված չեն այս ծրագրում, նախորդ պատասխանում այս բանկը կրկին մակերեսորեն նշել էր, որ վերամշակման բաղադրիչը Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է գտվնում: Ուրիշ ոչինչ: Սակայն հարցին մակերեսորեն մոտենալը որևէ կողմին պատասխանատվությունից չի ազատում:

Ներդրումների եվրոպական բանկը ևս նախորդ պատասխանում վերամշակման հարցի շուրջ պատասխանատվությունը թողել էր Երևանի քաղաքապետարանի վրա: Մինչդեռ վերջին տեսանյութին ի պատասխան, կրկին փորձելով շրջանցել գլխավոր հարցադրումները, մեր նամակին արձագանքել էր բանկի Ընդհանուր տեսչության Կեղծիքների հետաքննության բաժինը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է հետաքննել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Այն նաև տեղեկացնում էր հնարավոր լրացուցիչ տվյալներ ստանալու կարիքի մասին և դա այն դեպքում, երբ ծրագիրը դեռ չի սկսվել և հետևաբար ոչ ոք որևէ փաստ կոռուպցիոն դեպքերի մասին դժվար թե կարողանա ներկայացնել բանկի այս բաժնին: Այսինքն, այս կերպ այս բանկը ևս փորձում է խուսափել հիմնական հարցադրումներին պատասխանելուց:

Քանի որ ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհ էլ տրամադրում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը, ապա Եվրոհանձնաժողով ևս նամակ էր ուղարկվել, սակայն երբևիցե պատասխան չի եղել այս կառույցից:

Անհրաժեշտ է սակայն արձանագրել հետևյալը:

2018թ.-ի փետրվարին ԵՄ դեսպանները աղբի կառավարման և վերամշակման նոր կանոններ են հաստատել: Դրանց շնորհիվ ԵՄ-ում կավելանա աղբի վերամշակումը, ինչպես նաև կխթանվի իրերի կրկնօգտագործումը: Ավելին, նոր կանոններով օրենսդրորեն պարտադիր կերպով կդրվեն աղբի վերամշակման և աղբավայրերի տարածքների կրճատմանն ուղված թիրախներ և ժամկետներ: Այդ կերպ, ողջ այն մունիցիպալ աղբը, որը հնարավոր է վերականգնել, վերամշակել կամ էներգիա ստանալ, չի ընդունվելու աղբավայր: Իսկ մինչ 2035թ. ԵՄ անդամ երկրների մունիցիպալ աղբի քանակը պետք է կազմի ողջ աղբի միայն 10 կամ ավելի քիչ տոկոս:

Հարց է առաջանում, թե ինչու նման պարագայում, կարևորելով ԵՄ-ում վերամշակումը, ինչպես նաև աղբավայրերի քանակի և տարածքների կրճատումը, ԵՄ սահմաններից դուրս, այնուամենայնիվ, ֆինանսավորվում է մի աղբավայր, որը ոչ միայն չունի վերամշակման կարևորագույն ԵՄ պահանջը, այլև պիտի ունենա ընդամենը մոտ 30 տարվա կյանք՝ զբաղեցնելով մոտ 30 հա տարածք՝ 30 տարի անց նոր աղբավայր կառուցելու տեսլականով:

Արդյոք եվրոպական կառույցների վերաբերմունքը խտրական չէ՞ իրենց քաղաքացիների և ոչ ԵՄ քաղաքացիների և բնական միջավայրի հանդեպ: Արդյոք Եվրոպայում հավատում են, որ բնության պահպանության խնդիրը սահմաննե՞ր ունի, և որ ինչ ԵՄ սահմաններից դուրս է, իրենց համար սպառնալիք չէ՞: Իհարկե կարող ենք շեշտել, որ ԵՄ-ն և եվրոպական բանկերը պարտավոր չեն Հայաստանի պես երկրներում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կնպաստեն բնության և մարդկանց բարօրությանը, երբ անգամ հայաստանյան կառավարությունը նման ծրագրեր իրականացնելու ցանկությունի չունի: Բայց  և ոչ կանաչ ծրագրեր ֆինանսավորելով էլ այս կառույցները դառնում են միջավայրի աղտոտման, կյանքի որակի նվազման և այլ խնդիրների մասնակից և հանցակից:

