News

Առաջարկներ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ

Բոլորիս լավ հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երը էկոլոգիական տեսանկյունից համարվում են էլեկտրաէներգիայի արտադրման շատ ավելի մաքուր աղբյուրներ, քան ՋԷԿ-երն և ԱԷԿ-ները: Սակայն Հայաստանում ՀՀ կառավարության կողմից այս ոլորտի զարգացման նպատակով ընտրած ոչ ճիշտ ռազմավարությունն ու վարած անհեռատես քաղաքականությունը, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի զանգվածային կառուցումն ու անվերահսկելի շահագործումը, առաջ են բերել բազմաթիվ բնապահպանական և սոցիալական խնդիրներ, իսկ հանրության տարբեր շերտերի միջև ի հայտ են եկել շահերի բախումներ:

Այդ ամենն ուղղակի հետևանք է օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների անկատարության ու հակասությունների, ինչպես նաև սույն ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային իրավական ակտերի իմպլեմենտացիայի, այսինքն՝ տեղայնացման և մեր օրենսդրության միջոցով դրանց արտահայտման, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիայի և հովանավորչության երևույթների, տարբեր մակարդակներում այս ոլորտի լոբինգի, ինչո՞ւ չէ, նաև բնակչության էկոգիտակցության և էկոիրազեկման ցածր մակարդակի:

Վերը թվարկվածը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

1. Ներկայումս փոքր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների մեջ ընդհանրապես բացակայում է էկոհամակարգային մոտեցումը, ինչն ուղղակի հետևանք է ՀՀ կառավարության 30.06.2011թ․ «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» հ. 927-Ն որոշման, համաձայն որի՝ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս որպես հիմք ընդունվում է տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը: Սա նշանակում է, որ եթե երկարատև հիդրոլոգիական դիտարկման ամենասակավաջուր տարիներից մեկում այդ 10 օրերի միջին ելքը կազմել է օրնակ 5 լիտր/վրկ, ապա կարելի ամբողջ տարվա համար դա սահմանել որպես բնապահպանական թողք և փաստացի ջրազրկել գետը։ Այս որոշումը ընդհանրապես առնչություն չունի ջրավազանների էկոհամակարգերի պահպանության կարիքների հետ և չի կարող ապահովել այդ էկոհամակարգերի բնական կենսագործունեությունը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

Վերանայել ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը, և բնապահպանական թողքի գնահատման ու հաշվարկման եղանակի հիմքում դնել իսկապես գետավազանի հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական, սեզոնային և այլ առանձնահատկությունները՝ ընդունելով այն անհերքելի փաստը, որ գետը դա երկարաժամկետ էկոհամակարգային ծառայություն մատուցող բնական տարր է, այլ ոչ թե միայն հոսող ջրի ֆիզիկական զանգված։Բնապահպանական թողքի հաշվարկման նոր եղանակի ընդունումից հետո՝ վերանայել նախկինում տրված բոլոր ջրօգտագործման թույլտվությունները:

2. Հայաստանում բացակայում է փոքր ՀԷԿ-երի կողմից էկոհամակարգերի վրա, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակույթային և այլ ազդեցությունների գնահատման համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությունը: Դրա փոխարեն ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ընդունվել են այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք թույլ են տալիս ցանկացած տնտեսվարողի կառուցել փոքր ՀԷԿ քիչ թե շատ հոսք ունեցող գետերի վրա՝ դարձնելով այն շահութաբեր բիզնես: Դրան է նպաստում նաև էլեկտրաէներգիայի գնման բարձր սակագինը գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից (մեկ կվտ/ժամը 21 դրամ ):

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

Կասեցնել կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարություններն ու նոր լիցենզիաների տրամադրումը, մինչև ՀՀ կառավարության կողմից մշակվեն դրանց շինարարության և շահագործման ընթացքում առաջացող տարատեսակ ազդեցությունների համալիր և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ:Մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերանայվեն արդեն իսկ գործող (շահագործվող) բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը` ելնելով մշակված համալիր չափանիշներից:ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաշվարկի, հիմնավորի և սահմանի իրատեսական սակագին, որը ներդրումները վերադարձնելուց հետո պետք է աստիճանաբար նվազի՝ ինչի շնորհիվ խնայված միջոցները պետք է ուղղել էլեկտրաէներգիայի արտադրության էկոլոգիապես մաքուր այլ աղբյուրների զարգացմանը: Այլընտրանքային էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ ունենալու պահանջը պետք է լինի մեր մոտակա տարիների հրամայականը:

