News

Ակամա մի դարձեք «Lydian International» ընկերության Ամուլսարի աղետաբեր ծրագրի փիարի մասնակից

Օֆշորային «Լիդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերությունն ինքն իրեն հռչակելով Հայաստանում «պատասխանատու» հանքարդյունահանման առաջամարտիկ ու երկրի տնտեսության փրկիչներից մեկը, ջանք չի խնայում տարբեր քննարկումների, հանդիպումների ու հրապարակումների միջոցով հիշեցնել բոլորին՝ հատկապես իր գլխավոր բաժնետերերին և հնարավոր ներդրողներին, իր այդ առաքելության մասին: Հիմա էլ այս ընկերությունը կազմակերպել է քննարկումների շարք Ամուլսարի ոսկու ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) շուրջ, որոնք ըստ նախաձեռնողների պետք է հնարավորություն ընձեռնեն շահագրգիռ կողմերին ներկայացնել կարծիքներ և մեկնաբանություններ՝ այդ փաստաթուղթը բարելավելու ուղղությամբ: Այդ շարքի վերջին հանդիպումը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ին՝ Երևանում:

Կոչ ենք անում այս հանդիպմանը հրավիրած բոլոր անհատներին և կազմակերպություններին չմասնակցել Ամուլսարի ոսկու աղետաբեր ծրագրի հերթական փիարին, քանի որ «Լիդիան/Գեոթիմի» կազմակերպած բոլոր քննարկումներն ունեն միայն մեկ հիմնական նպատակ՝ ներդրողներին ներկայացնել թե ինչ «պատասխանատու» են իրենք և ներգրավեն նոր գումարներ տարբեր ներդրումային ֆոնդերից, բանկերից, ինչու չէ, նաև արտերկրի հայ մեծահարուստներից։ Նշենք, որ ներդրումների հարցը շատ լուրջ է հենց այս փուլում, քանի որ ընկերությունն ունի դրանց կարիքը հանքավայրի շահագործումն սկսելու համար, իսկ Տորոնտոյի ֆոնդային բորսայում «Լիդիանի» բաժնետոմսերն այս պահին արժեն ընդամենը 47,5 ցենտ, ինչը վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշներից է:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման էկոլոգիական, առողջապահական և սոցիալական անկառավարելի վտանգների մասին շատ է գրվել թե մասնագետների, թե բնապահպանների, թե լրագրողների, թե տեղի բնակիչների կողմից: Այդ իսկ պատճառով հիմա չենք ուզում նորից անրադառնալ բոլոր այդ հարցերին, այլ բոլոր հետաքրքրվողներին առաջարկում ենք ուղղակի անցնել այս հղումով և ծանոթանալ այս հանքավայրի վերաբերյալ տարբեր ժամանակներում հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների և հոդվածների մի փոքր մասին միայն:

Իսկ շատ շուտով մենք կներկայացնենք նաև մի շարք հետաքրքիր փաստեր «Լիդիան» ընկերության պատմությունից՝ կապված հատկապես Տորոնտոյի ֆոնդային բորսայում այս ընկերության արժեթղթերի գնային զարմանալի շարժի հետ:

Lydian

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , , , , , ,