News

Երևանի հանրային այգիները հանրության ուշադրության կարիքն ունեն

Ստորև հանրային այգիներից մեկի մասին.

Դեռ 2010 թվականից Մաշտոցի պուրակ անունով հայտնի պուրակի այն հատվածը, որը գտնվում է Սարյան փողոցի փոստի դիմաց, եղել է հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ դեռ այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ «Տաշիր» գրուպը ցանկանում է առևտրի կենտրոն կառուցել այս հատվածում, ինչպես նաև ավտոկայանատեղի ստորգետնյա մասում: Հանրությունը, այդ թվում նաև հարակից շենքերի բնակիչները, թույլ չտվեցին նման վանդալիզմ: Ավելին, ոչ միայն կազմակերպվեց ստորագրահավաք, այլև քաղաքացիներն իրենք իրենց ուժերով որոշեցին վերակենդանացնել այգին՝ մաքրելով այն, կազմակերպելով ծառատունկ, ջրելով ծառերը: Առ այսօր էլ առկա են մոտ 160 ստորագրություններ, որոնք հավաքվել են այդ ժամանակահատվածում, որոնցով քաղաքացիները դեմ արտահայտվեցին հանրային տարածքի զավթմանը որևէ մասնավոր շահի կողմից, այն էլ քաղաքի կանաչ տարածքների հաշվին:

2015թ-ին արդեն քաղաքապետարանը հայտարարեց, որ մասնավոր հատվածի և քաղաքապետարանի համագործակցության արդյունքում «դեռևս 1970-ական թվականներին կառուցված այգին բոլորովին նոր տեսքով ու նոր հարմարություններով բնակիչների տնօրինմանը կհանձնվի մինչև այս տարեվերջ»: Ծրագրվում էր այգին ապահովել ոռոգման նոր համակարգով, արտաքին լուսավորության ցանցով, նոր նստարաններով, աղբամաններով, միջոցառումներ կազմակերպելու համար նոր ամֆիթատրոնով, վերականգնված շատրվաններով, ավելացված կանաչ տարածքներով:

Հետագայում աշխատանքի ժամկետները բաժանվեցին փուլերի՝ առաջին փուլի աշխատանքների ավարտը տեղափոխվեց 2016թ-ի վերջ, իսկ ողջ աշխատանքների ավարտը, համաձայն ցանկապատի վրա կախված ցուցանակի, 2017թ.-ի ապրիլի վերջ:

Mashtots project

Արդեն հայտնի է, որ աշխատանքների պատվիրատուն նույն «Տաշիր» գրուպն է, իսկ այգում աշխատանքներ իրականացնող ընկերությունը՝ «Դակշինը» հիմնադրվել է 2015թ.-ի մայիսի 5-ին, այսինքն՝ շինաշխատանքների մեկնարկից 12 օր առաջ։ Այսօր էլ այգում դեռ շարունակվում են աշխատանքները, որոնք համաձայն ընկերության, կավարտվեն 2018թ.-ի հուլիսի 25-ին:

Սակայն բացի ժամկետների խախտման խնդրից, ծրագիրը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխության և հանրությունը չի ունեցել մասնակցություն հանրային այգու տեսքի մասին որոշում կայացնելու գործընթացում: Արդյունքում այգում արդեն երկու սրճարան է կառուցվում: Այգու նախնական նախագծով, որը փակցված է եղել ցանկապատին և հետագայում անհայտ պատճառներով հանվել է, չի նախատեսվել որևէ այլ բան բացի կանաչապատումից և շատրվաններից: Նկարը ստորև՝

municipality_mashtots 2

Եթե այս նախագիծը լիարժեք չէ, այսինքն նկարում չեն երևում, օրինակ, նախատեսվող սրճարանները, ապա հանրությանը ապատեղեկատվություն է տրամադրվել վերջինիս ապակողմնորոշելու նպատակով: Իսկ եթե սա լիարժեք պատկերն է, ապա այսօր այգում իրականացվող սրճարանների կառուցումն ապօրինի է:

Հանրային ճնշումների արդյունքում 2018թ-ի մայիսի 22-ին հայնտվեց արդեն մեկ այլ ցուցանակ: Այստեղ թերևս նկատելի է միայն մեկ սրճարան: Սակայն փաստացի այժմ այգում կառուցվում է երկրորդ սննդի կետը՝ ինչպես մեկնաբանեց կառուցապատողը: Ընդ որում այն կառուցվում է նախկին ամֆիթատրոնի վայրում, իսկ ամֆիթատրոն կառուցել այլևս չի ծրագրվում՝ չնայած որ այդպես էր հայտարարվել քաղաքապետարանի էջում: Հիշեցնենք, որ հանրությունն ամենևին մասնակցություն չի ունեցել որոշումների կայացման ընթացքում, թեև այգին հանրային է, և հետևաբար հանրությունն ունի իրավունք մասնակցելու որոշումների կայացման գործում:

mashtots_3

Իսկ վերջերս էլ մի քաղաքացի տեսանկարահանել էր այգու ծառերի շուրջ կատարվող շինարարության արդյունքում վնասված, բետոնապատված ծառերի մտահոգիչ վիճակը:

mashtots_4

Ստորև նաև նկարներ ծրագրի սկզբում՝ դեռևս 2015թ.-ին հատված ծառերի տեսարաններով.

IMG_1912

IMG_1914

Հետևաբար անհրաժեշտ է արձանագրել, որ

ա. քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում հանրության կարծիքն ամենևին հաշվի չի առնվել,

բ. հանրային այգում կառուցվում են մասնավոր օբյեկտներ՝ մեկ սրճարան և մեկ սննդի կետ, այսինքն հանրայինը ծառայում է մասնավոր շահին,

գ. հանրային այգում իրականացվող աշխատանքները ժամկետների մեջ չեն տեղավորվել,

դ. խախտվել է նախագիծը, որի համաձայն նախկինում առկա ամֆիթատրոնը պետք է բարեկարգվեր, սակայն, փաստորեն, մասնավոր ընկերությունն ինքնուրույն որոշում է կայացրել ամֆիթատրոնի փոխարեն կառուցել սնդդի կետ:

Այս խախտումներն առնվազն արժանի են քաղաքապետարանի և քաղաքաշինության պետական կոմիտեի ուշադրությանը՝ հանրային այգու և կանաչապատ տարածքի գործառույթը խեղաթյուրելու, այնտեղ շահույթ հետապնդող գործունեություն ծավալելու արդյունքում:

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,