News

7-րդ տարին է, ինչ Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը կասեցված է

Համոզված ենք, որ Սևանա լճի խեղված ճակատագրով խիստ մտահոգված մեր հանրության ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ անհամբերությամբ էր սպասում մեր երկրի նոր,  իրավական և արդար կառավարության «հայտնությանը», իրավամբ հույս տածելով, որ առաջին իսկ պահից կառավարությունն անհապաղ կլծվի լրջորեն խաթարված, իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած լճի շատ դժվարին խնդիրների լուծման առաքինի գործին։

1974-ին, երբ Սևանա լճի մակարդակն արդեն իջել էր մոտ 18 մ-ով, և այն կորցրել էր իր ջրի նախկին ծավալի (58,6 մլրդ խմ) մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի ղեկավարությունը ստիպված էր շտապ վերանայել Սևանից բաց թողնվող ջրի ծավալները։

Ատոմային ու ջերմային էլեկտրակայանների, մի շարք (ժամանակին իրոք իրենց նպատակին ծառայող) ջրամբարների, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարի շահագործման արդյունքում լճի մակարդակի անկման չափերը զգալիորեն նվազեցին՝ շնորհիվ նաև բաց թողնվող ջրի տարեկան ծավալների մինչև 120 մլն խմ-ի կրճատման։

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներից ամենաառաջնահերթ և անհետաձգելի «օգնությունը» հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մ-ով, այն հասցնելով ծովի մակերևույթից 1903,5 մ բարձրության (հաշվարկային) նիշին։ Դա այն նվազագույն նիշն էր, որի դեպքում միայն կարելի էր հուսալ, որ լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման։Այնպես որ, լճի մակարդակի 6 մ-ով բարձրացումը դեռևս երաշխիք չէր նրա էկոհամակարգի լրիվ ապաքինման անգամ այդ ժամանակ։

Սևանա լճի փրկությանը «ձեռք մեկնեց» նաև ամենակարող բնությունը, որի կամքով 2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության և վերածննդի բաղձալի սկիզբը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները Սևանա լճի ավազանում, և բնության այդ «առատաձեռնությունը» շարունակվում է գրեթե մինչ օրս։

Եվ զարմանալի չէ, որ ընդամենը առաջին 10 տարում (2002-2011թթ.) գրանցվեց Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում՝ 3,61 մետրով (տարեկան միջինը 36 սմ)։ Այդ նույն 10 տարում եղել են այնպիսի տարիներ, երբ լճի մակարդակը տարեվերջին նույն տարվա սկզբի համեմատ (պաշտոնական տվյալներով) բարձրացել է  44, 48, 41, 42, 56, 37, 47 սմ-ով (տես՝ գծագրերը)։ Եվ այդ նույն 10 տարիներին  լճի մակարդակի տարվա առավելագույն մակարդակը նույն տարվա սկզբի համեմատ կազմել է 73, 72, 73, 66, 54, 78, 49, 56, 81, 60 սմ (տես՝ «2002-2013թթ. Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» վերլուծությունը):

sevan-1
sevan-2

Շատերն էին հույս տածում, որ ևս 12-15 տարի, և Սևանի մակարդակը մինչև հաշվարկային 1903,5 մ նիշի բարձրացումն իրականություն կդառնա։Սակայն տեղի ունեցավ հակառակը։ ՀՀ նախորդ կառավարությունների լուռ համաձայնությամբ տարեցտարի աճեցին Սևանա լճից թույլատրված քանակից ավելի մեծ ծավալներով ջրի ապօրինի բացթողումները, որոնց հիմնական նպատակն էր կանխելու լճի մակարդակի անցանկալի արագ բարձրացումը, քանզի նրա ջրերը ընդհուպ մոտեցել էին օլիգարխ-պաշտոնյաների «արքունիքների» և դղյակների շեմին՝ սպառնալով նրանց հեղեղմամբ։

Սա էր հիմնական պատճառը, որ 2012-ից սկսվեցին ամենամյա, շատ մեծ ծավալներով ջրի ինտենսիվ բացթողումները Սևանա լճից, որոնք անմիջականորեն ուղղված էին բարձրաստիճան պաշտոնյաներին և օլիգարխներին պատկանող, լճի ափամերձ տարածքի մեծ մասը զբաղեցրած բազմաթիվ թանկարժեք առանձնատները, հանգստյան, հյուրանոցային ու ռեստորանային համալիրները և գերշահութաբեր այլ օբյեկտները փրկելուն։ Հակառակ պարագայում նրանք  կարող էին հաշված ամիսերի ընթացքում կորցնել ընդամենը գրոշներով զավթած լճափի  տարածքները՝ իրենց հարուստ շինություններով ու բիզնեսով։

Հենց այդ նույն՝ 2012-ից սկսած, գրեթե կասեցվել է Սևանա լճի մակարդակի բնականոն աճի գործընթացը, և այս վերջին 7 տարիներին (2012-2018թթ.) լճում գրանցվել է նրա մակարդակի չնչին բարձրացում՝ ընդամենը 25 սմ (տարեկան միջինը 3,6 սմ)։ Ավելին՝ այդ 7 տարիներից  4-ում գրանցվել է լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ (3, 3, 4 և 3 սմ-ով), ընդ որում վերջին բացասական հաշվեկշիռը գրանցվել է 2018-ին։

Այսպիսով, կանխամտածված կարգով, չեն խնայվել և չեն պաշարվելՍևանա լիճ թափվող ջրի մեծ ծավալներ, որոնք կլրացնեին լճի ներկայիս սուղ պաշարներն առնվազն 2 մլրդ խմ-ով (լճի մոտ 1,6 մ մակարդակ)։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Սևանա լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցման ծրագիրը կազմվել է վաղուց՝ դեռևս 2006-ին։

Նախ, 2008-ին ոռոգման նպատակով ջրառի ծավալը լճից 120 մլն խմ-ից «աճեց» մինչև 170 մլն խմ-ի։ Հաճախակի դարձան լճից անթույլատրելի ու ժամկետից ամիս-ամիսուկես շուտ ջրթողումները։ Այնուհետև սկսվեց ջրի պարբերական, լրացուցիչ բացթողումների «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի հետագա բարձրացումը։

Նախքան վերը նշված ծրագրին ծանոթանալը, ներկայացնենք Սևանա լճի մակարդակի  կասեցմանն անուղղակիորեն «նպաստող», մի շարք անտրամաբանական և, թերևս, կասկածելի գործընթացների ու իրողությունների հետ կապված հանգամանքները.

- աններելի երկար տարիներ է, ինչ շարունակվում է Արփա-Սևան  թունելի վերանորոգումը։

- տարիներ շարունակ ՀՀ շատ ջրամբարներ կիսատ են լցվում կամ ընդհանրապես չեն լցվում, որոնք կարող էին լրջորեն թեթևացնել Սևանա լճի «բեռը»։

- Եղվարդի՝ խորհրդային տարիների արդեն իսկ շատ մեծ ծավալի հողային (հիմնական) աշխատանքները գրեթե ավարտած (220 մլն խմ տարողությամբ) ջրամբարի կառույցը ,ցավոք, այդպես էլ 1994-ից մնաց կիսավարտ, որը շատ մեծ օգնություն կլիներ Սևանա լճին։

- Որոտան-Արփա ջրատար թունելի կառույցը, որով նախատեսված էր Սևան տեղափոխել Որոտան գետի ջրերի մի մասը, ցավոք, այդպես էլ իր «հանդիսավոր» գործարկման օրվանից (26.04.2004թ.) մինչ օրս ընդհանրապես չի գործել, (տես՝ «2004-ին շահագործման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելով առայսօր մեկ լիտր ջուր անգամ չի…»; «Իրատես», թիվ 51, 07.07.2017թ.,  armecofront.net):

- վերջին 7 տարիներին Արփա-Սևան թունելով Սևան տեղափոխված ջրի միջին տարեկան ծավալ պակասել է ավելի քան 2 անգամ։

- Սևանա լճից սնվող ոռոգման ցանքի ջրանցքներում (պաշտ.տվյալ.), ջրի ավելի քան 40%-ը կորչում է նրանց «ճեղքվածքներում»։ Այսինքն՝ առնվազն վերջին 10 տարում Սևանա լճից միայն ոռոգման նպատակով վերցրած 2,016 մլրդ խմ-ից (հաշված նաև լրացուցիչ ջրառը) հենց այնպես կորսվել է ավելի քան 800 մլն խմ ջուր (լճի մոտ 65 սմ մակարդակ)։

- ատոմակայանի աշխատանքը պրոֆիլակտիկ նպատակով հաճախակի դադարեցվում է ոչ ոռոգման սեզոնին, ինչի պատճառով մեկ, մեկուկես ամսով «հարկադրաբար» լրացուցիչ ջուր է բաց թողնվում լճից՝ Սևան-Հրազդան  ՀԷԿ-երի կասկադն աշխատացնելու համար։

- 01.01.2011-ից համաշխարհային գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանա լճի իրական մակարդակի նիշը (ծովի մակարդակից) արհեստականորեն ավելացվել է 20 սմ-ով, հաշվարկելով այն որպես լճի մակարդակի բնական բարձրացում, որն իրականում տեղի չի ունեցել, քանզի լճի ջրի ծավալը մնացել է նույնը։

- 2009-ին մշակված «Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցով» (գուցե  ներքին օգտագործման համար) որոշվել է, որ լճի մակարդակի տարեկան բարձրացումը, սկսած 2010-ից, չպետք է գերազանցի տարեկան 20 սմ-ը, մինչև 2031-ը՝ 1903,5 մ նիշին հասնելը։ Թերևս, նպատակը նույնն է՝ ապահովել լճի ափամերձ գոտում օբյեկտների «երկարակեցությունը»։

Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպություններ են, այլ ոչ թե կանխավ մտածված, լավ ծրագրված «համալիր միջոցառումներ»՝ մեծ ծավալներով ջրի «հարկադրաբար» բացթողումներ Սևանա լճից, ոռոգման անվան տակ, դրանով իսկ, նախ՝ լրիվ կասեցնելով լճի մակարդակի հետագա աճը և միաժամանակ օգտագործելով այն շատ և շատ այլ նպատակների  համար։

Չէ՞ որ ժամանակին, երբ գյուղական համայնքները դեռևս այս աստիճանի չէին դատարկվել, թույլատրված 120 մլն խմ ջուրը լրիվ բավարարում էր ոռոգմանը։

Այս բոլոր անվիճելի և ակնառու փաստերը, դեռևս տարիներ առաջ, հիմք էին տալիս մեզ հանգելու այն միակ եզրակացությանը, որ Սևան-Հրազդան կասկադի օտարման պայմանագրում պետք է, որ այդ գործարքի շահութաբերությունն ապահովող անհրաժեշտ ջրի նվազագույն քանակը շատ ավելի մեծ լինի, քան օրենքով թույլատրված տարեկան բաց թողնվող ջրի քանակը լճից (170 մլն խմ)։

Այդ կապակցությամբ ցանկանում ենք ներկայացնել, գուցե և մեր հանրությանն անհայտ մի փաստ, որն անմիջական կապ ունի այս խնդրի հետ։

Հայտնի է, որ Սևանա լճից բաց թողնվող ջուրն օգտագործվում է նաև Սևան-Հրազդան կասկադում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ «Սևան-Հրազդան-Կասկադ» ՓԲԸ-ն՝ իր 7 ՀԷԿ-երով, 2003-ի հուլիսի 17-ին, որպես սեփականություն փոխանցվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, որը 2005-ին հրապարակել է տեղեկատվական գրքույկ՝ «ЗАО  Международная Энергетическая Корпорация», ռուսերեն և անգլերեն։ Այդ գրքույկի առաջին էջում բառացի գրված է. «…ՀՀ-ում կառուցված թունելներով Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասի տեղափոխումը Սևանա լիճ լրիվ թույլ է տալիս, առանց վնաս հասցնելու Սևանա լճին, իրականացնել տարեկան նվազագույնը 350-440 մլն խմ ծավալի ջրի բացթողումներ լճից՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով»։

Այս տողերից ակնհայտ է դառնում, որ կասկադը 2003-ին ռուսական կողմին փոխանցողները, անկասկած երաշխավորել են նրանց վերը նշված նվազագույն քանակությամբ ջրի ծավալների բացթողումներ Սևանից, հակառակ դեպքում այս թվերը չէին հայտնվի Միջազգային էներգետիկ կորպորացիայի պաշտոնական գրքույկում։ Եվ քանի որ խոստացել են այդ ծավալի ջուր, ապա պարտավոր են «ցանկացած» միջոցներով կատարել իրենց խոստումը։ Ցավոք, խոստումը կատարվել է Սևանա լճի սուղ պաշարների հաշվին, քանզի վերը նշված Որոտան գետից մեկ լիտր ջուր անգամ այդպես էլ մինչ օրս Սևանա լիճ չի տեղափոխվել։

Այժմ անդրադառնանք վեր նշած, Սևանա լճի մակարդակի բարձրացումը լրիվ կասեցնող ՀՀ կառավարության (հանրությանը լրիվ անհայտ) ծրագրի բուն նպատակին։

Դեռ 2006-ին պետական բարձր մակարդակով քննարկված բնապահպանության նախարարի առաջարկությանը (ըստ ՀՀ վարչապետի 05.09.2006 թ. №  010-5740 հանձնարարականի) Սևանի մակարդակի բարձրացման օրենսդրությամբ ամրագրված առավելագույն չափի փոփոխման վերաբերյալ հարցը, ցավոք, լուծվեց ի վնաս Սևանա լճի։

Դրանով նախատեսվում էր Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումն իրականացնել 3մ + 3 մ երկու փուլով՝ համապատասխանաբար 15 և 17 տարի իրականացման ժամկետներով։ Միաժամանակ առաջարկվել է  վերոհիշյալ «գործընթացը սկսել միայն Սևանա լճի մակարդակի բարձրացման 1-ին փուլով նախատեսված 1900 մ նիշին հասնելուց հետո, կատարելով խորը, շարունակական և լայնածավալ ուսումնասիրություններ՝ միաժամանակ հասարակական ծանուցմամբ, ինչպես նաև նրա լայն խավերի մասնակցությամբ»։ Իրականում այն չի ծանուցվել։

Արդյո՞ք սա նախօրոք խոր մտածված, հատուկ (հանրությունից թաքցված) ծրագիր չէ լճի մակարդակը 1900 մ նիշի վրա վերջնականապես «սառեցնելու» նպատակով։ Անկասկած։ Դա է վկայում, որ այս վերջին 7 տարիներին լճի մակարդակը գրեթե կանգնած («դոփում») է հենց այդ՝ 1900 մ նիշի սահմաններում։

Ահա թե ինչ հեռահար նպատակով է «ծրագրվել» Սևանա լճի մակարդակի բարձրացման երկփուլ տարբերակը։ Կասկածից վեր է, որ վերոհիշյալ 1-ին և  2-րդ փուլերի միջև, այս 7 տարիների լճի նույն մակարդակով  «ընդմիջումը» կշարունակվի երկար տարիներ (ծրագրի բուն նպատակը), քանի դեռ նրա ափամերձ տարածքի զգալի մասը դեռևս բռնազավթված է նախկին վերնախավի և նախկին օլիգարխ-պաշտոնյաների կողմից՝ թույլ չտալով Սևանի  մակարդակի բնականոն բարձրացման գործընթացը։

Եթե վերջին 7 տարիների լճի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցումը հետագայում էլ նույն միտումով ու տեմպով շարունակվի՝ լրիվ աղետալի վիճակում թողնելով Սևանա լճի էկոհամակարգը, ապա անկասկած անդառնալիորեն և վերջնականապես կկոցնենք լիճը։

Հետևապես, Սևանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատևման երաշխիքը եղել և այսօր էլ մնում է նրա մակարդակի շարունակական, անշեղ և նպատակադրված բարձրացումը, առանց զարտուղի և դավադիր ուղիներով նրա մակարդակի բնականոն աճի կասեցման, ինչպես դա իրագործել են մի խումբ ազգադավ և անհայրենիք, սակայն հզոր իշխանական լծակներ «զավթած» նախկին օլիգարխների կողմից։ Սա է մեր ողջ ժողովրդի հրամայական պահանջը երկրի նոր կառավարությունից։

Վեջին 15 տարիների բնապահպանների և Սևանա լճի պրոբլեմներով մտահոգված մեր բազմաթիվ համաքաղաքացիների մշտական բողոքները, նրանց շատ և շատ  հոդվածներն ու հարցազրույցներն ասես ակամայից ուղղված են եղել նաև այսօրվա նոր կառավարությանը, քանզի նախկինների համար Սևանա լիճը միայն և միայն արագ հարստանալու միջոց է եղել։

Ինչպես նշվեց վերևում, 2018-ին նույնպես, ինչպես՝ 2017-ին, գրանցվեց Սևանի մակարդակի բացասական արդյունք  (տես՝ գծ. 2), և, ցավոք, չկա  ոչ մի երաշխիք, որ այն չի կրկնվի այս տարի նույնպես։ Այնինչ, մեծ հույս էինք տածում, որ նոր կառավարության ղեկավարման 2-րդ տարում, թերևս, կունենանք նախկին (2002-2011թթ.) տարիների նման՝ Սևանա լճի մակարդակի էական  բարձրացում, քանզի այս տարվա մթնոլորտային տեղումների ծավալը շատ չի տարբերվել այդ նշած տարիների մթնոլորտային տեղումների ծավալներից, երբ Սևանի մակարդակի տարեկան բարձրացումն այդ տարիներից  6-ում՝ տարեվերջին կազմել է 41, 42, 44, 47, 48 և նույնիսկ՝ 56 սմ։

Եվ այսքանից հետո, բնավ չենք կիսում վարչապետի համակերպվելն ու բավարարվելն այն մտքի հետ, որ այս տարի Սևանի մակարդակի սպասվող բարձրացումը լավագույն դեպքում (ըստ ԱԻՆ ղեկավարի «հուսադրման»), լինելու է ընդամենը 5 սմ-ի սահմաններում՝ ինչն ուղղակիորեն անընդունելի է։

Տպավորություն է ստեղծվում, որ Սևանա լճի մակարդակի կասեցումն այսօր էլ դեռևս նույն «ոճով» շարունակվում է, նույն՝ լճից ջրի բացթողումը տարիներ շարունակ «կարգավորող» նախկին համակարգի  օգնությամբ։

Լճի, հենց այս՝ վերջին տարիների շարունակական աղետալի վիճակը, դրդեց մեզ, ս.թ. մայիսի 7-ին ՀՀ վարչապետին ուղղված մեր նամակում առաջարկել՝ «Սևանա լճի ապօրինի կասեցված մակարդակի բնականոն աճի վերականգնման համալիր ծրագիր»-ը (տես՝«ՀԺ» թերթի կայքում, armtimes.com, 23.07.2019թ.), որը հնարավորինս սեղմ ժամկետում կվերականգնի լճի տարիներ շարունակ «չամբարված» ջրի պաշարներն ու նրա խաթարված էկոհամակարգը։

Սերգեյ  Հաջինյան,  ինժեներ   094 52 73 86

Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Հ.Գ.-Հուսանք, որ մեր երկրի նոր կառավարիչները, ի տարբերություն նախկինների՝ ամեն կերպ կնպաստեն Սևանա լճի մակարդակի բնական աճին, մինչև նրա էկոհամակարգի լրիվ վերականգնումը երաշխավորող լճի ջրի անհրաժեշտ ծավալի կուտակումը։ Միայն այս դեպքում Սևանա լիճը կփրկվի անդառնալի կորստից։

Գլխավոր նկարում պատկերված է Սևանի այսօրվա վիճակի համար պատասխանատու նախորդ կառավարություններին մարմնավորող վիշապը։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: