News

Շղթայված Գեղարոտ գետն ու ՓՀԷԿ-ի տնօրենի հեքիաթները․ տեսանյութ

Սեպտեմբերի 12-ին մենք տեսանյութ էինք հրապարակել, որտեղ ակնհայտ երևում էր, թե ինչպես է փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյունքում ամբողջովին ջրազրկվել Գեղարոտ գետը։ Դրա հաջորդ օրը «Հետք» լրատվական կայքը հրապարակեց «Ովքե՞ր են չորացնում Գեղարոտ գետը» հոդվածը, որտեղ «Արագած-1» ՓՀԷԿ-ի տնօրեն Գառնիկ Բեյբությանը նշում է, որ հնարավոր է նման պահ լինի վթարային իրավիճակի պատճառով: «Դա պարբերական բնույթ չի կրում, քանզի մենք ունենք սանիտարական թողք, մեր ձկնուղին գործում է, ամեն ինչ ըստ օրենքի»,- ասել է նա։

Սակայն նույն օրն արած մեր այս տեսագրությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ տնօրենի խոսքերն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։

Իրականում ոչ մի վթար էլ չկա։ ՓՀԷԿ-ը բնականոն աշխատում է՝ գետի ողջ ջուրը վերցնելով խողովակի մեջ, պատվարից ներքև գետը լրիվ ցամաքած է, սանիտարական թողքի ճանապարհն ամբողջովին փակ է, որի մետաղյա փականը բացելու պտտանիվը շղթայով կողպված է, իսկ ձկնուղի ընդհանրապես չկա։ Այսինքն խախտված են բոլոր հնարավոր օրենքներն ու նորմատիվները։

Նորից ենք ուզում կրկնել, որ Հայաստանի գետային էկոհամակարգերի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը ՓՀԷԿ-եր շահագործող գրեթե բոլոր ընկերությունների կողմից համատարած բնույթ ունի, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է իրականացնել շատ ավելի լուրջ հակազդող միջոցառումներ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ – armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,