3. Բնապահպանական փորձաքննությունն ընդհանրապես չի ծառայում իր նպատակին, իսկ վերահսկողությունը իսպառ բացակայում է ինչպես փոքր ՀԷԿ-երի շինարարության, այնպես էլ՝ շահագործման ընթացքում: Վերահսկողության բացարձակ բացակայության հետևանքով շատ դեպքերում չեն պահպանվում նույնիսկ ներկայումս գործող նվազագույն պահանջները, և գետերը պարբերաբար ամբողջովին ջրազրկվում են: Այդ ամենին ականատես են լինում և բարձրաձայնում են միայն ազդակիր համայնքի (ների) բնակիչները, բնապահպաններն ու լրագրողները:

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

Իրականացնել ստուգումներ, այդ թվում նաև մշտադիտարկում ՀՀ բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ում, թե ինչ ծավալով են քննարկվում փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքային նախագծերը, և ինչ հիմքերի ու մասնագիտական վերլուծության հիման վրա են համատարած տրամադրվում դրական եզրակացություններ:Այս առումով շատ վտանգավոր և անընդունելի ենք համարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մեջ, մեզ համար անհասկանալի պատճառներով, փոքր ՀԷԿ-երի տեղափոխումը «Բ» կատեգորիայից «Գ» կատեգորիայի, ինչը թույլ է տալու պարզեցված ընթացակարգով և առանց լուրջ գնահատման տալ եզրակացություններ:Պետք է մանրակրկիտ ուսումնասիրել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:Բոլոր գործող փոքր ՀԷԿ-երը պետք է զինված լինեն բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգով, որը պետք է միացված լինի մեկ ընդհանուր համակարգչային ցանցին, որը թույլ կտա ցանկացած պահի տեսնել և գրանցել գետի մեջ թողած ջրի քանակը: Այդ տեղեկատվությունը պետք է առցանց հասանելի լինի ցանակացած քաղաքացու համար:

4. Հանրային լսումներն ազդակիր համայնքներում կրում են ձևական բնույթ. համայնքի, բնապահպանների և քաղաքացիական հանրության կողմից տրված բացասական կարծիքը (ները) որպես կանոն որևէ դեր չի խաղում, ինչն էլ բերում է կառուցապատողների, տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի բնակիչների, բնապահպանների և քաղաքացիական հանրության միջև տարաբնույթ վեճերի և խնդիրների (օրինակ Թռչկան ջրվեժ, Խաչաղբյուր-1 և Խաչաղբյուր-2 փոքր ՀԷԿ-եր-Գետահովիտ, Ստեփանավան, Մարց, Բյուրական, Շատին, Արգիճի և բազմաթիվ այլ դեպքեր):

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

Ընդունել համապատասխան իրավական ակտեր, որով ամրագրված կլինի դրույթ, որ ցանկացած փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն և բնապահպանական դրական եզրակացություն կտրվի կառուցապատողին՝ միայն ազդակիր համայնքի, բնապահպան-մասնագետների, քաղաքացիական հանրության դրական կարծիքի առկայության դեպքում: Եթե համայնքը միանշանակ դեմ է, ապա պետական լիազոր մարմնի կողմից կառուցապատողին պետք է տրամադրի բացասական եզրակացություն:Պետք է միանշանակ արգելել փոքր ՀԷԿ-երի կառուցումը բնության հատուկ պահպանվող տարածքներում և այն գետերի վրա, որոնք հանդիսանում են ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիիների և բույսերի բնակավայր:

5. Անտեսված է բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման գաղափարը, իսկ գետը դիտվում միայն որպես հիդրոէներգետիկ պոտենցիալ ունեցող ռեսուրս: Գործանականում հաշվի չեն առնվում փոքր ՀԷԿ-երի կուտակային ազդեցությունը շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների վրա, երբ մեկ գետի վրա կառուցվում է մի քանի փոքր ՀԷԿ:

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

Անհապաղ սկսել մշտադիտարկման աշախատանքներ այս ուղղությամբ և տալ մասնագիտական հիմնավորումներ ու եզրակացություն, արդյոք թույլատրելի է ամբողջ գետը վերցնել խողովակի մեջ կամ մեկ գետի վրա կառուցել մի քանի փոքր ՀԷԿ: Վերջապես պետք է հասկանալ և գնահատել, թե ինչպիսի բացասական էկոլոգիական հետևանքների կարող է բերել 300-ից ավել փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը Հայաստանի նման փոքր երկրի համար: Մեր կարծիքով սա ամենակարևոր խնդիրններից մեկն է, որն այսօր անհանգստացնում է ոչ միայն քաղաքացիական հանրությանը, այլ նաև բնապահպան-մասնագետներին:

Մենք հասկանում ենք, որ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն կառավարման համակարգի կողմից քաղաքական կամք դրսևորելու դեպքում, ինչը, ցավոք, այսօր բացակայում է:

20.02.2014

Share Button

Մեկնաբանություն

comments