News

Զորակցություն Վրաստանի բնապահպաններին

 

Հայկական բնապահպանական ճակատն իր զորակցությունն է հայտնում Վրաստանի երիտասարդ կանաչներին, ովքեր դեմ են արտահայտվում Վրաստանի բնապահպանության նախարարության հիմնական գործառույթների բաշխմանը այլ նախարարությունների միջև և փաստացի հանգեցնում այս նախարարության գործունեության դադարեցմանը: Ստորև երիտասարդ կանաչների հայտարարությունը:

«Մենք ցանկանում ենք արձագանքել փոփոխությունների մասին 2017թ.-ի նոյեմբերի 13-ին Վրաստանի վարչապետի կատարած այն հայտարարությանը, համաձայն որի Բնության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության բնական ռեսուրսների կառավարման գործառույթը, ինչպես նաև Էներգետիկայի նախարարությունը կմիանան Տնտեսության և կայուն զարգացման նախարարությանը: Իսկ Բնության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության բնապահպանական բաղադրիչը կմիանա Գյուղատնտեսության նախարարությանը:

Այս քայլը, որն ըստ կառավարության, ուղղված է բյուրոկրատիայի կրճատմանն ու կառավարման բարելավմանը, չի կարող դրական ընկալվել: Առաջին հերթին հայտարարված բոլոր փոփոխությունները հստակ չեն, հիմնված չեն ուսումնասիրության վրա, բացակայում է գնահատականը, թե նման վերակազմակերպումն ինչպիսի դրական կամ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Ուստի մենք՝ Վրաստանի երիտասարդ կանաչներս, մտահոգված ենք, որ կառավարության որոշումը միայն նախարարության թուլացմանը կհանգեցնի, ինչն էլ էլ ավելի կվատթարացնի բնապահպանական վիճակը Վրաստանում:

Կարևոր մի քանի փաստ, որոնք այս որոշման հիմնավորվածությունը հարցականի տակ են դնում՝

1. Չնայած Վրաստանն Օրհուսի կոնվենցիայի անդամ է, ինչը յուրաքանչյուր երկրին պարտավորեցնում է օրենսդրական և որոշումներ կայացնելու գործընթացներում ապահովել հանրային ներգրավածությունն ու մասնակցությունը (ավելին, Վրաստանի ներկայացուցիչը Օրհուսի կոնվենցիայի բյուրոյի նախագահն է), վերոնշյալ փոփոխությունը նախօրոք հայտարարված չի եղել և հանրային քննարկման ենթակա չի եղել, իսկ որոշումը կայացվել է նեղ շրջանակում:

2. 2018թ.-ի հունվարի 1-ից Բնապահպանական ազդեցության գնահատման օրենքն ուժի մեջ կմտնի: Օրենքի համաձայն Բնության և բնական ռեսուրսների պահպանության նախարարությունը բազմաթիվ պարտականություններ է կրում, ներառյալ այն իրավաբանական անձանց գործողությունների կարգավորման պարտականությունը, որոնք ազդեղություն են թողնում միջավայրի վրա, և այդ կերպ նվազեցնել բնության վրա բացասական ազդեցությունը: Այս պարտավորություններն իրականացնելու համար բյուջեի ավելացում է անհրաժեշտ, սակայն ներկայիս փոփոխությունները ոչ միայն բյուջեի ավելացումն ու օրենքի կիրառումը, այլև արդեն իսկ ընդունված նորմատիվ ակտերի իրականացումն են հարցականի տակ դնում: Ավելին, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պարտավորեցնում է Վրաստանին ներկայացնել և ընդունել մի շարք կարգավորումներ: Սակայն դժվար է պատկերացնել՝ ինչպես է սա իրագործվելու Բնության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության լուծարման դեպքում:

3. Բնական պաշարների կառավարումը Էկոնոմիկայի նախարարությանը միավորելով՝  շահերի բախում է տեղի ունենում, քանի որ նախապատվությունը կտրվի տնտեսական շահերին, իսկ բնության պահպանությունը երկրորդ պլան կմղվի: Մի երկրում, ուր բնապահպանությունն ընկալվում է որպես տնտեսության համար խոչընդոտ, սա մշտական խնդիր է: Եթե նախորդ փորձին նայենք, ուր Բնապահպանության նախարարության իրավունքները և պարտավորությունները սահմանափակ են եղել, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը եղել է հիմնական որոշում կայացնողը, մենք տեսնում ենք բազմաթիվ իրականացված ծրագրերի բացասական հետևանքները: Սրա ամենապարզ օրինակը 2015թ-ի թբիլիսյան ջրհեղեղն էր, որը հանգեցրեց տասնյակ մարդկային զոհերի, սպանված կենդանիների, տնտեսական կորուստների: Պատճառը նախագծային փուլում և ծրագրերի իրականացման ժամանակ սխալ որոշումներն են եղել:

Մենք կարծում ենք, որ վարչապետը պետք է վերանայի որոշումը և պահպանի Բնության և բնական ռեսուրսների պահպանության նախարարության ներկայիս կարգավիճակը, իրավունքները և պարտավորությունները: Ավելին, մենք պետք է հաշվի առնենք աշխարհում կայուն զարգացման ներկայիս առաջնահերթությունները և օրակարգը, ինչն առաջացել է բնության վրա մարդու թողած ազդեցության առաջացրած մարտահրավերների արդյունքում: Ավելին, մենք կոչ ենք անում հանրությանը, ակտիվիստներին և հասարակական կազմակերպություններին ակտիվորեն միանալ այս գործընթացին և կանխել այս խնդիրը:»

Աղբյուր

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,