News

Աղբի վերամշակումն այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր պայման առողջ միջավայրի համար

21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով

Լուսանկարները՝ Բնամարդ-ից և armeniasputnik-ից

Հայկական բնապահպանական ճակատը Հայաստանում նոր աղբավայրի կառուցման մասին հոդվածը հրապարակելուց հետո բաց նամակով դիմել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքին՝ կոչ անելով Հայաստանում աղբավայր կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու դեպքում անպայման ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը:

Այս պահի դրությամբ մեր նամակին պատասխանել է Եվրոպական ներդրումային բանկը՝ տեղեկացնելով հետևյալը.

«Երևանի կոշտ թափոնների ծրագիրը վերաբերում է նոր սանիտարական աղբավայրի կառուցմանը, գոյություն ունեցող ոչ սանիտարական աղբավայրի փակմանը և աղբի չեզոքացմանն ուղղված քայլերի իրականացմանը Հայաստանի մայրաքաղաքում և հարակից շրջաններում՝ այդպիսով ծառայելով 1.9 միլլիոն բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի 8 միլիոն եվրո վարկով և 1.9 միլիոն տեխնիկական աջակցության դրամաշնորհով, ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի 8 միլիոն եվրո դրամաշնորհով, Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) 2միլիոն եվրո դրամաշնորհով և Քաղաքապետարանների աջակացման ծրագրի 0.5 միլիոն դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է 14.6 միլիոն եվրո տրամադրել՝ կախված գնումների առաջին ծրագրի ժամանակ առաջացած ֆինանսական կարիքներից, իսկ առաջին տրանշը 8 միլիոն եվրո վարկի տեսքով արդեն ստորագրվել է 2015թ.-ին՝ աջակցելու համար ծրագրի առաջին մասին:

Որպես Եվրոպական ներդրումային բանկի հիմնական սկզբունք՝ բանկը ձգտում է, որ իր բոլոր ֆինանսավորած ծրագրերը համապատասխանեն իր ֆինանսական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գնումների և այլ չափանիշներին ու համապատասխան ԵՄ և ազգային օրենքներին: Այս առումով Երևանի կոշտ թափոնների ծրագիրը խիստ և լիարժեք գնահատական է անցել՝ բոլոր չափանիշներին համապատասխանությունը պահպանելու նպատակով: […]

Ձեր բնապահպանական մտահոգություններին ի պատասխան նշենք, որ ծրագիրն ունի աղբի չեզոքացման բաղղադրիչ, որը կարող է ներառել առանձին հավաքման սարքավորում, վերամշակման կենտրոններ, իրերի վերականգման կայան և կոմպոստավորման կայան: Այս բաղադրիչի ներառումը դեռևս քննարկվում է Երևանի քաղաքապետարանի հետ: […] Բացի այդ, այս ծրագրով նախատեսված է աղբավայրից առաջացած գազերի հավաքման կայանների համակարգ ինչպես հին, այնպես էլ նոր աղբավայրի համար, որոնցով նախատեսվում է էներգիայի վերականգնում»:

Վերջերս (նոյ. 22, 2017) նաև պատասխան ստացանք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, ուր նշված է. «2011թ.-ին Հայաստանի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը դիմել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ Երևանում նոր աղբավայրի կառուցման ֆինանսավորման խնդրանքով […]: […] աղբի վերամշակման կայանները դիտարկվել է որպես հնարավոր տարբերակ, սակայն այդ ժամանակ իրագործելի չի համարվել: Արդյունքում, 2015թ.-ին հաստատված այս ծրագիրը սահմանափակված է եղել ԵՄ չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցմամբ: Սակայն հետագայում աղբահեռացման քայլերը (դրանց թվում՝ աղբահավաք բեռնարկղեր և փոխադրամիջոցներ բիո և վերամշակման ենթակա աղբի առանձնացման համար, վերամշակման կայան(ներ), իրերի վերականգման և կոմպոստավորման կայաններ) ներառվեցին Ծրագրում Եվրոպական ներդրման բանկի տրամադրած վարկի շնորհիվ: Ներկայումս այս բաղադրիչի շրջանակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի հետ»: ՎԶԵԲ-ն ավելացրեց, որ «աղբավայրից առաջացած գազերը ևս կհավաքվեն ինչպես հին, այնպես էլ նոր աղբավայրերից, և եթե իրագործելի լինի, վերականգվող էներգիայի տարբերակը ևս հաշվի կառնվի»:

