News

Քրոնիմետը պնդում է, որ պատասխանատու է, ԶՊՄԿ-ն գործում է հակառակ կերպ

Քաջարան հանք

Քրոնիմետ գերմանական ընկերությունը, որը Զանգեզուրի պղնձի և մոլիբդենի կոմբինատի (ԶՊՄԿ) 60% սեփականատերն է և Քաջարանի հանքն է շահագործում, վերջերս պատասխանեց business-humanrights.org հարթակի հարցմանը: Իրականում հարցումը կատարվել էր Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կողմից, որը բարձրաձայնել էր հանքի գործունեության արդյունքում տեղական օրենքների խախտումների և բնապահպանական խնդիրների մասին (ավելին՝ այստեղ և այստեղ): Ընկերության պատասխանում, որն ստացանք միայն երբ Բիզնես և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը տեղադրեց հոդվածներն իր կայքում, ընկերությունը նշում է, որ այն հետևում է կայուն զարգացման քաղաքականությանը և չունի որևէ նպատակ՝ խուսափելու Հայաստանի օրենքներով նախատեսված պարտավորություններից:

Հիշեցնենք, որ ՀԲՃ-ն հրապարակել էր մի հոդված, ուր ցույց էր տվել ընկերության կողմից Քաջարանում հանքարդյունաբերման ծավալների անօրինական աճ: Հոդվածում նշվել էր, որ «ԶՊՄԿ-ն դեռ 2010 թվականից սկսել է ապօրինաբար ավելացնել իր արդյունահանման ծավալները, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում դրանք հասցրել է արդեն տարեկան մինչև 17-19 միլիոն տոննայի (թույլատրված 12.5 միլիոնի փոխարեն): Ուստի վերջին յոթ տարիների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանիկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները»:

Ընկերությունը պատասխանել է, թե, քանի որ Հայաստանի օրենքների համաձայն՝ հանքարդյունահանման գործըթնացում ցանկացած փոփոխություն պետք է ենթարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ), ընկերությունը հետևել է այս օրենքին, անցկացրել է 4 հանրային քննարկում ազդակիր համայնքների հետ և ի վերջո կազմել է ՇՄԱԳ-ը: 2016թ.-ի դեկտեմբերին էլ ՇՄԱԳ-ը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից:

Սակայն ընկերությունն իր պատասխանում չի նշում, թե այդ դեպքում ինչու մինչ կառավարության կողմից ՇՄԱԳ-ի հաստատումն այն արդեն իսկ ավելացրել էր իր արդյունահանման ծավալը: Անգամ Համաշխարհային բանկը, 2016թ.-ի ապրիլի իր՝ «Հայաստնի ստրատեգիկ հանքային սեկտորի կայունության գնահատում» զեկույցում նշում է, որ «Քաջարանի պնձա-մոլիբդենային հանքը արդյունահանում է տարեկան մոտ 18.5 միլիոն տոննա հումք (թույլատրված 12.5 միլիոն տոննայի հետ ի համեմատ)»:

Ընկերությունը շարունակում է թվարկել իր պատասխանատու գործունեությունը՝ նշելով, որ «ընկերությունն առաջինն է կայուն զարգացման չափանիշների կիրառմամբ և, որպես պատասխանատու հանքարդյունաբերող, ԶՊՄԿ-ն ակտիվորեն ներգրաված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային չափանիշները Հայաստանում կիրառելով»: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) միջազգային չափանիշ է արդյունահանման ոլորտում բաց և թափանցիկ գործունեության համար: Հայաստանը միայն 2017թ.-ի մարտին է դիմել այս ցանց անդամագրվելու համար և այժմ այն թեկնածու երկիր է: Ուստի անհասկանալի է, թե ինչպես է Քրոնիմետը մինչ Հայաստանի դիմելն իրականացրել ԱՃԹՆ չափանիշները Հայաստանում, հատկապես եթե հաշվի առնենք, որ սա մի քանի շահագրգիռ կողմեր ներգրավող հարթակ է և գործում է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ:

Ընկերությունը նշում է նաև, որ իրականացրել է 4 հանրային քննարկում, սակայն քննարկումներից որոշներն անցկացվել են ընկերության տարածքում, որի ժամանակ էլ ընկերության վարչական տնօրենը որոշ մասնակիցներին, այդ թվում Էկոլուր լրատվականին և այլոց տեղեկացրել է, որ տարածքը ընկերությանն է, ուստիև իրենք կարող են հյուրերին դուրս հրավիրել: Մինչդեռ հանրային լսումները բաց են հանրության և մեդիայի համար: Ավելին, տեղական հասարակական կազմակերպությունները Կապանի քաղաքապետին բաց նամակ են գրել՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ հանրային լսումը, որը չի համապատասխանել օրենքի պահանջներին, այդ թվում նաև այն պատճառով, որ ծրագրի փոփոխությունները չեն տեղադրվել քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կայքերում:  Մինչդեռ Քրոնիմետը նշում է. «Մենք չենք խուսափում օրենքներով սահմանված պատասխանատվությունից՝ դրանք կամայական մեկնաբանելով»: Այս խոսքերը փաստորեն հակասում են գործողություններին, քանի որ թե՛ հանրային իրազեկումը, մասնակցության խոչընդոտումը լսումներին, կարծիք հայտնելու իրավունքը, և թե՛ քննարկվող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքները ոտնահարվել են:

