News

Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»

Դեռևս 2016թ․ դեկտեմբերին Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են հարցադրումով բաց նամակ էր հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին՝ խնդրելով բացատրել հակասություններն իրենց շահույթ հետապնդող և բարեգործական համարվող գործունեությունների միջև։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մի կողմից հանքարդյունաբերությունը IDEA հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկը հռչակելու, Ջերմուկի հարևանությամբ ահռելի չափսերով տարածք բացահանքի վերածելու, Հայաստանի կարևորագույն ջրային պաշարները վտանգող ծրագիրը ֆինասնավորելու, իսկ մյուս կողմից Հայաստանը տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների, մարդասիրական մրցանակաբաշխությունների միջոցով զարգացնելու հակասություններին։

Դեկտեմբերից մինչ օրս բազմաթիվ լրատվամիջոցներով հրապարակված բաց նամակին և առանձին անհատական նամակներին ոչ մի արձագանք չի եղել, ինչպես որևէ արձագանք չէր ներկայացրել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որին նույնպես բաց նամակ էինք հղել։ Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի, ՀԲԸՄ, բանկերի ու Ամուլսարը բացահանքի վերածելու հավակնություն ներկայացրած օֆշորային Lydian International ընկերության և այլ շահագրգիռ անձանց միջև կապերի մասին հանգամանալից անդրադարձել ենք 2017թ․ փետրվարին հրապարակված այս հոդվածում։

mmm

Ամուլսարը հանքի վերածելու նախագիծն ըստ էության մարդասիրական աղետ է՝ հաշվի առնելով դրա չափազանց վտանգավոր սոցիալ-էկոլոգիական ազդեցությունը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի քաղցրահամ ջրային պաշարների՝ Սևանա լճի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի, ինչպես նաև Ջերմուկի առողջարանային քաղաքի և նրա հանքային ջրերի վրա։

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության նախօրեին՝ լրատվամիջոցներին կոչ ենք անում վերահրապարակել մեր բաց նամակն ուղղված մրցանակաբաշխության համահիմնադիրներին և վերլուծական ու քննադատական մոտեցում ցուցաբերել գովազդային փաթեթավորմամբ ներկայացվող նախաձեռնություններին, որոնց հիմնադիրները նախանձախնդիր չեն թափանցիկ ու պատասխանատու գործել այլ՝ հույժ կարևոր հանրային նշանակություն ունեցող հարցերում։

Հարգանքով՝

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ` armecofront@gmail.com

«Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,