News

Թափոնների կառավարման իրավիճակը Հայաստանում 2019թ.-ի հուլիսի դրությամբ

2019թ-ի հունվարին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի հետ հանդիպումից հետո մենք հրապարակեցինք թափոնների վերաբերյալ հանդիպմանը քննարկվածը: Պարզեցինք, որ նախարարությունը սպասում է օրենքով թափոնների կառավարման ոլորոտում իրավասու մարմին դառնալուն: Նաև տեղեկացանք, որ հունվարի վերջին պարզ պետք է լիներ այն ընկերությունը, որը պետք է ուսումնասիրեր Հայաստանում ստեղծվող թափոնների տեսակը/որակը՝ մորֆոլոգիան, որպեսզի ըստ այդմ հնարավոր լինի ներդրողներին ներկայացնել տվյալները: Իսկ հետազոտության արդյունքը պետք է պարզ լիներ 2019թ. հունիսին: Պարզեցինք նաև, որ Նուբարաշենում նոր սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքներ են սկսվելու, որի մասին մենք բազմիցս գրել և արտահայտել ենք մեր մտահոգությունները՝ կապված աղբավայրում աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչի բացակայության հետ: Հանդիպմանը նշվեց, որ աղբավայրը կկառուցվի նախատեսվածից փոքր մասշտաբով (մեկ կամ երկու բջիջ՝ նախատեսված հինգի փոխարեն) և միգուցե խնայված գումարներով կառուցվի տեսակավորման գործարան: Իսկ ներդրողների հետաքրքրության դեպքում էլ (մորֆոլոգիայի ուսումնասիրությունից հետո) աղբը նաև վերամշակման կենթարկվի:

Հաշվի առնելով, որ 2019թ-ի հունիս ամսին պետք է պարզ դառնար հետազոտության արդյունքը, մենք կրկին դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել ա) արդյո՞ք նախարարությունը վերջապես դարձել է թափոնների կառավարման ոլորտում իրավասու մարմին, բ) արդյո՞ք 2019թ-ի հունվարին ընտրված բրիտանական Eunomia ընկերությունը հրապարակե՞լ է ՀՀ-ի թափոնների մորֆոլոգիական ուսումնասիրության արդյունքները, ինչպես որ նախատեսվում էր անել այս տարվա հունիս ամսին, գ) արդեն սկսվե՞լ են Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման աշխատանքները, դ) նախարարության կողմից կա՞ն հավանության արժանացած թափոնների վերամշակման ներդրումային ծրագրերի առաջարկներ:

Հունիսի 20-ին գրված մեր նամակի պատասխանից, որը ստացել ենք հուլիսի 12-ին, թերևս կարող ենք եզրակացնել, որ նախարարությունն ամենևին չի շտապում Հայաստանը մեկ օր առաջ մոտեցնել կենսակայուն և կանաչ տեսլականով երկրների շարքերին: Թեև դա այնքան էլ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ կառավարությունն ինքնին չունի կանաչ/բնապահպանական տեսլական:

Ինչևէ, նախարարության պատասխանն այն է, որ կես տարի անց էլ դեռ քննարկվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շահագրգիռ մարմինների հետ: Բացի այդ, նամակից տեղեկացանք, որ ընտրված Eunomia բրիտանական կազմակերպությունը փոխարինվել է LL Bolagen շվեդական ընկերությամբ, ինչի արդյունքում թափոնների մորֆոլոգիական ուսումնասիրության արդյունքների ժամկետը հետաձգվել է. դրանք կհրապարակվեն 2019թ-ի սեպտեմբեր ամսին: Ժամկետի հետաձգումն, ըստ նախարարության պատասխանի, պայմանավորված է բրիտանական ընկերության ֆինանսական նոր պահանջների ներկայացմամբ:

Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա պատասխանը գրեթե նույնն էր, ինչ մինչ այժմ ստացած պատասխանները: Մասնավորապես, նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրարգրում ներառված չէ տեսակավորման գործարանի կառուցումը: Այսինքն նախարարության, ինչպես և ֆինանսավորող կողմերի կարծիքն ամենևին չի փոփոխվել՝ չնայած տեսակավորման և վերամշակման ծրագրերի իրականացման հանրային պահանջին: Նոր աղբավայրի շինարարական աշխատանքները ևս դեռ չեն սկսվել, քանի որ ընթացքի մեջ է շինարարություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթը: Ըստ նախարարության՝ ընտրված շինարարական կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի 2020թ-ի սկզբին, իսկ շինարարությունը կտևի մոտ երկու տարի:

Հարցին, թե եղե՞լ են նախարարության կողմից հավանության արժանացած թափոնների վերամշակման ներդրումային ծրագրերի առաջարկներ, նախարարությունը պատասխանել է, որ դրանք մակերեսային ծրագրեր են՝ առանց տեխնիկատնտեսական հիմնավորումների և առանց Հայաստանում գոյացող թափոնների կազմն ու քանակը հաշվի առնելու: Այնուամենայնիվ, նախարարությունը պոտենցիալ ներդրողների հետ նախատեսում է քննարկումներ վարել վերը նշված թափոնների մորֆոլոգիական ուսումնասիրության արդյունքները պարզ դառնալուց հետո: Հաշվի առնելով, որ այնուամենայնիվ, չկան լուրջ ներդրումային առաջարկներ, հետաքրքրական է դառնում, թե ու՞մ հետ պետք է նման քննարկումներ վարեն:

Ընդհանրապես հատկանշական է, որ նախարարությունն այսքան բծախնդիր է թափոնների վերամշակման հարցում, ներդրումային առաջարկները դիտարկվում են ամենայն խստությամբ, ինչը երևի լավ է: Պարզապես հաշվի առնելով ընդհանրապես կառավարության մոտեցումներն այլ բնապահպանական խնդիրներին՝ նույն Թեղուտի հանքի վերագործարկման առումով կամ Ամուլսարի հարցում անորոշ իրավիճակը, նախարարության նման մանրակրկիտ մոտեցումը ոչ այնքան կառավարության կանաչ տեսլականի առկայության ցուցիչ է, որքան կառավարության համար բնապահպանական խնդիրների երրորդական լինելու հետևանք: Կանաչ տեսլականի բացակայության մասին է խոսում անգամ նախարարության ուղարկած պատասխան նամակի էջերի քանակը: Նկարը ստորև՝

1

2

 

3

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: