News

#NoDAPL Զորակցության ակցիա Ամերիկայի բնիկներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ․ ՀԲՃ

1

Երկիր մոլորակին սպառնացող վտանգների դեմ պայքարներից մեկն այժմ մղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Հյուսիսային Դակոտա նահանգում, որտեղ արդեն ամիսներ շարունակ պարամիլիտարիզացված ոստիկանական բռնաճնշումների ներքո հազարավոր բնիկ ամերիկացիներ, բնապահպաններ և ամենակուլ նավթային կապիտալին դեմ դուրս եկած մարդիկ պայքարում են իրենց հազարամյա հողերն ու ջրերը, հոգևոր արժեքներն ու բնակատեղին պաշտպանելու համար։

Ջուրը սրբություն է բնիկ ամերիկացիների համար, նրանք կանգնել են ջուրը պաշտպանելու խիստ վտանգավոր թերթաքարային (shale oil) նավթամուղի անցկացումից գետերի ու լճերի տակով և իրենց հողատարածքներով։ Նրանց պայքարը ճնշվում է խիստ սպառազինված ոստիկանական ու պարաոստիկանական բռնությամբ։ Նավթամուղի անցկացմամբ վտանգվում են այս տարածքներում ապրող 200-ից ավելի բնիկ ամերիկացի ժողովուրդների ջրի աղբյուրները, սրբավայրերը, նախնիների գերեզմանները, կենսականորեն անհրաժեշտ այլ տարածքներ: Դարեր շարունակ ճնշված լինելով սեփական հողի վրա՝ բնիկներն DAPL ծրագիրը գնահատում են որպես իրենց բնաջնջմանն ուղղված գործողություն: Ինչպես որ սևամորթ ամերիկացիներն են ոստիկանական անհիմն բռնությունների զոհ դառնում ռասիզմի արդյունքում, այնպես էլ բնիկ ամերիկացիները և հատկապես կանայք ոստիկանական և պարաոստիկանական բռնությունների ու ոտնձգությունների են ենթարկվում այս պայքարի ընթացքում, ինչը ցասում ու վրդովմունք է առաջացնում մեզ մոտ:

3

Նոյմբերի 10-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ տեղի ունեցած ակցիայի նպատակը Հյուսիսային Դակոտայում պայքարողներին մեր զորակցությունը հայտնելն էր, ինչպես նաև Հայաստանում բնությանը և մարդկային առողջությանն ու բարօրությանը սպառնացող մեկ այլ ծրագրի՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ մեր բողոքն արտահայտելն էր՝ այդպիսով ընդգծելով բնության պահպանության համար սահմանների բացակայությունը և համատեղ պայքարի կարևորությունը:

Ակցիայի ընթացքում նամակ հանձնվեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որտեղ ասվում է․ «Արդեն մի քանի ամիս է, ինչ հիացմունքով, ցասումով և երկյուղով հետևում ենք «Standing Rock» պաշտպանների պայքարին։ Թեև NoDAPL (Հյուսիսային Դակոտայի նավթամուղի դեմ) շարժումը մեզ ոգևորում է բնիկ ամերիկացիների և ոչ բնիկ մասնակիցների տոկունությամբ, պատասխանատվությամբ և ոգեղենությամբ, չենք կարող չարտահայտել մեր խիստ մտահոգությունը պաշպանների դեմ կիրառվող պետական ոստիկանական բռնության և նավթային շահագործողների կողմից վարձված պարաոստիկանական ջոկատների անպատժելիության կապակցությամբ։ Մեզ խիստ անհանգստացնում է Միացյալ Նահանգներում ոստիկանության նման ռազմականացած գործելակերպը, որը միտում է, որ զանցում է միջազգային սահմանները և հասնում ընդհուպ Հայաստան՝ մեր ոստիկանություն՝ տարատեսակ միջազգային դասընթացների և զինման միջոցով։

Մեզ համար ցավալի է նաև բազմազանության և խոսքի ազատության համար գովերգվող երկրում տեսնել այս հարցի լուսաբանման խայտառակ վիճակը և լրագրողների հետապնդումը։

Զորակցելով «Standing Rock» պաշտպաններին, մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր պաշտպանում են իրենց ջրերը, սուրբ հողերը և երկիր մոլորակը։ Մենք կիսում ենք նեոլիբերալ կապիտալիստական ագահությունից ու անողջամտությունից բնությունն ու արդարությունը պաշտպանող մարդկանց ցասումն ու դիմադրությունը։ Մենք նաև հաստատում ենք մեր ընդդիմությունը Հայաստանում թերթաքարային գազի կամ նավթի հետախուզական աշխատանքներին, որոնք կարող են վայելել Միացյալ Նահանգների աջակցությունը։

Հիշեցնում ենք նաև, որ վճռական ենք մեր իսկ կողմից մղվող պայքարում՝ պաշտպանել Հայաստանի գետերն ու Սևանա լիճը աղետաբեր հանքարդյունաբերական ծրագրերից, այդ թվում՝ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրից»։

2

Բացի զորակցություն արտահայտելուց, ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ վերահաստատել մասնակիցների նվիրումը բնության և ջրի պահպանությանը ողջ Երկիր մոլորակի վրա և Հայաստանում (Թռչկան, Գառնի, Ջերմուկ, Սևան) և հիշեցնել աղետաբեր հանքարդյունաբերության և ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորություն վայելող Ամուլսարի խնդրի մասին։ Ակցիայի ընթացքում բաժանվեցին Ամուլսարին վերաբերող թռուցիկներ և հանքի կասեցումը պահանջող ստորագրահավաքի մասին տեղեկատվություն։

Տեսանյութ Epress.am-ից

ՀԲՃ-ի տեսանյութը

Hetq.am կայքի լուսանկարներն այստեղ են։

Հյուսիսային Դակոտայում մղվող պայքարի մասին հավելյալ տեղեկությունների համար, այցելեք ակցիայի ֆեյսբուքյան էջ։

#NoDAPL զորակցության ակցիա, Հայաստան

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Կայք՝                            armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`         facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`      youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                    armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,