News

Բաց նամակ Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահին

Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահ,
Աստանայի մեդիա ֆորումի հիմնադիր,
Օֆշորային Լիդիան Ինթերնեշնըլ հանքային ընկերության նախկին ոչ գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանին

Երևան, 2018թ․ փետրվարի 9

Պարոն Սարգսյան,

2018թ․ հունվարի 30-ին Արամ Աբրահամյանին տված ձեր հարցազրույցում նշել եք, որ Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ եք եղել 2013թ․ մի քանի ամիս և ունենալով հստակ պատճառներ՝ դուրս եք եկել տնօրենների խորհրդից։ Նաև նշել եք, որ հեռանալու ձեր շարժառիթների մասին տեղեկացրել եք ընկերությանը։

Խնդրում ենք հրապարակել հետևյալ տեղեկատվությունը․

  1. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:
  2. Ո՞վ/քեր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել ձեր թեկնածությունը:
  3. Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից:

Վերջին հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։

Այս նամակով նաև ցանկանում ենք առաջարկել, որպեսզի դուք այցելեք մեր քաղաքացիական խմբի գրասենյակ, և մենք ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք Ձեզ Ամուլսարի հանքի հետ կապված անդառնալի և անթույլատրելի վտանգները՝ հիմնվելով փորձագետների գնահատականների վրա։ Մեր առաջարկն անկեղծ է։ Կուզեինք պարզապես խնդրել, որ այցելելիս գաք առանց Ձեր բիզնես գործերի կառավարիչ Գագիկ Արզումանյանի, քանի որ նա չափազանց վարկաբեկված անձնավորություն է՝ հատկապես հանքային ընկերություններ ղեկավարելու գործում։ Նրա կողմից տարիներ շարունակ ղեկավարած Վալլեքս գրուպը երկար տարիներ Թեղուտի հանքի ռիսկերը հերքելուց ու կոծկելուց հետո՝ այժմ ֆինանսական խնդիրների և աղետալի էկոլոգիական վիճակի պատճառով դադարեցրել է հանքի շահագործումը։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ`   armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,