News

Վերագտնե՜նք կորսված կղզին մեր Սևանի

Sevan
Ձեզ ենք ներկայացնում irates.am կայքում հրապարակված ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանի հետաքրքիր հոդված-առաջարկը, որն առնչվում է Սևանի թերակղզուն։ Կոլաժը վերցված է irates.am կայքից։

Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ, որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր մակարդակի (մոտ 15 մետր) շնորհիվ (չհաշված վերջին 80 տարիները) կարողացել է դարեր շարունակ գոյատևել, նպաստելով և ապահովելով բավականին հավասարակշռված, գրեթե անփոփոխ, կայուն և առանց ցնցումների էկոհամակարգ, իր կենսաբանական լիարժեք և նորմալ վիճակով: Մինչև 1950-ականների սկիզբը լիճն իր գրկում ուներ գեղատեսիլ, հրապուրիչ և չքնաղ մի կղզի, որի`ցամաքին բավականին մոտ հանգամանքն էլ ավելի էր ընդգծում լճի անգերազանցելի գեղեցկությունը, հմայքն ու առեղծվածային լինելը:

Նախկինում կղզու և ցամաքի միջև ընկած հսկայական մեծ ծավալի ջրային տարածքն իր գոյությամբ, միանշանակ ապահովել է լճի այդ հատվածում ջրի բնականոն, մշտական, երկկողմանի տեղաշարժը, որը լճի մակարդակի իջեցումից հետո իսպառ դադարեց գոյություն ունենալուց` կապված թերակղզու անցանկալի «հայտնությամբ», որն իր հետ բերեց այդ տարածքի (ներառյալ կղզու) էկոհամակարգի մեծ խաթարման:

Այսօր, թերևս, միայն տարեցները, որոնց բախտ է վիճակվել (այդ թվում`ինձ) ժամանակին այցելելու կղզի, կարող են իրապես գնահատել, թե ինչպիսի հիասքանչ և անաղարտ, իսկական երկրային դրախտ ենք կորցրել, «ժառանգելով» ներկայիս անբարեկարգ և անշուք թերակղզին, որն օլիգարխ-իշխանավորների կողմից վերածվել «էլիտար» շինարարական հրապարակի, սեփական բիզնես միջավայրի, տարբեր առևտրի կենտրոնների և այլնի:

Սևանա լճի ջրերի դարավոր պաշարներն օգտագործելու «վեհ» գաղափարը իրագործելու նպատակով`ի բարօրություն մեր երկրի տնտեսության զարգացման, 1937-ից սկսած և, հատկապես 1949-ից մինչև 1965-ը առավել սաստկացան, առանց այն էլ, մեծ ծավալների ջրի անհաշվենկատ, անխնա, թերևս, ոչ այնքան նպատակային բացթողումերը լճից (16 տարում`մոտ 18 մլրդ խմ ջուր կամ 14 մետր ջրի մակարդակ), ինչն ուղղակիորեն մեծ հանցագործություն էր մեր ժողովրդի հանդեպ: Գոնե այսօր պետք է մխիթարվենք, որ Խորհրդային իշխանությունները, մեր մտավորականների ընդվզումների արդյունքում, ստիպված եղան հրաժարվել մինչև վերջ իրականացնելու իրենց «հանճարեղ» գաղափարը` Սևանա լճի մակարդակն իջեցնել մի ամբողջ`50 մետրով, որի հետևանքով մոտ 6 անգամ կրճատվելու էր նրա հայելու մակերեսը: Դա, իհարկե, անկասկած կբերեր Սևանա լիճի անվերականգնելի և վերջնական կորստի:

Բարեբախտաբար, 2002-ից սկսած մինչ օրս Սևանա լճի ավազանում տեղի ունեցող շատ բարենպաստ բնակլիմայական պայմանների` անհամեմատ ավելի առատ մթնոլորտային տեղումների շնորհիվ լճի մակարդակը բարձրացավ մոտ 3,5 մետրով: Ցանկության դեպքում, իհարկե, իշխանություններն այդ նույն ժամանակահատվածում կարող էին լճի մակարդակը բարձրացնել առնվազն 5 մետրով, եթե ոչ ավելին: Ընդհակառակը, նրանք ավելի շատ հակված են ամեն կերպ խոչընդոտելու լճի մակարդակի բնականոն բարձրացումը և ոչ մի հնարավոր պատրվակ ու առիթ բաց չեն թողնում`կասեցնելու այն, հատկապես վերջին տարիներին:

Այսպես, եթե սկսած 2002-ից, առաջին 4 տարում (2002-2005թթ.) լճի մակարդակը բարձրացել է 1,74 մետրով, ապա վերջին 4 տարում (2012-2015թթ.) այն բարձրացել է ընդամենը 8 սմ-ով: Այդ ակնառու փաստը հաստատում է, որ մեր իշխանությունները վերջին 4 տարիներին շարունակ, ակնհայտորեն կասեցրել են լճի մակարդակի բնականոն բարձրացումը: Ընդորում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում գրանցված մթնոլորտային տեղումների ծավալների տարբերությունը միմյանցից, առանձնապես շատ մեծ չի եղել:

Շատ հետաքրքիր է, թե մեր օլիգարխ-իշխանավորները պետական ո՞ր «գերակա» շահից ելնելով են «զրկում», էկոլոգիապես ծանր հիվանդ Սևանա լճին`ապաքինման միակ բուժիչ «դեղորայքից»` բնության պարգևած ջրից: Եթե այս պերմանենտ կասեցումներին ավելացնենք նաև, որ 26.04.2004-ին, պաշտոնապես շահագործման հանձնված «Որոտան-Արփա» ջրատար թունելով Սպանդարյանի ջրամբարից տարեկան մոտ 100 մլն խմ լրացուցիչ ծավալի ջուր պետք է տեղափոխվեր Սևանա լիճ (որն, այդպես էլ չիրագործվեց մինչ օրս, տես «Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին»), ապա կարող ենք պնդել, որ լճի մակարդակն այսօր առնվազն`2-2,5 մետրով բարձր կլիներ` ներկայիս մակարդակից:

Անկասկած, Խորհրդային տարիներին Սևանի մակարդակի այդ աստիճանի անխնա, բարբարոսաբար (գուցե և նպատակադրված) իջեցումն աներևակայելի մեծ կործանարար ազդեցություն ունեցավ, ոչ միայն լճի, այլև նրան հարող ափամերձ տարածքների, այդ թվում Սևանա կղզու էկոհամակարգի վրա, հասցնելով նրան լրջագույն աղետալի վիճակի: Անվերադարձ կրճատվեցին կղզին շրջապատող, դարերով գոյատևած հսկայական մեծ ծավալով ջրի պաշարները, որի «արդյունքում» այդ հմայիչ կղզին վերածվեց մի անբարետես թերակղզու: Իր անցանկալի «ծննդով» ստեղծած «անջրպետ-պատնեշով», նա կղզու և ցամաքի միջև ընկած ջրավազանը բաժանեց երկու մասի` իրենց, գուցե և, տարբեր կենսաբազմազանությամբ, ջրի ջերմաստիճաններով, ինչու չէ, նաև միկրոմակարդակներով և էլի շատ, այլ հատկանիշներով հանդերձ: Բնականաբար, այդ բաժանումը բերելու էր թերակղզու երկու հարակից ջրավազանների՝ հաճախակի փոփոխվող միկրոկլիմաների տարբերությանը: Երևույթ, որն այսօր չունենալով որևէ էական նշանակություն, այդուհանդերձ, իրականում հանդիսանում է կշռելի երաշխիք, իմաստավորելու՝ կղզու վերականգնման անհրաժեշտությունը:

Այսօրվա դրությամբ Սևանա լիճը կորցրել է իր ջրի նախկին` 58,6 մլրդ խմ ծավալի 21,7 մլրդ խմ-ը (մոտ 37%-ը), որի (այդ թվում՝ կղզու) հետագայում, հնարավոր վերականգման համար կպահանջվի առնվազն 40-50` հարուստ մթնոլորտային տեղումներով տարի: Հետևապես, եթե լճի նախկին ծավալի վերականգնման համար, լավագույն դեպքում պետք է սպասել առնվազն կես դար, ապա ի՞նչն է խանգարում, որ այսօր կամ մոտ ապագայում փորձենք ինչ-որ ձևով, թեկուզ մասնակիորեն վերականգնել Սևանա կղզին, դրանով իսկ, որոշ չափով փոխհատուցել ժամանակին նրան և նրա էկոհամակարգին հասցրած մեծ և աղետալի վնասը:

Սևանա կղզին «վերականգնելու» (թերակղզին ջրանցքով ցամաքից անջատելու) գաղափարը, որը հիմնականում միտված է եղել թերակղզու և նրան հարող ջրավազանների խաթարված էկոհամակարգի որոշակի ապաքինմանը, ժամանակին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում առաջարկել է այդ նույն հանձնաժողովի անդամ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, երջանկահիշատակ Ռաֆայել Հովհաննիսյանը, ինչն այդպես էլ արձագանք չգտավ:

Անկասկած, այդ ջրանցքի կառուցումով` թերակղզու հարակից կողմերում «մեկուսացված» ջրավազանները միմյանց հետ միացնելով, իրոք զգալիորեն կապաքինվի լճի այդ հատվածի էկոհամակարգը: Միայն թե, ջրանցքը պետք է լինի բավականին լայն (իմ կարծիքով` մոտ 80-100 մետր), ինչն անհրաժեշտ է ընդլայնված «ճակատով», մեծ ծավալի ջրի անարգել, երկկողմ տեղաշարժի համար, հաշվի առնելով լճի ալեկոծման ծավալը, ալիքի մեծությունն ու հզորությունը, որոնք միաժամանակ և համահունչ աճելու են` լճի մակարդակի հետագա բարձրացմանը զուգահեռ: Իսկ վերը նշված` կղզու երկու հարակից ջրավազանի միկրոկլիմանների և միկրոմակարդակների տարբերության երևույթը, ինքնըստինքյան, ամեն ինչից զատ, մշտապես կապահովի ջրի բնականոն, երկկողմանի (երբեմն աչքին աննկատ) հոսք ջրանցքում:
Գտնում եմ նաև, որ ջրանցքը պետք է անցնի թերակղզի մտնող ճանապարհի անմիջապես սկզբնական հատվածում կառուցված կամրջի տակով, որով առավել բացահայտ և ակնհայտորեն կընդգծվի նախկինում եղած կղզու և ցամաքի արհեստական կապը: Եվ, իհարկե, էլ ավելի շատ կընդգծվի, եթե այն իրագործվի ժամանակի ոգով և ոճով`մեկ թռիչքով կախովի կառույցով: Եվս մեկ առավելություն: Լիճը կստանա մերձափնյա լայն ճակատով ձկան շարժ` կամրջի վրայից դիտարկման արժանի:

Իհարկե, նման ջրանցքի առկայության դեպքում լրիվ կփոխի կղզու «դեմքը», նրա դերն ու նշանակությունը, հատկապես, երբ կարգի բերվեն լողափերն ու լրիվ անուշադրության և ամենաթողության մատնված ափամերձ շրջակայքը: Միայն այս դեպքում «վերածնված» Սևանա կղզին իր հմայքով, գեղատեսիլ և ինքնատիպ տեսարաններով կարժանանա զբոսաշրջիկների ավելի հոծ զանգվածների ուշադրությանը, ովքեր, անշուշտ կըմբոշխնեն և կզմայլվեն նրա էկզոտիկ բնությամբ և նույնքան էլ` էկզոտիկ ջրանցքով նավարկելու բերկրանքով: Հնարավոր կլինի նավարկել բոլոր տեսակի և չափի ջրային միջոցներով՝ անգամ զբոսանավով, եթե նրա բարձրությունը ջրի մակերեսից չի անցնի 8 մետրը: Ջրանցքում, ինչպես նաև կղզու շրջակայքում, կարելի կլինի կազմակերպել ջրասպորտի տարբեր ձևերի մրցումներ և շքերթներ: Չի բացառվի նաև սիրողական ձկնորսության մրցումներ:

Կարծում եմ նաև, որ անպայման պետք է ունենանք և առանձնահատուկ ու մեծ շուքով նշենք Սևանա լճի մեծարման օրը, իրականացնելով այդ օրվանը նվիրված ամենամյա տոնակատարություններ: Նման միջոցառումների շնորհիվ և օգնությամբ Սևանա լիճը, ի դեմս մեր ակտիվ համաքաղաքացիների, ձեռք կբերի իր իսկական տիրոջն ու բարեկամին, հուսալի ու անշահախնդիր պաշտպանին:
Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ.Գ.- Առաջարկը կյանքի կոչելուց հետո, վերջապես կազատվենք թերակղզի բառից, իր «թերի» բնութագրով և այն նորից կհնչի դարերով մեզ շատ հարազատ, գեղեցիկ հնչեղությամբ մի պարզ բառով`ԿՂԶԻ:

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,