News

Կառուցվում է հերթական ապօրինի ՀԷԿ-ը. մարզպետի հանդիպումը Կարբիի բնակիչների հետ

Օրեր առաջ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Կարբի և Օհանավան գյուղերի բնակիչները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ իրենց համայնքում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության:
Մարտի 1-ին Կարբի գյուղի կենտրոնում հավաքվել էին մոտ հարյուր գյուղացիներ՝ հանդիպելու մարզպետի, գյուղապետի և շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ:
Գյուղացիները միաձայն դեմ էին արտահայտվում իրականացվող շինարարությանը: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ը Ապարանի ջրամբարից այնքան ջուր է վերցնելու, որ իրենց խնձորի այգիները ոռոգելու համար ջուր չի մնալու։ Ըստ նրանց՝ ոռոգման ջուրը այսօր էլ երբեմն չի բավականացնում իրենց խնձորի այգիները ջրելու համար: Եթե եղածն էլ պակասի, ապա կցամաքի իրենց ապրուստի միակ միջոցը:
Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում այդպես էլ պատասխան չտրվեց, թե կա՞ արդյոք նախագիծ՝ համաձայն որի պետք է իրականացվի տվյալ շինարարությունը: Գյուղացիներն իրենք էլ չգիտեին, թե վերջապես ի՞նչ է կառուցվում՝ հիդրոէլեկտրոկայա՞ն, ջրագի՞ծ, ջրամբա՞ր, ձկնաբուծարա՞ն, թե՞ մի ուրիշ բան… Մարզպետն ու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչը մեկ պնդում էին, որ կառուցվողը ՀԷԿ չէ, մեկ էլ՝ երաշխավորում էին, որ ՀԷԿ-ի կառուցումով գյուղացիների ոռոգման ջուրը չի պակասի:

Share Button

Մեկնաբանություն

comments