News

Հանրային հանդիպում Ամուլսարի խնդիրն ուսումնասիրած միջազգային փորձագետների հետ

Ամերիկաբնակ մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի ջանքերով այս օրերին Երևանում են գտնվում Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման էկոլոգիական խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից երկուսը։ Նրանք հանդիպումներ են ունենելու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների  ու բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Ցավոք պետական մարմինները ցանկություն են հայտնել, որ այդ հանդիպումները լինեն փակ լրատվամիջոցների և հանրության համար։

Հանրային իրազեկումն ու մասնակցությունն ապահովելու նպատակով հունիսի 20-ին ժամը 11:00-14:00-ն Անի հյուրանոցում երկրաքիմիայի ու բնապահպանական ազդեցության ոլորտներում միջազգային գիտնականներ Էնն Մաեստն ու Անդրե Սոբոլևսկին Հայաստանի հանրությանը և լրատվամիջոցներին կներկայացնեն Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի մասին իրենց փորձագիտական եզրակացությունները։ Հանդիպմանը տրվելու են գնահատականներ, թե ինչ տվյալներ կան Ամուլսարի ծրագրի ազդեցության մասին, ինչպես է Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը մեկնաբանել ու Հայաստանի հանրությանն ու կառավարությանը ներկայացրել այդ տվյալները, և թե իրականում ինչ իրատեսական վտանգներ ու ծախսեր են առաջանալու հանքի շահագործման դեպքում։

Հանդիպումը բաց է բոլորի համար՝ անգլերեն-հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։ Լրատվամիջոցների, ոլորտի մասնագետների, պետական տարբեր մարմինների մասնակցությունը խրախուսվում է։

Փորձագետները կներկայացնեն հետևյալ թեմաները

Դոկտոր Էնն Մաեսթ, «Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի բնապահպանական գնահատական․ ջրի որակի խնդիրները»։ Դոկտորը Մաեստը կներկայացնի ընդհանրապես հանքերում երկրաքիմիական բնութագրիչների մասին համառոտ տեղեկություններ, Ամուլսարի երկրաքիմիական բնութագրիչների վերաբերյալ առկա տվյալների մեկնաբանությունը, Ամուլսարում ջրի կառավարման պլանը և թե տարածաշրջանում ջրի որակի հետ կապված ինչ հետևանքներ կարող են առաջանալ Ամուլսարում ոսկու հանքարդյունահանման ընթացքում և դրանից հետո։

Դոկտոր Անդրե Սոբոլևսկի, «Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի բնապահպանական գնահատական: Ազդեցության մեղմացման միջոցառումները»։ Դոկտոր Սոբոլևսկին կքննարկի Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության առաջարկած միջոցառումները՝ կապված հանքարդյունահանումից առաջ եկող ազդեցությունները մեղմացնելու հետ։ Լիդիանի առաջարկած միջոցառումներից շատերը բավարար ու պատշաճ չեն բնական միջավայրը պաշտպանելու առումով։ Հանդիպմանը կներկայացվեն այս եզրահանգման հիմնավորումները։

Մնացած մանրամասները «Միջազգային փորձագետներն Ամուլսարի մասին․ հանրային հանդիպում» միջոցառման էջում

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,