News

Հանքարդյունաբերության խորքային էթիկան․ պրոֆեսոր Հենրի Թերիո

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների նախաձեռնության (ՀՕԲՆ)[1] կլոր սեղան-քննարկման բանախոսներից մեկը Ուրսեստերի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Հենրի Թերիոն էր, ով ելույթ ունեցավ հանքարդյունաբերության խորքային էթիկայի թեմայով:

Henry T

Հայաստանում հանքարդյունաբերության ներկան ու ապագան քննարկելիս հաճախ ենք լսում, որ չպետք է էմոցիոնալ լինել, պետք է սառը դատել և որոշումներ կայացնել՝ հիմնվելով փաստերի վրա: Փաստերն, այո, շատ կարևոր են, սակայն Հենրի Թերիոն առաջարկում էր խոսել նաև բարոյական (էթիկական) հարցերի մասին[2]: Ստորև համառոտ ներկայացնում ենք բանախոսության ժամանակ առաջ քաշված հիմնական մտքերը:
***
Պատմականորեն հանքարդյունաբերությունը բխել է (ներպետական կամ միջազգային) էլիտաների շահերից: Էլիտաները համարել են, որ իրենք իրավունքներ ունեն այլոց հողի վրա ու հրաժարվել են ընդունել, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում բնական միջավայրին:

Վերջերս շրջանառության մեջ մտած «պատասխանատու հանքարդյունաբերություն» հասկացության հիմնական բաղկացուցիչները հետևյալն են`

- մասնակցային գործընթաց, որում բոլոր ազդեցություն կրող կողմերը ձայն ունեն,

- բնապահպանական ազդեցությունը՝ այդ թվում ապագա սերունդների վրա ազդեցությունը, էթիկական վերլուծության մասն է կազմում,

- տնտեսական շահերը կարևոր են, սակայն դրանք շատ ավելի բարդ ու ընդարձակ են, քան վերնախավերի ֆինանսական շահույթը,

- ճանաչվում են վտանգները աշխատողների համար և սոցիալական ազդեցությունները,

- հողի օգտագործման իրավունքը չի նշանակում ամբողջական վերահսկողություն ունենալ, որովհետև հանքարդյունաբերության ազդեցությունները դուրս են գալու տվյալ հողի սահմաններից:

Այսպես, թվում է, թե «պատասխանատու հանքարդյունաբերությունը» վերջնականապես լուծում է հանքարդյունաբերության ավանդական խնդիրները՝ այն բնապահպանական իմաստով զգայունություն է ցուցաբերում, ճանաչում է բնական միջավայրի վրա երկարաժամկետ բացասական ազդեցությունները, ճանաչում է խոցելի համայնքների տնտեսական կարիքները: Սակայն մի շարք հարցեր են ծագում՝

- Հայտնի է, որ հանքարդյունաբերությունը բնապահպանական վտանգներով լեցուն է: «Պատասխանատու հանքարդյունաբերության» կոնցեպտը ենթադրում է, որ այս վտանգները պիտի գնահատվեն, սակայն ի՞նչ աստիճանի բնապահպանական վտանգների դեպքում է հանքարդյունաբերությունն անթույլատրելի է դառնում, ո՞րն է այդ սահմանը:

- Արդյոք ֆինանսական օգուտներն իրո՞ք հատուցում են այն բնապահպանական ռիսկերը, որոնք, կարծես, անխուսափելի են ժամանակակից քիմիական հանքարդյունաբերության պայմաններում:

- Արդյոք տնտեսական օգուտներն արդա՞ր են վերաբաշխվում:

- Արդյոք աշխատողների կամ համայնքներում ապրողների առողջությանը պատճառված վնասները փոխհատուցվո՞ւմ են նրանց ստացած այլ օգուտներով, ի՞նչ երաշխիքներ են տալիս հանքարդյունահանողները:

- Արդյոք ընկերությունները պատրա՞ստ են պատասխանատվություն կրել այն երկարաժամկետ խնդիրները վերացնելու համար, որոնք կարող են առաջանալ իրենց գործունեության արդյունքում (անկախ այն բանից կանխատեսված էր այդ խնդիրների առաջացումը, թե ոչ):

Ոմանց համար հենց միայն այս հարցերի քննարկումը կարող է բավարար լինել, սակայն եկեք է՛լ ավելի խորանանք…

ՀԱՐՑ 1. Հանքարդյունաբերության մասին դրական որոշումները տվյալ տարածքի բնակչության կամքի ազատ արտահայտո՞ւմն են, թե՞ հուսահատ տնտեսական վիճակից դրդված որոշումներ են: Ի՞նչն է ծնել տվյալ բնակչության տնտեսական հուսահատությունը, և ո՞րն է էթիկապես ճիշտ մոտեցումը:

- Հայաստանում տնտեսական հուսահատության արմատները շատ հեռու են գնում՝ ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած տնտեսական բռնագրավումը, խորհրդայնացման շրջանի որոշ դրվագները… բայց սրանց հետ միասին նաև հետխորհրդային շրջանի, մեղմ ասած, «ոչ-էթիկական բիզնես գործունեությունը»:

- Հարց է ծագում՝ եթե հանքարդյունաբերությունը հսկայական վտանգներ է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա հավանաբար մարդիկ այս տնտեսական որոշումը կայացնում են հուսահատ վիճակից դրդված: Ուրեմն արդյոք սա կարելի՞ է ընտրություն համարել, թե՞ սա ընտրություն չունենալու վիճակ է: Այս պարագայում արդյո՞ք ճիշտ չէ ռեպարացիաներ (փոխհատուցում) վերցնել ապօրինի կերպով հարստացածներից և դրա հաշվին կատարել տնտեսական ռեֆորմներ, որպեսզի ազատ ընտրությունը հնարավոր դառնա:

- Չնայած ոլորտային առումով տարբեր են, սակայն էթիկական առումով հանքարդյունաբերությունը համեմատելի է երիկամների վաճառքի հետ: Երիկամը հետաքրքիր օրգան է, որովհետև դրանից մենք երկուսն ունենք, և մեկը հեռացնելու դեպքում մարդը կարողանում է ապրել: Ոմանք ասում են, որ երիկամ վաճառելը մարդու ազատ որոշումն է, եթե նա ուզում է այդ անել՝ ուրեմն խնդիր չկա: Բայց երբ խորանում ենք հարցի մեջ, տեսնում ենք, որ երիկամներ վաճառողների մեջ չկան բարձր խավի կամ նույնիսկ միջին խավի անհատներ: Անխտիր բոլոր երիկամ վաճառողներն աղքատության մեջ ապրող մարդիկ են: Բարեկեցիկ մարդիկ նույնպես երբեմն հրաժարվում են իրենց երիկամներից մեկից, սակայն նրանք դա ոչ թե վաճառում են, այլ նվիրում են հիվանդ հարազատներին: Երիկամներ վաճառող մարդիկ հիմնականում տեղյակ չեն լինում դրա առողջական հետևանքների մասին, և այդ որոշումը կայացնում են տնտեսական հուսահատության պայմաններում: Հանքարդյունաբերության դեպքում էլ նույն հարցն է ծագում՝ արդյո՞ք այն համայնքները, այն մարդիկ, ովքեր համաձայնվում են դրան, այդ անում են իրենց ազատ կամքով, թե՞ անելանելիության վիճակից դրդված:

ՀԱՐՑ 2. Արդյո՞ք ժամանակակից քիմիական մեթոդներով կատարվող հանքարդյունաբերությունն այնքան հիմնարար կերպով է փոխում հողը, որ ոտնահարում է ապագա սերունդների շահերը: Հանքարդյունաբերությունը փոխում է երկրի ոչ միայն ֆիզիկական կառուցվածքը, այլև քիմիական վիճակը: Ապագայի էակները, ապագա սերունդները կարողանալո՞ւ են այստեղ ապրել: Սա տանում է մեզ դեպի ավելի խորքային մի հարցի:

ՀԱՐՑ 3. Արդյո՞ք հողն ինքը, կամ երկիրն ինքը բարոյական կարգավիճակ ունի, այսինքն ինչպե՞ս է ընկալվում հողը: Արդյոք այն ուղղակի ապրա՞նք է, որը զուտ դրամական արժեք ունի, արդյոք հողի դերը մարդկային գոյության համար նվազեցված է զուտ նրա տնտեսական գործառույթի՞ն, թե՞ կան բաներ, որոնք այդ հողը յուրահատուկ և այդպիսով՝ անխախտելի են դարձնում: Հայերն ապրել են այս հողի վրա ոչ թե դարեր, այլ հազարամյակներ, և իրենց ապագա սերունդների կյանքն էլ պատկերացնում են ոչ թե դարերով, այլ հազարամյակներով: Եթե այստեղի ժողովրդին առաջարկեն տեղափոխվել մեկ այլ տարածք, որն ամեն առումով առողջ ու հարուստ է, դա ընդունելի՞ տարբերակ է, թե՞ կապվածություն կա կոնկրետ այս հողի հետ և մարդիկ իրենց սերունդների կյանքը ցանկանում են հենց այս հողի վրա տեսնել: Եթե մարդկանց համար հենց այս հողը կարևորություն ունի, ապա ցանկացած գործունեություն, որը վնասում է այդ հողը, վնասում է նաև տվյալ հասարակության հիմքերը: Այստեղից ծագում է հաջորդ հարցը՝

ՀԱՐՑ 4. Ո՞րն է արդյունահարված մետաղների կամ հանածոների արժեքը:

Եթե հանքանյութերի հիմնական մասն արտահանման համար է, ուրեմն Հայաստանի համար հանքարդյունաբերությունը զուտ դրամական արժեք ունի: Ավելին, մետաղներից շատերը, օրինակ ոսկին, շատ սահմանափակ գործածություն ունեն մարդու կողմից, դրանց արժեքն ավելի շատ սիմվոլիկ է: Նույնը կարելի է ասել ադամանդների մասին. ադամանդների կարիք այսօր կա միայն որոշակի կտրող գործիքներ ստեղծելու համար, ինչը լիովին հնարավոր է անել արհեստական միջոցներով: Ուրեմն ադամանդը, որի արդյունահանումն, ի դեպ, շատ ժամանակ արվում է ցեղասպանական հանգամանքներում, Կոնգոյի դեմոկրատական հանրապետության նման տեղերում, իրականում արժեք չունի: Հողը, կյանքերը և այլն վերացվում են հանուն մի բանի, որն ինքնին որևէ արժեք չունի, ոչ մի օգուտ չի ստեղծում: Ադամանդը դրամական արժեք ունի միայնումիայն այն պատճառով, որ մարդիկ ուզում են այն ունենալ և պատրաստ են դրա համար վճարել: Հանքարդյունաբերությունը խիստ տարբերվում է գյուղատնտեսության արժեքից. մենք գիտենք, որ գյուղատնտեսությունը սնունդ է ստեղծում մարդկանց համար, իսկ սնվելը մարդու հիմնարար կարիքներից է: Մարդիկ ադամանդներ կամ ոսկի չեն ուտում:

Հաջորդը՝ ո՞վ է շահում: Արդյոք կա՞ տարբերություն այն հանքարդյունաբերության միջև, որից արդյունահանված հումքն օգտագործվում է տվյալ տարածքում գործիքներ, տեխնիկա և այլ բաներ ստեղծելու համար, և այն հանքարդյունաբերության միջև, որից ստացված հանքանյութն ուղղակի արտահանվում է: Առաջին դեպքում դուք ինչ-որ բան եք ստեղծում. օրինակ, քարի հանքերի դեպքում փոխում եք լանդշաֆտը, բայց հումքից ինչ-որ բան եք կառուցում, օրինակ՝ տուն եք կառուցում: Բայց երբ արդյունահանում եք մետաղներ, որոնք արտահանվում են երկրից, դա ընդամենը կարճաժամկետ դրամական օգուտ է տալիս և վերջ, դրա արժեքը խիստ սահմանափակ է: Եթե Հայաստանը տնտեսական անելանելիության պայմաններում հումք արտահանող երկիր է դառնում, սա լավ լուծում չէ, սա գաղութացված հասարակությունների տնտեսական մոդելն է: Եթե Հայաստանում արդյունահանվում է հումք, որն, օրինակ, օգտագործվում է բջջային հեռախոսներում, ապա հնարավո՞ր է ամբողջ արտադրական պրոցեսը կազմակերպել այստեղ և հանքարդյունաբերությունը դարձնել ավելի լայն տնտեսական շղթայի մաս: Այժմ հանքարդյունաբերությունը Հայաստանում զուտ տնտեսական գործունեություն է: Արդյոք դա պե՞տք է վերանայվի այնպես, որ հանքարդյունաբերությունը դիտարկվի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման մաս: Ի՞նչ տնտեսական մոդելի մաս կլինի հանքարդյունաբերությունը և ինչպե՞ս գործադրել այդ մոդելը:

Ուրիշ ի՞նչ կարելի է անել տնտեսական անելանելիության իրավիճակում բացի ծախելուց Հայաստանի հողը (կամ դրա մի մասը), որն այլևս երբեք չի կարողանա վերականգնվել: Արդյոք հանքարդյունաբերության միջոցով հողի հարատև ոչնչացմանը նույն կերպ եք անձագանքում, ինչ, օրինակ, Թուրքիայում գտնվող մշակութային հուշարձանների ոչնչացմանը: Այս հարցը նույնպես պետք է տալ:

Հայաստանում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հարստացել են մեղմ ասած «անարդար բիզնես պրակտիկաների» միջոցով. նրանք դեռևս այստեղ են և շարունակում են որոշակի ազդեցություն ունենալ քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա: Շատ կարևոր է նկատի ունենալ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիայի վտանգը, որն առկա է բոլոր երկրներում, ոչ միայն Հայաստանում: Իրատեսակա՞ն է արդյոք, որ իսկապես գործադրվեն առողջապահական, բնապահպանական նորմերը, որ հանքերի եկամուտներն արդար վերաբաշխվեն, որ հավասար բիզնես պայմաններ գործեն և այլն: Դուք կարող եք տարիներ ծախսել լավագույն հանքարդյունաբերական կանոնները մշակելու համար, բայց եթե, ի վերջո, գործեն կոռումպացված բիզնես պրակտիկաներ, ապա մնացածն անիմաստ է լինելու՝ օրենքները չեն պահպանվելու, ընկերությունները չեն կատարելու իրենց խոստումները, առաջացած առողջական խնդիրներն անտեսվելու են, խախտումների մասին կեղծ զեկույցներ եք ստանալու և այլն:
***
Որքանո՞վ է կարևոր այն էակների կյանքը, որոնք ծնվելու են 100 տարի հետո: Արդյոք մենք պե՞տք է պաշտպանենք ապագայի մարդկանց… չնայած նրանք դեռ չեն ծնվել, բայց արդյոք նրանց շահերը նույնքան կարևո՞ր են, թե ոչ: Սրանք փաստեր չեն, սրանք բարոյական որոշումներ են: Արդյոք պե՞տք է հիմնովին փոխենք Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, թե չէ. սա բարոյական հարց է: Փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այն փոխելու է, իսկ բարոյական հարցն այն է՝ արդյոք սա ընդունելի՞ է, թե ոչ: Այս հարցերը նույնքան կարևոր են, որքան փաստերը: Դրանց շուրջ անցկացված խորքային քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հանգել այնպիսի համաձայնությունների, որոնք կպարունակեն այն հիմնական արժեքները, որոնցով առաջնորդվելու ենք հանքարդյունաբերության խնդրի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

[1] ՀՕԲՆ շահառուները դարձյալ քննարկում են պատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում

[1] http://mlri-crm.aua.am/news/civil-society-deepens-discussions-on-responsible-mining-at-2nd-mlri-round-table/

[2] The Deep Ethics of Mining – Henry C. Theriault, Ph.D. Worcester State University, 12 December 2018

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

 

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,