Մինչդեռ այդ բաց նամակին ընկերությունը պատասխանել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «շեղվել են հանրային լսումների բուն էությունից և ընդամենը փորձել են վարկաբեկել իրականացված գործընթացները, ինչն ակնհայտ պատվերի տպավորություն է թողնում:» Սակայն դեռևս հանրային քննարկման ժամանակ ընկերությունն ինքն էր հայտարարել, որ տեխնիկական պատճառներով այն չէր կարողացել փաստաթղթերը տեղադրել կայքում լսումներից առաջ: Իսկ նման պարագայում պետք էր ընդհանրապես հետաձգել հանրային լսումը, սակայն դա տեղի չի ունեցել:

Հայաստանի օրենքներն ընկերության կողմից կամայականորեն մեկնաբանելու մասին կարելի է կարդալ նաև այստեղ, ուր մասնավորապես հնչում է կարծիք այն մասին, որ ընկերության ներկայիս գործելաոճը նաև եզրակացնել է տալիս, որ այն փորձում է խուսափել իր պոչամբարի ռեկուլտիվացիայի գործընթացից (մեկ այլ խախտման մասին կարելի է կարդալ այստեղ և այստեղ):

Ի պատասխան այն հայտարարության, որ արդյունաբերական վթարների հետևանքով միջավայրն աղտոտող արտահոսքերը հաճախակի են, ընկերությունը հայտնում է, որ «վերջին տարիներին նման հազվադեպ դեպքեր են եղել, մասնավորապես՝ 2 վթար (արտահոսք) 2013թ.-ին, 1 վթար (արտահոսք) 2014թ.-ին, 0 վթար 2015թ.-ին, 1 վթար (արտահոսք) 2016թ.-ին»: Սակայն համաձայն այս հոդվածի՝ միայն 2014-2015թթ.-ներին 13 վթար է եղել, ինչի արդյունքում պոչամբարի արտահոսքերը աղտոտել են մոտակա համայնքները և գետը: Ամենավերջին վթարի արյդունքում՝ 2017թ.-ի հունվարին, թափոնաջրերը շուրջ 12 օր շարունակ լցվել են գետը, իսկ ԶՊՄԿ-ին պարտադրել են վճարել 6.33 միլիոն դրամ: Հետքի հետաքննող լրագրողները գրել են այս և այլ վթարների մասին այստեղ:

Պոչամբարների խողովակների տեխնիկական ասարքությունների պատճառով միջավայրի աղտոտման դեպքերի մասին նյութեր կարելի է կարդալ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ աղտոտված գետերը նաև գյուղմթերքի թունավորման աճին են նպաստել՝ մարդու առողջության համար ևս դառնալով վտանգավոր:

Պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցության արդյունքում որոշ այլ խախտումներ էլ վեր են հանվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ.-ի զեկույցում: Այստեղ գրվում է, որ հանքի հարակից համայնքներում տեղի է ունեցել տեղեկատվության հասանելիության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում, քանի որ Հայաստանի կառավարությունը հանքի շրջակայքի գյուղատնտեսական հողերը հայտարարել է գերակա շահ՝ ԶՊՄԿ-ին վարձակալության տալու նպատակով՝ «բաց հանքի շահագործման և թունավոր թափոնների գերեզմանոցների տեղադրման համար:» Մինչդեռ տեղացիների հետ չի եղել խորհրդակցություն: Զեկույցը նշում է, որ «մեր կողմից բարձրացված հարցին պարզաբանում ստանալու նպատակով, թե Քաջարան համայնքի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում քաղաքացիներին վարձակալության կամ սեփականության իրավունքով պատկանող հողամասեր արդյոք կան թե ոչ, մի շարք գրություններ են ուղարկվել ՀՀ վարչապետին, որոնք հետագայում վերահասցեագրվել են Նախարարությանը, սակայն պատասխան գրություններով Նախարարությունը որևէ հստակ տեղեկատվություն չի ներկայացրել: 2012 թվականին Պաշտպանի աշխատակազմի կողմից նախաձեռնած ոլորտի իրավապաշտպանների և մասնագետների հետ հարցազրույցների ընթացքում ստացվել են բազմաթիվ բողոքներ, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ և հաշվի չեն առնվել վերջիններիս դիրքորոշումները»:

Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ զեկույցում էլ (2014թ.-ի) նշվում է, որ «ի տարբերություն Նախարարության տվյալների՝ ոլորտի մի շարք անկախ փորձագետներ և հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ նշված տարածքի [Քաջարանի] բնակչության, մասնավորապես, երեխաների մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ հանքի բաց շահագործման պատճառով օդի մեջ, իսկ այնուհետև` մարդկանց օրգանիզմ ներթափանցած ծանր և թունավոր մետաղների հետևանքով»:

Կարդալով Քրոնիմետի պատասխանը՝ ընթերցողը կարող է կարծել, թե Գերմանիայում գտնվող ընկերությունը տեղյակ չէ Հայաստանում կատարվելիքից: Սակայն ընկերության կայքում իր սոցիալական պատասխանատվության մասին կարճ տեղեկատվությունը և մարդու իրավունքների ոլորտում իր պատասխանատվության մասին տեղեկատվության ընդհանրապես բացակայությունը հասկանալի է դարձնում, որ ընկերության ստրատեգիան հիմնականում հանքային հորիզոնների ընդլայնումն է (ինչպես իրենց կարգախոսն է), իսկ, ի տարբերություն ընկերության պնդումների, իրականում այն շատ քիչ կամ ոչ մի մտահոգություն չունի միջավայրի վրա իր հանքային գործունեության թողած ազդեցության մասին:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,