News

Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ դատարանում ընթացող գործընթացի, ԱԻՆ-ի տված դրական եզրակացությունների և պարզաբանումների մասին

Lydian

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության մայիսի 4-ին հրապարակած «Ամուլսարի ոսկու ծրագրին տվել են դրական եզրակացություն, բայց չունեն դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերը» հոդվածին արձագանքել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ տարածելով իրենց պարզաբանումը։ Որպեսզի հասկանալի լինի ԱԻՆ-ի տարբեր պնդումների սնանկությունը՝ սկզբում ներկայացնենք մի քանի փաստեր այս խնդրի և դատական գործի վերաբերյալ։

1. Դեռ 2017 թ.-ի աշնանը ԱԻՆ-ը կամայական հրաժարվել էր ՀԲՃ-ին տրամադրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների և դրանց համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճենները։

2. Հանրության և մեր տեղեկացված լինելու իրավունքները վերականգնելու նպատակով ստիպված եղանք դիմել ՀՀ վարչական դատարան։ Հենց առաջին նախնական դատական նիստից ժամանակ ԱԻՆ-ը տրամադրեց մեզ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունները (1, 2), սակայն հաջորդ երկու նիստերի ընթացքում այդպես էլ չտրամադրեց այդ ՊՈԱԿ-ի կողմից ուսումնասիրված և այդ եզրակացությունների համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

3. Մայիսի 4-ին՝ երրորդ նախնական դատական նիստի ժամանակ, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերն իրենց մոտ ոչ մի տարբերակով չեն պահպանել ու վերադարձվել են «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, և, որ իրենք հիմա կխնդրեն ‹‹Լիդիան Արմենիա››-ին, որպեսզի նրանք կրկին տրամադրեն այդ փաստաթղթերն ու դրանից հետո դրանք հասանելի կլինեն նաև մեզ համար։ Իսկ դատավորն էլ որոշեց, որ գործն անցնում է դատաքննության փուլ, և հաջորդ նիստը կկայանա մայիսի 21-ին ժամը 11։00-ին։

Ստացվում է, որ ԱԻՆ-ը սկզբում լրիվ անօրինական կերպով հրաժարվում է մեզ տրամադրել տեղեկություններ և միայն մեր դատարան դիմելուց հետո է տրամադրում եզրակացությունները, սակայն իր մոտ չունի դրանց կից փաստաթղթերը։ Իր պարզաբանման մեջ ԱԻՆ-ը նշում է, որ «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայցվող փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ:

Մի քանի հարցադրում ԱԻՆ-ի պատասխանատուներին.
1. Ի՞նչն էր ձեզ խանգարում մերժելու փոխարեն եզրակացություններն ու կից փաստաթղթերը տրամադրել մեզ 2017թ․-ի աշնանը արված հարցումից հետո։
2․ Ինչպե՞ս է հնարավոր չունենալ դրական եզրակացություններին կից փաստաթղթերը, երբ դրանց վերջում հստակ գրված է հետևյալը․ «Փորձագիտական եզրակացությանը կցվող նյութերը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի պատճենը 65 էջ և 40 էջ»։
3․ Ինչո՞ւ էր ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը մայիսի 4-ին դատարանում պնդում, որ փաստաթղթերի բնօրինակներն են եղել իրենց մոտ և պետք է վերադարձվեին սեփականատիրոջը, երբ եզրակացությունների վերջում հստակ գրված է պատճենների մասին։
4․ Եվ վերջապես․ ինչպե՞ս է ԱԻՆ-ը կամ ցանկացած ՀՀ քաղաքացի համոզվելու, որ 2016-ին ներկայացրած այդ 65 և 40 էջ փաստաթղթերը լինելու են հենց այն նույն փաստաթղթերը, որոնք հիմա ԱԻՆ-ը իբր թե ցանկանում է կրկին ձեռք բերել «Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ից։ Անիրատեսական են ԱԻՆ-ի պարզաբանման մեջ նշած հիմնավորումներն այն մասին, թե եզրակացություններում մեջբերված ելակետային տվյալները կամ ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հրապարակված նախագծերը բավական են դրանում համոզվելու համար։
5. Եվ ամենակարևորը․ եզրակացություն տվող պետական մարմինները պետք է իրենց մոտ ունենան նախաձեռնողի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները կամ էլեկտրոնային տարբերակները։ Անհիմն են բոլոր այն հայտարարությունները, թե չկա այդպիսի պարտավորություն օրենքով և այլ իրավական ակտերով ամրագրված՝ դրա համար էլ ՊՈԱԿ-ում դրանք չեն դեպոնացնում։

Իսկ ինչ վերաբերում է 2016 թվականին ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության երկու դրական եզրակացություններին, ապա ՀԲՃ-ն արդեն նշել էր և շարունակում է մնալ նույն կարծիքին, որ Հայաստանում բոլոր տեսակի եզրակացությունները կրում են ձևական բնույթ ու հիմնականում տրվում են տարբեր կոռուպցիոն կամ այլ մեխանիզմների միջոցով։

Իսկ այս պնդումը մերկապարանոց համարող ԱԻՆ-ի ներկայացուցիչներին հորդորում ենք ավելի լավ ուսումնասիրել իրենց տված դրական եզրակացությունները, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը։ Համոզված ենք, որ օբյեկտիվ գնահատական տալու ունակության պարագայում՝ իրենք նույնպես կգան վերոնշյալ եզրահանգմանը, քանի որ տրված եզրակացություններում բացառապես ներկայացված են տնտեսվարողի փաստաթղթերից արտագրված նկարագրությունները գործունեության մասին ու ընդհանրապես պարզ չէ, թե ինչ վտանգներ են գնահատել փորձագետները։

Ավելի առարկայական լինելու համար առայժմ նշենք ընդամենը երկու կետ.
1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նշված է. «վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը»։
ԱԻՆ-ի տված դրական եզրակացությունների մեջ չեք կարողանա գտնել և ոչ մի նախադասություն, որն ինչ-որ կերպ առչություն ունի այս գործընթացի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ այս ծրագրով նախատեսվում է տարեկան օգտագործել 1000 տոննա միայն նատրիումի ցիանիդ, ինչպես նաև այլ խիստ վտանգավոր քիմիական նյութեր:
2. «Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 18-րդ կետում նշված է. «Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի` 1) փորձաքննության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը. 5) տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր և այլն):
Այս դեպքում նույնպես ԱԻՆ-ի տված դրական եզրակացությունների մեջ չեք գտնի ոչ փաստաթղթերի ցանկը, ոչ էլ տվյալներ կարգում նշված փաստաթղթերի վերաբերյալ։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝
  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,