Այս նամակներից թերևս պարզ է դառնում, որ մեր մտահոգությունները, որոնք արտահայտել էինք մեր հետազոտությունում, տեղին են և որ վարկերով ու դրամաշնորհներով կառուցվող այս աղբավայրում աղբի կառավարման կարևորագույն գործոնը՝ աղբի վերամշակումը կարող է բացակայել, քանի որ քաղաքապետարանի հետ այս բաղադրիչը դեռևս քննարկման փուլում է: Աղբավայրի գազերից էներգիա ստանալու հարցը ևս հստակ չէ: Հետևաբար այս կետերը չներառելու դեպքում ոչ միայն աղբի խնդիրը կմնա չլուծված, այլև կարիք կլինի հետագայում լրացուցիչ վարկեր և դրամաշնորհներ ստանալ՝ աղբը վերամշակելու և էներգիա ստանալու կայաններ կառուցելու համար: Իսկ դա չափազանց մեծ բեռ է Հայաստանի արդեն իսկ մեծ վարկային պատմության վրա:

Հայկական բնապահպանական ճակատը, սակայն, կոչ է անում թե՛ քաղաքապետարանին, թե՛ ծրագիրը ֆինանսավորողներին աղբի վերամշակման բաղադրիչը պարտադիր ներառել այս ծրագրում, ի վերջո իրականացնել աղբի վերամշակում Հայաստանում: Հայաստանն առավել կանաչ և կայուն ճանապարհով տանելու նպատակով մենք նաև կոչ ենք անում ներառել աղբավայրի գազերից էներգիա ստանալու բաղադրիչն այս ծրագրում:

Նշենք, որ այս հարցով նոյեմբերի 8-ին նամակ ենք հղել նաև ՀՀ վարչապետին, նամակի բովանդակությունը ստորև՝

«Հարգելի վարչապետ Կ. Կարապետյան,

Սույն նամակով խնդրում ենք պարզաբանել, թե երբ Հայաստանում կիրականացվի աղբի վերամշակում:

Մեր խումբը մի հետազոտություն է պատրաստել այն մասին, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսվում իրականացնել  Հայաստանում և մասնավորապես Երևանում աղբի կառավարման հետ կապված: Հետազոտությունը կարող եք գտնել այստեղ՝ http://www.armecofront.net/lrahos/21-century-and-landfills-built-with-loans/

Պարզեցինք, որ թեև նոր աղբավայրեր կառուցելու ծրագրեր կան ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս, սակայն դրանք չեն ներառում որևէ կանաչ և կայուն հեռանկար, քանի որ ա. չկա վերամշակման տարրը, բ. չկա աղբի այրումից էներգիա ստանալու տարրը:

Մինչդեռ այս աղբավայրերը կառուցվում են սահմանափակ ժամկետի համար և վարկերով, այսինքն մի քանի տարուց ոչ միայն նոր աղբավայրերի խնդրի առջև ենք կանգնելու, այլև վարկերի բեռը էլ ավելի է ծանրանալու Հայաստանի համար:

Ուստի խնդրում ենք պարզաբանել, թե ա. ինչու՞ մինչ այժմ ՀՀ-ում գործող աղբավայրերում չի իրականացվում վերամշակում և բ. երբ, ի վերջո, կլինի վերամշակում աղբավայրերում: Ի վերջո աղբի վերամշակումից տնտեսական օգուտները շատ ավելին են, քան ուղղակի և անմիջական եկամուտների ապահովումը: Առողջապահության, հողերի և ջրերի աղտոտման կանխարգելման և այլ երկարատև առավելությունները շատ ավելի առաջնային են»:

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. հասցե: armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,