News

Խորքային էկոլոգիա․ Սատիշ Կումար

Աշխարհում շատ մարդիկ կարող են չհամաձայնվել հնդիկ հայտնի մտածող և էկոլոգ Սատիշ Կումարի այս խոսքերին, բայց դրանք լսել ու փորձել հասկանալ ամեն դեպքում պետք է։

«Արևմտյան գիտության ու փիլիսոփայության մեջ և նույնիսկ արևմտյան կրոններում մենք միշտ մարդ արարածին դիտել ենք որպես աշխարհի տեր: Մենք կարծում ենք, թե մեր բնաշխարհը, մեր անտառներն ու գետերը, մեր հողն ու կենդանիները մեզ համար են: Կարծում ենք, թե այս ամենը մերն է, և մենք կարող ենք օգտագործել դա ի նպաստ մեզ: Նույնիսկ բնապահպանները` ունենան նրանք ողջամիտ, գիտական թե մարդակենտրոն մոտեցումներ, կարծում են, որ մենք պետք է պահպանենք այս երկրագունդը և բնական միջավայրը, պետք է հոգ տանենք անտառների, գետերի և կենդանիների մասին, բայց պատճա´ռը, որ մենք պետք է պահպանենք, պաշտպանենք նրանց և հոգ տանենք նրանց մասին այն է, որ կարողանանք օգտագործել այդ ամենը մարդու կարիքների համար: Այսպիսով, անտառները, ինչպես շատերն են կարծում, ստեղծված են մարդկանց համար: Սա մակերեսային էկոլոգիան է:

Խորքային էկոլոգիան գնում է ավելի հեռուն` ասելով, որ երկրագունդը չի ստեղծվել միայն մեզ համար: Երկրագնդի վրա կան 8,4 միլիոն կենդանիներ ու բույսեր, որոնք իրենցից ներկայացնում են ինքնուրույն արժեք և նույնքան իրավունք ունեն ապրելու` առանց վտանգի ենթարկվելու, առանց թունավորվելու ու աղտոտվելու, որքան և մարդիկ: Ուրեմն, ընդունել բնության լինելու իրավունքը և ճանաչել բնության ինքնուրույն արժեքը` ահա խորքային էկոլոգիայի հիմնական գաղափարը:

Կա, օրինակ, ծառ: Ծառը ինքնին արդեն արժեք է: Ծառը լավն է ոչ այն պատճառով, որ այն օգտակար է մարդկանց համար: Ծառը լավն է ոչ այն պատճառով, որ մեզ տալիս է թթվածին, վառելափայտ, տուն կառուցելու փայտ կամ ծաղիկներ ու մրգեր: Ծառն ինքնին արժեք է: Գետն իրավունք ունի հոսելու` առանց թունավորվելու, առանց աղտոտվելու և վնասվելու: Երբ մենք ինչ-որ բան վերցնում ենք բնությունից մեր գոյատևման համար, դա լավ է: Բայց մենք պետք է վերցնենք այդ ամենը ոչ թե վերցնելու իրավունքով` ասելով, որ բնությունն օգտագործելը մեր իրավունքն է, այլ վերցնենք երախտագիտությամբ` որպես նվեր, որը մեզ տրվել է բնությունից: Իսկ որպես փոխհատուցում` չաղտոտենք միջավայրը, հարգանքով մոտենանք բնությանը, խնամենք և հոգ տանենք նրա մասին»:

182361_10151906008202481_1625102238_n

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,