Ավելին. ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական քաղաքականության փաստաթղթում հստակ նշված է, որ անկախ իրենց ֆինանսավորած ծրագրի աշխարհագրական դիրքից՝ իրենք պարտավորվում են իրենց ծրագրերում Բնապահպանության ոլորտում ԵՄ սկզբունքները կիրառել, իսկ որտեղ բնապահպանության ոլորտում ազգային սկզբունքները կտարբերվեն ԵՄ սկզբունքներից, իրենք կկիրառեն ամենախիստը:

Դե իսկ ԵՄ սկզբունքները (ընդունված դեռևս 2008թ-ին) ոչ միայն աղբի վերամշակմանն են ուղղված, այլև աղբի վերամշակումը համարում է աղբից էներգիա ստանալուց առավել առաջնային (աբի կառավարման հիերարխիա): Նշենք, որ աղբից էներգիա ստանալու հնարավոր ակնարկ կար ՀՀ կառավարությունից ստացած պատասխանում:

Ներդրումների եվրոպական բանկի Բնապահպանական և սոցիալական սկզբունքները և չափանիշները ևս սահմանում են, որ ԵՄ-ի սահմաններից դուրս երկրներում բանկի կողմից իրականացվող ծրագրերը պետք է հետևեն բնապահպանության ոլորտում ազգային, միջագզային և ԵՄ չափանիշներին: Իսկ որտեղ ԵՄ չափանիշները ազգային չափանիշներից առավել խիստ կլինեն, կկիրառվեն ԵՄ չափանիշները:

Համաձայն մարտի 26-ին Երևանում տեղի ունեցած հանրային քննարկման՝ ծրագրում դեռևս աղբի վերամշակման բաղադրիչ չկա: Քննարկմանը ներկայացվել է քաղաքապետարանի պարզաբանումը, թե իբր աղբավայր հասնող աղբը ենթակա չէ վերամշակման: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես պետք է, օրինակ, աղտոտված թուղթը վերամշակվեր, եթե ի սկզբանե այն չի առանձնացվել քաղաքացու կողմից վերամշակման նպատակով: Եվ ահա քաղաքապետարանի հակասական մեկնաբանությունը, համաձայն որի՝ աղբը հենց նախնական փուլում է տեսակավորվելու և աղբավայր հասնելու է միայն վերամշակման համար անպիտան աղբը: Իսկ տեսակավորված աղբը կգնա վերամշակող ընկերություններ: Հարցը շարունակում է մնալ բաց, թե ինչպե՞ս պետք է տեղի ունենա այս տեսակավորումը՝ քաղաքացին ի՞նքը պետք է սկսի տեսակավորել, թե՞ աղբը կշարունակեն թափել ինչպես այսօր, բայց կլինի տեսակավորման կայան, որտեղ էլ աղբը կտեսակավորվի և կուղարկվի համապատասխան վերամշակողի մոտ: Տրամաբանական է թերևս առաջին տարբերակը, քանի որ երկրորդի դեպքում քաղաքապետարանն ինքն է նշում, որ աղբավայր է հասնում արդեն այնպիսի աղբ, որը հնարավոր չէ վերամշակել, և հետևաբար ինչպես պետք է տեսակավորվի և ուղարկվի այդ աղբը վերամշակողին, հայտնի չէ:

Ավելին, եթե գործ ունենք ծրագրում նոր բաղադրիչի, այն է տեսակավորման կետի ավելացման հետ, ուրեմն պետք է ակնկալել ծրագրի թարմեցված նկարագիր տեսակավորման ենթակա աղբի, տեսակավորման գործընթացի, վերամշակող ընկերությունների և այլնի նկարագրությամբ,  որին ծանոթանալուց հետո միայն կարող ենք գնահատել, թե արդյոք քաղաքապետարանը լուրջ մտադրություններ ունի աղբի քանակի կրճատման հետ կապված, թե՞ պարզապես ցանկանում է եվրոպական կողմին և մեր հանրությանը թյուրիմացության մեջ գցել:

Հիշեցնենք, որ աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը ծրագրում ներառելու հստակ հանրային պահանջ կա ուղղված թե՛ կառավարությանը և քաղաքապետարանին, և թե՛ եվրոպական ֆինանսավորողներին:

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝
  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , ,