News

Հանքային տուրի՞զմ. բաց նամակ

Հարգելի «Իմ Հայաստան» ծրագիր և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ),

մենք կարևորում ենք Հայաստանում իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացման համար այլընտրանքային ճանապարհներ կերտելուն, ինչպես օրինակ էկո-զբոսաշրջությունը, նորարարությունները գյուղատնտեսության ոլորտում և այլն: Հետևելով նման ծրագրերի իրականացմանը` մենք կարդացինք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի հովանավորած և Սմիթսոնյան կենտրոնի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի, ինչպես նաև ՀԲԸՄ Վիրտուալ համալսարանի գալիք նախագիծը ուղղված է Վայոց ձորում զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված էլեկտրոնային գրքի համատեղ հրատարակմանը: Ինչպես տեղեկանում ենք ծրագրի սկիզբը նախանշող ՀԲԸՄ-ի մամլո հաղորդագրությունից՝ երկու կողմն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ մասնավորապես խթանելով զբոսաշրջությունը և մշակութային ժառանգության պահպանումը:

«Զբոսաշրջությունը Հայաստանի առաջնային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին, ՀԲԸՄ-ն ակտիվորեն մասնակցում է այսպիսի նորարարական ծրագրերի զարգացման և առաջխաղացման աշխատանքներին՝ իր ներդրումն ունենալով պետության ջանքերին, որոնք ուղղված են տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների տեր մարդկանց համար Հայաստանը որպես զբոսաշրջային յուրօրինակ երկիր դարձնելուն»,- ասել է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:

«ԱՄՆ ՄԶԳ-ի և Սմիթսոնյան Ինստիտուտի համատեղ ջանքերով կյանքի կոչված «Իմ Հայաստան» ծրագիրը նպատակ ունի ցուցադրել, թե որքան արդյունավետ կապ կարելի է ստեղծել մշակույթի և տնտեսության զարգացման միջև: «Իմ Հայաստան» ծրագրի և մեր առանցքային գործընկերների՝ հանձինս ՀԲԸՄ-ի փորձառության և ջանքերի շնորհիվ, պահպանելով մշակութային հարուստ և բազմաբնույթ ժառանգությունը, զարգացնելով զբոսաշրջային հնարավորությունները, մենք կնպաստենք Հայաստանի գյուղական բնակավայրերի կայուն տնտեսական աճին և կօգնենք բարելավել ու բարձր մակարդակով ներկայացնել հայկական մշակութային արժեքները»,-ասել է «Իմ Հայաստան» ծրագիր ղեկավար Օլիվիե Մեսմերը:

Մենք՝ որպես Հայաստանում բնապահպանական նախաձեռնություն, ի սրտե ողջունում և գնահատում ենք ձեր բոլոր ջանքերը Հայաստանի ներկա և ապագա բարեկեցության համար կայուն ուղիների կերտման ոլորտում: Մենք ևս կարևորում ենք Հայաստանի կանաչ զարգացումը: Մենք մշտապես ձգտում ենք պաշտպանել բնությունը, միջավայրը, ինչպես նաև մեր աջակցությունն ենք ցուցաբերում այնպիսի ծրագրերում, որոնք քաջալերում են մաքուր գյուղատնտեսությունը: Օրինակ, «Դեպի էկո համայնք» ծրագիրը նման փորձ էր, որով Լիճքի մի քանի ընտանիքներին տրամադրվեց մեղվափեթակներ և այլ պարագաներ՝ մեղվապահությամբ զբաղվելու համար, ինչը նաև տեղացիների համար եկամուտի աղբյուր ստեղծելուն ուղղված քայլ էր:

Միևնույն ժամանակ մենք չենք կարող անտեսել Հայաստանում իրականացվող այն ծրագրերը, որոնք, ցավոք, խոչընդոտում են Հայաստանի կանաչ և առողջ ներկան ու ապագան: Նման խոչընդոտ է Վայոց ձորում Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը սպառնալիք է ոչ միայն Վայոց ձորի, այլև ողջ Հայաստանի համար, քանզի այդ ծրագրով վտանգվում են Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները: Ուստի մեզ համար զարմանալի է, որ դուք չեք խոսում այն մասին, որ ձեր ծրագրերն ուղղված մշակութային ժառանգության պահպանմանը և զբոսաշրջության զարգացմանը պարզապես համատեղելի չեն հանքարդյունաբերության հետ:

Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ անտեսել այն փաստը, որ հանքարդյունաբերությունը մեր կայուն զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է: Հանքարդյունաբերությունն արդեն իսկ ստեղծել է դժվարություններ, օրինակ, օրգանական գյուղատնտեսության համար այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հայաստանի հարավային մարզի՝ Սյունիքի մի շարք համայնքները: Նմանապես, երկրի հյուսիսում Ալավերդու պղնձաձուլարանը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքն (որն, ի դեպ, երկու տարի է, ինչ գործում է) արդեն իսկ այնպես են թունավորել այդ տարածքները, որ տեղացիները շատ մեծ դժվարությամբ են վաճառում իրենց մրգերն ու մեղրը, իսկ իրենց հողերն ու տները բավականին արժեզրկվել են: Հույս ունենք, որ դուք տեղյակ եք նման կամ ավելի վատ այն հետևանքների մասին, որոնք սպառնում են Վայոց ձորին, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը (այս թեմայի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ): Այդ ծրագիրը սպառնալիք է մոտակա գյուղերի, առողջարանային զբոսաշրջության կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև ողջ Վայոց ձորի համար: Ավելին, այն սպառնալիք է մեր ջրային պաշարների համար, քանի որ մի քանի գետեր, որոնք սնում են Սևանա լիճը, ձևավորվում են Ամուլսարի շրջակայքում:

Ուստի մենք ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և հարցնել ձեզ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Վայոց ձորում զբոսաշրջությունը և կայուն զարգացումը, երբ հանքարդյունաբերական խոշոր ծրագիր են պատրաստվում իրականացնել այնտեղ: Դուք պատկերացնու՞մ եք զբոսաշրջության և հանքարդյունաբերության համատեղելիությունը, թե՞ պատրաստ եք ակտիվորեն առաջ մղել բնության, հողերի և մշակութային ժառանգության պաշտպանությունը Վայոց ձորում: Ինչպիսի՞ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի տնտեսության զարգացման կայուն ճյուղերը նախապատվություն ստանան այն ծրագրերի հանդեպ, որոնք Հայաստանին զրկում են որևէ կանաչ և մաքուր հեռանկարից: Դուք հանդիպու՞մ և բարձրացնու՞մ եք նման հարցեր պետական մարմինների միջավայրում, թե՞ պատրաստվում եք շարունակել ձեր ծրագրերի իրականացումը Հայաստանի կանաչ հեռանկարի համար՝ անտեսելով այդ ճանապարհին Հայաստանի համար (իսկ այս դեպքում Վայոց ձորի համար) արգելք հանդիսացող հանքարդյունաբերությունը:

Մենք ակնկալում ենք ազնիվ պատասխան և շնորհակալություն ենք հայտնում ձեր ջանքերի համար՝ Հայաստանում կանաչ տնտեսության առաջընթացին աջակցելու համար:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Կայք՝                            armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`         facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`      youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                    armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,