News

Ֆիլմ Սյունիքի հանքարդյունաբերության մասին, որն արգելվել է Հայաստանում ու ցուցադրվել՝ ԱՄՆ-ում

Հայաստանյան մի շարք բուհերում արգելվել է «Համահայկական բնապահպանական ճակատի» (ՀԲՃ) պատրաստած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Սյունիքի հանքարդյունաբերության աղետալի վիճակի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամները:

«Այսինքն՝ ընդհանրապես վերահսկողության բացակայություն է. հանքարդյունաբերական ձեռնարկությունները ինչ ձև ուզում են, ինչ ծավալով ուզում են շահագործում են, առանց նույնիսկ թույլատվություն ունենալու կան նաև, որ այս ամենն իրագործում են առանց նույնիսկ նախագիծ ունենալու՝ ոչ հաստատված, ոչ չհաստատված»,- ասաց Լևոն Գալստյանը:

Աղտոտված գետեր, աղտոտված ջրեր, հողեր. սրանք վերականգնման ենթակա են և վերականգնումը նախատեսված է օրենսդրությամբ, բայց Լևոն Գալստյանի տեղեկացմամբ՝ ոչ մի ձեռնարկություն չի անում:

Լևոն Գալստյանը նշեց նաև, որ կառավարության կողմից Հայաստանի տնտեսության շարժիչ ճյուղ հռչակված հանքարդյունաբերությունն այսօր այդ գործառույթը չունի: «Հարկային մուտքերը դրանից շատ քիչ են, քանի որ հարկային համակարգը այնպես է մշակված, որ ցանկացած հանքավայր շահագործվի և հիմնական եկամուտը գնա ոչ թե պետությանը, այլ որոշակի օֆշորալ կազմակերպությունների գրպանը: Չկա այն հարկային համակարգը, որը կստիպի շահ բերել պետությանը, նույնիսկ եթե վնասում ենք շրջակա միջավայրը»,- ասաց Լևոն Գալստյանը:

Բանախոսներից Եղիա Ներսիսյանը պատմեց, որ հինգ օր մնացել են Սյունիքում «և լիքը մարդիկ» օգնել են իրենց, օրինակ՝ բնապահպաններին մեքենաներով անվճար տեղափոխել են որտեղ որ պետք է: «Որովհետև հասկացել են, որ մենք ուզում ենք իրենց ցավացնող հարցը հանրայնացնել: Քաջարանում մարդիկ մեզ պահեցին, կերակրեցին, որ իրենց հարցը բարձրացենք, այսինքն՝ սա նշանակում է, որ ոչ ոք Սյունիքի ժողովրդի աղետի, ցավի մասին չի բարձրաձայնում»,- նշեց Եղիա Ներսիսյանը:
«Այն, ինչ ներկայացվում է ֆիլմում, ամեն մի հայ պետք է հասկանա, որ դա նաև իր հայրենիքի մի մասն է, և լուծումներ պիտի գտնենք միասին: Դրա համար, հայ համայնքի կողմից հրավեր ստանալով, մենք որոշեցինք, որ պետք է օգտվենք այդ հնարավորությունից և այս հարցերը տանենք մեզ հետ նաև Հայաստանից դուրս»,- ներկայացրեց ճակատի անդամ Աննա Աղլամազյանը:

Նա նշեց, որ սփյուռքահայերի արձագանքը եղել է կտրուկ և հիմնական անհանգստությունն էլ՝ թե ինչ են այս մասին մտածում պետական մարմինները:
Ի դեպ, Լևոն Գալստյանը տեղեկացրեց, որ փաստերի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին, սակայն նրանց արձագանքն այնպիսին է եղել, որ «կամ ցանկություն չկա, կամ ցանկությունն այնքան խորն է թաքցրած, որ չի երևում»:

13:28 • 13.12.13
Լուրեր Հայաստանից – Թերթ.am

Share Button

Մեկնաբանություն

comments