News

Թափոնների կառավարման իրավիճակը Հայաստանում 2019թ.-ի հունվարի դրությամբ

Արձագանքելով դեկտեմբերի 16-ին Հայկական բնապահպանական ճակատի կայքէջում տեղադրված թափոնների վերամշակման ապագայի մասին հոդվածին՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը առաջարկել էր հանդիպում հոդվածի հեղինակների հետ: Հունվարի 14-ին կայացած հանդիպմանը ներկա էր նաև նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ հոդվածը արձագանքել էր նախարարի հնչեցրած այն մտքերին, որոնց համաձայն Հայաստանում վերամշակումը ներդրողների համար հետաքրքիր չէ: Այս և այլ մտքերը, որոնք կարող են թյուրըմբռնումների տեղիք տալ, հստակեցվել էր հոդվածում, որին էլ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանդիպման ժամանակ քննարկվածի արդյունքում պարզ դարձավ, որ նախևառաջ նախարարությունը սպասում է օրենքով թափոնների կառավարման ոլորոտում իրավասու մարմին դառնալուն: Հուսով ենք, որ սա տեղի կունենա շուտով: Այնուհետև, հունվարի վերջին պարզ կլինի այն ընկերությունը/կազմակերպությունը, որը կուսումնասիրի Հայաստանում ստեղծվող թափոնների տեսակը/որակը՝ մորֆոլոգիան, որպեսզի ըստ այդմ հնարավոր լինի ներդրողներին ներկայացնել տվյալները: Հետազոտության արդյունքը պարզ կլինի 2019թ. հունիսին:

Զուգահեռ, սակայն, նախատեսվում է կառուցվել նաև Նուբարաշենում նոր սանիտարական աղբավայր, որի մասին մենք բազմիցս գրել և արտահայտել ենք մեր մտահոգությունները՝ կապված աղբավայրում աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչի բացակայության հետ: Հանդիպմանը նշվեց, որ աղբավայրը կկառուցվի նախատեսվածից փոքր մասշտաբով (մեկ կամ երկու բջիջ՝ նախատեսված հինգի փոխարեն) և միգուցե խնայված գումարներով կառուցվի տեսակավորման գործարան: Դե իսկ ներդրողների հետաքրքրության դեպքում էլ (մորֆոլոգիայի ուսումնասիրությունից հետո) աղբը նաև վերամշակման կենթարկվի:

Այն հարցին, թե ինչու արդեն իսկ առկա վերամշակողների հետ պետությունը չի համագործակցում, նախարարության ներկայացուցիչները նշեցին, որ այդ ընկերությունները կամ հարկային դաշտում չեն, կամ նրանց ձեռնարկությունները չեն համապատասխանում բնապահպանական նորմերին: Սա նոր հարցեր է առաջացնում, մասնավորապես ու՞ր են այդ դեպքում գնալու Նուբարաշենում տեսակավորված թափոնները, մինչ հետագայում պոտենցիալ ներդրողների գալը, կամ էլ վերջերս Բնապահպանության նախարարի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ Արարատում բացված տեսակավորման գործարանի թափոններն ու՞ր են գնում:

Դե իսկ ինչ վերաբերում է եվրոպական բանկերին, որոնց հետ էլ նախկին կառավարությունը ստորագրել է այս վարկային/դրամաշնորհային ծրագիրը, նրանք դեմ են հանդես եկել այս ծրագրում փոփոխություններ մտցնելուն և տեսակավորման/վերամշակման բաղադրիչ ավելացնելուն, չնայած որ մեր նախորդ նամակագրություններում բանկերը նման տարբերակ չեն բացառել և նման քայլի ողջ պատասխանատվությունը դրել են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի վրա:

Հանդիպման ընթացքում մենք առաջարկեցինք աղբի տեսակավորման ուղղությամբ սկսել փոքր, հանրության համար տեսանելի քայլերի իրականացում, քաղաքացիների իրազեկում և հանրային ու մասնագիտական շրջանակների հետ քննարկումների շրջանակի ընդլայնում։ Կողմերը պատրաստակամություն հայտնեցին փոխանակվել առաջարկություններով և տեղեկատվությամբ։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,