News

Պարզաբանում ՀՀ կառավարությանը Ամուլսարի առնչությամբ հղված հարցերի կապակցությամբ

2017 թ․-ի դեկտեմբերի 11-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչությունից ուղարկվել է նամակ հետևյալ բովանդակությամբ․ «Հարգելի պարոն Գալստյան, 2017 թվականի հունվարի 12-ին ժամը 11:00-ին հրավիրում եմ ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն (Չարենցի 46)՝ Ամուլսարի ոսկու հանքավայի վերաբերյալ ՀՀ վարչապետին 06.12.2016թ. ուղղված գրությամբ բարձրացված հարցադրումները համատեղ քննարկելու համար: Վիգեն Ավետիսյան»։

Այս հրավերը 06.12.2016թ. Ամերիաբանկի դեմ հանրային ցույցից հետո լրագրողների ներկայությամբ ՀՀ վարչապետին ուղղված մեր պաշտոնական նամակի հետ է կապված, որտեղ հարցադրումներ են Ամուլսարի ոսկու ծրագրի մասին (տես այստեղ)։ Այդ հարցերի պատասխանները համաձայն ՀՀ օրենսդրության մենք վաղուց պետք է ստացած լինեինք, սակայն դրա փոխարեն ստանում ենք այս նամակը՝ բնապահպանության նախարարության վերոնշյալ վարչությունում քննարկման մասնակցելու հրավերով։

Կարևոր ենք համարում հանրայնացնել ՀՀ կառավարության և մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության գործելաոճը, որը գնահատում ենք որպես ոչ թափանցիկ ու ոչ հաշվետու՝ մասնավորապես Հայաստանի քաղաքացիներին, քանի որ հանրային հնչեղություն ունեցող հարցի կապակցությամբ Կառավարությունը (ի դեմս բնապահպանության նախարարության) նախըտրում է կուլիսային քննարկումներ կազմակերպել՝ միգուցե նպատակ ունենալով ժամանակ ձգձգել և խուսափել Հայաստանի փաստացի գոյությանն ու ապագային սպառնացող շատ կոնկրետ հարցերից։

Առաջնորդվելով հանրային շահի գիտակցությամբ՝ մեր հարկերով սնվող Կառավարությանն առաջարկում ենք՝

  1. Բնապահպանությանն առնչվող հարցերը քննարկել բաց, հրապարակային, լրագրողների մասնակցությամբ հարթակներում, ներառյալ՝ օնլայն և առկա հանրային ասուլիսների, գրավոր հրապարակային պատասխանների (զետեղված Կառավարության կայքէջում), հանրային ժողովների ու գիտաժողովների միջոցով։

  2. Հիշելով Թեղուտի ու վերջերս նաև Ամուլսարի հետ կապված դատական համակարգի անհասանելիությունը՝ պատրաստ լինել բնապահպանությանը վերաբերող խնդիրները դնել նաև արդար դատի համակարգի առջև։

  3. Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությանը ընդունել որպես բնության ու հանրության շահ ներկայացնող խումբ, որը բարձրացնում է իր անդամների շահերից դուրս գտնվող խնդիրներ, ուստի իր հետ առնչությունը դարձնել հնարավորինս բաց և հասանելի լայն հանրությանը։

Հաշվի առնելով վերը նշված սկզբունքները՝ աննպատակահարմար ու մեր սկզբունքներին հակառակ ենք համարում ՀԲՃ որևէ անդամի մասնակցությունը բնապահպանության նախարարության հրավիրած քննարկմանը (մանավանդ, որ մեր բարձրացրած հարցերը առնչվում են ոչ միայն այս նախարարությանը) և ակնկալում ենք մեր կողմից ՀՀ վարչապետին ուղղված հարցերի հստակ և հիմնավորված գրավոր պատասխաններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այդ պատասխանների հրապարակային քննարկում։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ`                    armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,