News

Մոնթե Մելքոնյան. «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» – 24.09.1990 թ., անտիպ հոդված

Ձեր ուշադրության ենք ներկայացնում 1990 թվականին Մոնթե Մելքոնյանի կողմից գրված «Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը» անտիպ հոդվածը։ Հոդվածի անգլերեն ձեռագիր տարբերակը տրամադրել է Ալեք Ենիգոմշյանը, իսկ հայերեն թարգմանությունն իրականացրել են Աննա Աղլամազյանը, Անահիտ Մանասյանը, Արմինե Բաբախանյանը, Լիլիթ Պիպոյանը և Հասմիկ Վարդանյանը։

Բնական միջավայրը, ժողովրդագրությունը և ազգային հարցը

Մոնթե Մելքոնյան, 24.09.1990 թ.

Ամբողջ աշխարհում բնապահպանական խնդիրներն արագորեն դառնում են օրակարգային: Բնական միջավայրին առնչվող հարցերում հանրային գիտակցությունը մեծապես հետ է մնում, ու չնայած զգալի առաջընթացին` այն դեռևս խիստ ցածր մակարդակի վրա է, որպեսզի կարողանա ըստ պատշաճի արձագանքել բնապահպանական խնդիրների հրատապությանը: Հսկայական, լայնամասշտաբ և անվերականգնելի վնաս արդեն իսկ հասցվել է մոլորակի մեծ մասի ջրերին, հողատարածքին և մթնոլորտին: Հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) բուսատեսակներ և կենդանատեսակներ ոչնչացել են միայն վերջին 30 տարվա ընթացքում, մինչդեռ շատ գիտնականների հաշվարկներով` ամեն օր վերանում է առնվազն 2 բուսատեսակ: Օզոնային շերտի քայքայումը, ջերմոցային էֆեկտը, թթվային անձրևները, համաշխարհային աղտոտումը (չհաշված աղտոտման և թունավորման տեղային ձևերը), ինչպես նաև արևադարձային և ոչ արևադարձային անտառների ավիրումը, այս բոլորը միասին հանգեցնում են այնպիսի մի վնասի, որ հավասարազոր է աստիճանաբար իրականացվող միջուկային և քիմիական պատերազմին:
Մոլորակի բնական միջավայրի արագ ընթացող և դեռ ահագնացող վատթարացման հիմքում ընկած է փոխկապակցված գործոնների երկար ու բարդ մի շարք:

Կապիտալիզմ

Իր ի հայտ գալու օրից սկսած` արդեն «Արդյունաբերական հեղափոխության» ընթացքում, կապիտալիզմի «տրամաբանությունը» կայացել է առավելագույն և արագ շահույթ ստանալու մեջ, այնպիսի շահույթ, որին կարելի է հասնել (շատ այլ բաներ չհաշված) արտադրության մեջ նվազագույն ծախս կատարելով: Սա նշանակել է ունենալ թե´ մարդկային, թե´ նյութական միջոցները հնարավոր ամենաէժան (այսինքն` ամենածայրահեղ) ձևով շահագործելու շարժառիթ: Մարդկանց երկարաժամկետ շահը հաշվի առնելու, բնական ռեսուրսները և աշխարհի էկոլոգիան պահպանելու փոխարեն կարճաժամկետ դրամական շահույթ ստանալը թելադրել է մեր ընդհանուր բնական միջավայրի չարաշահմանը: Կապիտալիստի տեսլականը կապվում է առավելագույնը մեկ մարդու կյանքի ժամանակահատվածի հետ, իսկ սովորաբար` այդ կյանքի միայն մեկ տասնամյակի, մի քանի տարվա կամ նույնիսկ մի քանի ամսվա հետ: Չնայած աշխարհի զարգացման ընթացքի հետ համեմատած մեկ կապիտալիստի կյանքը շատ կարճ է, այդուամենայնիվ, այն լիովին բավարար է մեր բնական միջավայրին լրջագույն, երկարաժամկետ, իսկ երբեմն նաև անդառնալի վնաս հասցնելու համար: Առավելագույն շահույթ ստանալու «բնական» պահանջը սովորաբար ուղղակիորեն հակադրվում է մեր բնական միջավայրի պահանջներին: Այսօր այս մտայնությունն է, որ մեր մոլորակն ավելի մեծ թափով է տանում դեպի անկում: Մոլորակի բնակչության ճնշող մեծամասնությունը (էլ չասենք` բնությունը) բազմազգ հսկայական կորպորացիաների «զարգացման ծրագրերում» իսպառ զրկված է որևէ որոշման մասնակցելու հնարավորությունից, որը վերաբերում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` մեր ծովերի և օվկիանոսների ձկնատեսակների ինտենսիվ, իսկ հաճախ` անխտրական ոչնչացումը (օրինակ` ուռկանով «ձկնորսությունը»), հանքային պաշարների խժռումը, անտառների զանգվածային հատումներն ու անտառային հրդեհները, թունավոր թափոններից հեշտությամբ «ազատվելը»` օրական միլիոնավոր տոննաներ արտանետելով մեր գետերի, օվկիանոսների ու մթնոլորտի մեջ, պարարտանյութերի և միջատասպան նյութերի մեծաքանակ օգտագործումը, որոնք թունավորում են մեր հողն ու ջրային համակարգը, հսկայական քանակությամբ հումքի վատնումը` սպառողների համար ակնհայտորեն ավելորդ սպառման առարկաների մեծամասշտաբ արտադրությամբ և չվերամշակվող փաթեթավորման կիրառմամբ, և այլն, և այլն: Այսպիսով, քանի դեռ մեր բնական միջավայրը, բնական պաշարները և բնությունը շարունակում են ստորադասվել արագ ու ավելի կարճաժամկետ շահույթներ ստանալուն, մենք միայն կարող ենք ակնկալել մեր համատեղ կյանքի կտրուկ հետընթաց: Այսպիսի հետընթացը կարող է հանգեցնել մարդկային կյանքի որակի և բերկրանքի անկման, իսկ ի վերջո, պատճառ դառնալ, որ վերանա մեր մոլորակի կյանքն այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Կենտրոնացված տնտեսություններ

Կապիտալիզմը` արագ շահույթ կորզելու իր տրամաբանությամբ, եղել է բնական միջավայրի ավիրման հիմնական շարժիչ ուժը, սակայն ոչ միակը: Սոցիալիստական հայեցակարգը տեսական հիմքեր էր մշակել մեր ռեսուրսներն ավելի ռացիոնալ օգտագործելու, ինչպես նաև արտադրությունը բնակչության և աշխատավորների ժողովրդավար կամքին ենթարկելու համար: Գործնականում, սակայն, այս սկզբունքներից ոչ մեկը չիրագործվեց: Արդյունքում, շատ դեպքերում «սոցիալիստ» կառավարությունները մշակեցին և կյանքի կոչեցին նախագծեր, որոնց հիմքում բնական միջավայրի մասշտաբային և անսանձ ոչնչացումն էր: Կրկին տեսնում ենք, որ թե´ այսպես կոչված «սոցիալիստները», թե´ նրանց կապիտալիստ գործընկերները, առաջարկում են ուղիներ` առաջնորդվելով կարճաժամկետ «շահերով» և հանգեցրել են բնապահպանական աղետների (վերջիններս ներկայացնում են մարդկանց համեմատաբար փոքր խմբեր, որոնք անմիջականորեն կամ շարունակականորեն չեն առնչվել յուրաքանչյուր առանձին իրավիճակին): Սրան գումարած` բազմաթիվ «սոցիալիստական» երկրներում անարդյունավետ արտադրության, ինչպես նաև բաշխման ու պահեստավորման ոչ ռացիոնալ համակարգերը հանգեցրին հումքի և գյուղմթերքի զանգվածային վատնմանը: Այս ամենը ոչ միայն հանգեցրեց լուրջ էկոլոգիական խնդիրների, այլև դարձավ բոլոր նման երկրներում տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը: Սա խիստ զավեշտալի է, քանի որ նրանք, ովքեր տասնամյակներ ի վեր պլանավորել են այս տնտեսությունները, բնական միջավայրի կործանումն «արդարացրել են»` ասելով, թե սա «անհրաժեշտ զոհաբերություն է` հզոր տնտեսություն կառուցելու համար»:

Այսպիսով, արդի տնտեսական երկու հիմնական համակարգերի գործունեությունը հանգեցրել է մեր մոլորակի ներկա բնապահպանական ճգնաժամին: Կապիտալիզմն արեց սա, քանի որ իր «տրամաբանության» մեջ ներառված է բնական միջավայրի շահագործումը, իսկ կենտրոնացված տնտեսությունը հասավ սրան` ոտնահարելով իր կողմից սահմանված տեսական սկզբունքները և համառորեն քայլելով անհեթեթ միտումներին համընթաց: Այս ամենի մյուս ցավալի հետևանքն այն է, որ մարդկանց գերակշռող մասը թերահավատ է ժամանակակից տնտեսական ցանկացած համակարգի կարողությունների նկատմամբ, թե այդ համակարգը կօգնի խուսափել, էլ չենք ասում` կանխել այս ընթացքը, որ նման է աստիճանաբար կատարվող միջուկային/քիմիական պատերազմի հետևանքներին:

Ժողովրդագրություն

Այս հոռետեսությունը կմնա հիմնավոր, եթե չվերանայվի բնավիրման մեկ այլ խոշոր գործոն (հավանաբար, միակ կարևորագույն գործոնը)՝ երկրագնդի անընդհատ աճող բնակչությունը: Նույնիսկ ամենաարդյունավետ, լավ հետազոտված, հավասարակշռված և ողջամիտ տնտեսական համակարգը ի վիճակի չի լինի ապահովել տարրական մարդկային պահանջմունքները կամ բնության և բնական պաշարների պահպանումը, եթե ներկա ժողովրդագրական աճի միտումները չփոխվեն թե´ տարածաշրջանային, թե´ համընդհանուր առումներով: Մեր մոլորակն ունի շատ սահմանափակ էկոլոգիական միջավայր, որն անընդհատ կրճատվում, սեղմվում է, քանի որ մի կողմից աճում է բնակչությունը, իսկ մյուս կողմից վատնվում են բնական պաշարները, որոնք այլևս չեն վերականգնվում: Մեծ հույս է կապվում տեխնոլոգիաների հետ մեր` երկրաչափական պրոգրեսիայով բազմապատկվող թվաքանակի պահանջները բավարարելու համար, սակայն գիտնականները (ինչպես նաև հասարակությունը) այժմ գիտակցում են, որ մեր սահմանափակ բնական միջավայրի մեջ տեխնոլոգիան ևս ունի իր սահմանափակումները: Պարարտանյութերի և միջատասպան նյութերի ինտենսիվ օգտագործումը հանգեցրել է հողի արտաքին շերտի որակազրկմանը՝ աղտոտելով նաև հողի ներքին շերտերը, ստորգետնյա ջրային պաշարները, գետերն ու ծովերը: Այս հարցին մասնակի լուծում կարող են տալ հիբրիդները, սակայն արդյունքում դրանք չեն կարող արտադրել ավելին, քան նրանց թույլ կտան արևը, հողը, ջուրը և մթնոլորտը: Քանի դեռ երկրագնդի բնակչությունն աճում է, սննդի արտադրության համար անհրաժեշտ կլինեն նոր տարածքներ և մեթոդներ: Հատկապես վերջին մի քանի տասնամյակներում բնության հետ տեղի ունեցածը պարզորոշ ցույց է տալիս, որ մեր կատարած յուրաքանչյուր քայլ իր ազդեցությունն է ունենում էկոհամակարգի վրա, և որ «լուծումները» սոսկ ժամանակավոր են, քանի դեռ բնակչության աճը բազմապատկում է մեր տարրական կարիքները: Բացի այդ, սնունդը ճգնաժամի միայն մեկ չափումն է: Պահանջմունքների երկար ցանկ կա` էլեկտրաէներգիան, բնակարանային խնդիրը, հագուստը, տրանսպորտը, կրթությունը, բժշկությունը և սոցիալական ու մշակութային կյանքը, որն անհրաժեշտ է` մարդու առողջ կենսագործունեությունն ապահովելու համար: Ընդ որում` այստեղ խոսքը գնում է ոչ թե մեծածավալ սպառման, այլ կյանքի ռացիոնալ, նորմալ և արդի պահանջներն ապահովելու մասին:

Նախ եկեք դիտարկենք այս ճգնաժամի պատմական հիմքերը:

Գաղութային շահագործումը և «Արդյունաբերական հեղափոխությունը» կարճ ժամանակահատվածում Եվրոպային հնարավորություն տվեցին մեծացնել բնակչության աճի տեմպը, մինչդեռ մյուս մայրցամաքները զարգացման այլ ճանապարհ ունեցան:
Հարավային, հարավ-արևելյան և արևելյան Ասիաներն ունեցան բնակչության համեմատաբար մեծ թիվ` հիմնվելով իրենց հազարամյա կազմակերպված հասարակության և քաղաքակրթության վրա: Մեծ գետերի ավազանները, տեղումների բավարար քանակը և հարուստ հողը շատ շրջաններին մեծաքանակ բնակչություն ունենալու հնարավորություն տվեցին: Չնայած պատմության ընթացքում հիմնականում մնալով ագրարային, այս քաղաքակրթությունները ստեղծեցին մեծ քաղաքային կենտրոններ և բազմաթիվ ասպեկտներով զարգացրին տեխնոլոգիան, ինչը ծառայեց գյուղատնտեսությանը, արհեստին, շինարարությանը և առևտրին: Այսպիսով, նրանք նույնպես ունեցան «բնակչության թվի պայթյուն» և ներկայումս ամենաբնակեցված տարածքներն են աշխարհում:

Աֆրիկայի պարագայում տեղի ունեցավ հակառակը: Մայրցամաքի մեծ մասը խիտ բնակեցման ենթակա չէ (անապատներ, խիտ անտառներ և այլն): Ընդհանուր բնակչությունը (չհաշված որոշակի հատուկ տարածքներում) միտում ուներ աճելու համեմատաբար դանդաղ, և գաղութային տիրապետության դարաշրջանում, երբ լայնորեն կիրառվում էր ստրուկների առևտուրը, միլիոնավոր գյուղացիներ նավերով ուժով դուրս բերվեցին տարածքներից կամ մահացան ճանապարհին: Սա, գումարվելով մայրցամաքում առկա այլ բռնապետական, գաղութային գործելակերպերին (պատերազմներ, զանգվածային սպանություններ, հողերի զավթում, վայրի բնության ոչնչացում և այլն) հավանաբար վերացրեցին նույնիսկ ամբողջ բնակչությանը: Վերջին դարերի ընթացքում Եվրոպայից, Չինաստանից և Հնդկաստանից ներգաղթի զգալի ալիք կար, սակայն միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում էր, որ իրական ժողովրդագրական պայթյուն տեղի ունեցավ: Ներկայումս գրեթե բոլոր Աֆրիկյան երկրներն ունեն բարձր ծնելիության մակարդակ, և բնակչության որոշակի շերտեր արձանագրում են տարեկան 5% աճ: Գյուղատնտեսական ապրանքների և հումքի գների անկման, վարկային ճգնաժամերի, տնտեսության առանցքային ոլորտներում օտար միջամտությունների և այլնի հետ մեկտեղ բնակչության աճը կարևոր գործոն է, որը դանդաղեցնում է շատ երկրների զարգացումը և որը նույնիսկ նպաստել է վերջիններիս հետագա աղքատացմանը: Որոշ վայրերում բնակչության թիվը բնական միջավայրի վրա այնքան մեծ լարվածության պատճառ է դարձել, որ արմատապես փոխել է էկոլոգիան:

Նախքան Եվրոպայի կողմից գաղութացվելը, թե´ Հյուսիսային, թե´ Հարավային Ամերիկաները համեմատաբար նոսր էին բնակեցված: Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածի բնիկ քաղաքակրթությունները ստեղծել էին կարևոր քաղաքային կենտրոններ, հետևաբար ավելի խիտ բնակչություն, սակայն ամբողջ մայրցամաքի բնակչությունը, ընդհանուր առմամբ, փոքրաթիվ էր: Գաղութացման հետ միլիոնավոր բնիկ ամերիկացիներ սպանվեցին, որպես ստրուկ աշխատեցին մինչև մահ, սովամահ եղան` զրկված լինելով իրենց կյանքի բնական պայմաններից, և մահացան հիվանդությունների պատճառով: Բնակչության թվի այս անկումը չեզոքացվեց Եվրոպայից մասսայական ներգաղթով և Աֆրիկայից բերված միլիոնավոր ստրուկներով: Ավելի ուշ ներգաղթը շարունակվեց աշխարհի բոլոր կողմերից: Այսօր բնակչությունը կտրուկ աճում է Լատինական Ամերիկայում, մինչդեռ Միացյալ Նահանգներում և Կանադայում առկա սպառման բարձր մակարդակը (որը Միացյալ Նահանգներում բացարձակ թվերով արդեն չափազանց շատ է) տեղի բնակչությանը դարձնում է բնական միջավայրի համար ամենածանր բեռներից մեկը:

Օկեանիայում կատարվածը շատ կետերում համընկնում է Ամերիկաների անցած ուղու հետ: Մինչ Եվրոպական գաղութատիրության սկիզբը, այս տարածքն, ընդհանուր առմամբ, նոսր էր բնակեցված: Բնիկները հաճախ դաժանորեն ճնշվում էին և տեղափոխվում բնակության համար պակաս հարմարավետ վայրեր: Հետագա զանգվածային ներգաղթը սկսվեց հարավային և արևելյան Ասիաներից: Այսօր բնիկները կազմում են յուրաքանչյուր երկրի ընդհանուր բնակչության կեսից պակասը, իսկ որոշ դեպքերում միայն շատ փոքր մասը: Ավստրալիան, ըստ այսօրվա չափանիշների, համեմատաբար «նոսր» բնակեցվածն է, («չափանիշներ», որոնք միտված են չափից ավելի բնակեցվածությանը), մինչդեռ որոշ կղզի-պետություններ ունեն ավելի խիտ բնակչություն:

Եվրոպայի պարագայում բնակչությունը սկսեց խտանալ հիմնականում վերջին 200-300 տարիների ընթացքում, երբ «Արդյունաբերական հեղափոխության» ազդեցությամբ, որի ֆինանսական աղբյուրը աշխարհով մեկ գաղութների հյուծումն էր, ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն ստացան ապրուստի միջոց վաստակել ոչ գյուղատնտեսական աշխատանքի միջոցով: Մեծ կուտակումները քաղաքային կենտրոններում դարձան անտանելի, և քաղաքները սկսեցին կլանել ավելի ու ավելի շատ գյուղական բնակչության: Բժշկությունը նույնպես առաջընթաց արձանագրեց աշխարհի այս կետում: Նշված գործոնների ազդեցությամբ` Եվրոպան իր դերն ունեցավ աշխարհի բնակչության կտրուկ աճի մեջ: Երկրաչափական պրոգրեսիան շարունակվեց մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները: Աճի ցուցանիշների հավասարակշռումը միայն վերջին տարիներին է տեղի ունեցել: Սոցիալական ծառայությունները և կենսաթոշակային ծրագրերը, լավ կրթությունը, սոցիալական և մշակութային կյանքով ապրելու հնարավորությունների աճը, կանանց հասարակական դերի բարձրացումը և հակաբեղմնավորիչների հասանելիությունը, այս ամենի համադրությունն իր ազդեցությունը թողեց բնակչության ընդհանուր աճի և որոշ դեպքերում նաև ժողովրդագրական աճի տվյալների վրա: Երկրների մեծ մասն արդեն չափից ավելի խիտ են բնակեցված և արդեն իսկ սպառել են իրենց բնական պաշարների մեծ մասը: Այնուամենայնիվ, կապիտալիստական երկրներից շատերը, և հատկապես մեծ ընկերությունները, որոնք գործ ունեն լայն սպառման ապրանքների հետ, ժողովրդագրական լարվածության թեթևացումը համարում են «ճգնաժամ» (անտեսելով չափից ավելի բնակեցվածության իրական ճգնաժամը): Զարմանալիորեն անողջամիտ այս մոտեցման մեջ նեղմտորեն և եսասիրաբար մերժվում է մոտ և հեռու ապագայում նվազեցնել վաճառքի ծավալները (հետևաբար` նաև շահույթը): Եվ զարմանալի չէ, որ այդ ընկերություններն աջակցում են կառավարության բազմապիսի ծրագրերի` ի նպաստ մեծ ընտանիքների, իսկ որոշները նույնիսկ որդեգրում են «երեխա սիրող» «բարեգործի» կերպար: Ֆրանսիան պատկանում է այս երկրների շարքին, որտեղ քաղաքական լայն շրջանակներն աջակցում են եսասեր և ինքնակործան այս տեսակետին: Ֆրանսիան որոշակիորեն կորցրել է համաշխարհային իր թափը և մեծ դժվարությամբ է ընդունում այն փաստը, որ բնակչության թվի անկումը կարող է նշանակել արդյունաբերական ընդհանուր արդյունքների, ինչպես նաև բանակի թվի կրճատման: Ներկայումս ֆրանսիացիների, ֆրանսիական գյուղերի և Ֆրանսիայի համար ընդհանրապես ավելի լավ կլիներ, եթե Ֆրանսիան նվազեցներ ինտենսիվ արդյունաբերության անհրաժեշտությունը և ունենար ավելի փոքր բանակ: Սակայն այս ընկերությունները և իրենց կողմից ֆինանսավորվող քաղաքական շրջանակները «երեխաներ ունենալը» ներկայացնում են որպես «հայրենասիրական գործ»: Այսպիսով, կապիտալիզմն իր համար ստեղծել է մեկ այլ գլուխկոտրուկ՝ որքան այն զարգանում է և սոցիալական ոլորտում զիջումների գնում, բնակչության աճն ավելի է դանդաղում` փոքրացնելով շուկան:

Վերջին մոտ 70 տարիների ընթացքում մեր աշխարհի` սովորաբար «սոցիալիստական» անվանված, կենտրոնացված տնտեսությունները բազմաթիվ տեսանկյուններից չեն արդարացրել իրենց: Մենք արդեն խոսել ենք բնապահպանական ոլորտում ունեցած ձախողման մասին: Ժողովրդագրական քաղաքականության մեջ ևս կիրառվել են սխալ մոտեցումներ: Բազմաթիվ դեպքերում ժողովրդագրական աճը խրախուսվել է և ընդունվել որպես պաշտոնական քաղաքականություն: Սրա ամենածայրահեղ օրինակը Չաուշեսկուի ռեժիմն էր, որն արգելում էր հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն ԽՍՀՄ-ը նույնպես իր պատմության զանազան ժամանակահատվածներում դիմել է ծայրահեղությունների` ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով (և այսօր այդ երկրին չի հաջողվում ապահովել բնակչությանը բավարար սննդով, բնակարաններով, հագուստով կամ ծառայություններով): Չինական Ժողովրդական Հանրապետությունն առաջին երկիրն էր, որը նախագծեց ժողովրդագրական վերահսկման լուրջ ծրագիր, սակայն դա այնքան ուշացվեց, որ արդեն բնապահպանական ու տնտեսական լուրջ վնասներ էին հասցվել` այդպիսով մեծացնելով մարդկային տառապանքը և հետաձգելով այն զարգացումը (հատկապես ենթակառուցվածքային, սոցիալական և տնտեսական), որն անհրաժեշտ է բնակչության կենսամակարդակի կայուն աճ ունենալու համար: Բազմաթիվ այլ երկրներում, ուր անկեղծ ջանքեր են թափվել բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար, բնակչության թիվը սրընթաց աճել է` հանգեցնելով դժվարին, մեծածավալ ու ծախսատար աշխատանքի (օրինակ` Վիետնամում, Մոզամբիկում, որոշ չափով նաև Նիկարագուայում և այլն): Մինչ արդյունաբերական ենթակառուցվածքներն ու կառույցները կզբաղեցնեն իրենց տեղը, դրանք արդեն ծանրաբեռնված են հոծ բնակչությամբ:

Բոլոր դեպքերում, ինչպես արդյունաբերական, կապիտալիստական երկրներում, այնպես էլ համեմատաբար զարգացած «սոցիալիստական» երկրներում առկա պայմանները (այն է` սոցիալական ապահովությունը և թոշակի անցնելը, առողջապահությունը, կանանց հասարակական դիրքի ուժեղացումը, սոցիալ-մշակութային գործունեությունը, կրթությունը և այլն) միտված են եղել ծնելիության մակարդակի իջեցմանը, չնայած կառավարության` այն խրախուսելու ծրագրին: Ի տարբերություն նախկին ագրարային տնտեսության, ուր յուրաքանչյուր երեխա նոր եկամուտ էր բերում ընտանիքին, ներկայիս արդյունաբերական տնտեսության մեջ յուրաքանչյուր երեխա հանդիսանում է մի նոր ֆինանսական բեռ: Այսպիսով, սոցիալական ապահովությունը, կրթությունը, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ի տարբերություն սերունդ տալուն, ժողովրդագրական կորը հավասարակշռելու գործում շարժիչ գործոններ են հանդիսանում: Իհարկե, ցանկացած տնտեսական համակարգ, որը պնդում է մարդկային տեսակի շահերի պաշտպանման առաջնահերթությունը, պետք է իր առջև որպես գլխավոր նպատակներից մեկն ունենա այն նյութական, մշակութային և կրթական միջոցների ստեղծումը, որոնք անհրաժեշտ են գիտակցված ժողովրդագրական աճի նվազեցում կազմակերպելու համար: Այս է պահանջում մեր բնական միջավայրը:

Այժմ հարց կարող է ծագել, թե որքա՞ն բնակչություն կարող է տեղավորել երկրագունդը: Որտե՞ղ է սահմանագիծը կամ ո՞րն է սահմանային թիվը: Այսպիսի հարցերին որևէ բացարձակ պատասխան տալը դժվար է, սակայն վստահաբար կարելի է ասել, որ ինչքան մեծանում է բնակչության թիվը, այնքան մեծանում է լարվածությունը մեր բնական միջավայրի վրա: Օզոնային ճեղքերը, ջերմոցային էֆեկտը, թթվային անձրևները և համատարած աղտոտումը ցույց են տալիս, որ այս լարվածությունն արդեն ճակատագրական է դառնում մեր մոլորակի համար: Հավանական է, որ մենք արդեն անցել ենք երկրագնդի վրա մարդկանց թվաքանակի ողջամիտ սահմանները: Միայն մոտ 200 տարի առաջ աշխարհի բնակչության ընդհանուր թիվը պակաս էր մեկ միլիարդից: 35 տարի առաջ այն «ընդամենը» կազմում էր 2.5 միլիարդ: Այսօր այն հասնում է գրեթե 5.2 միլիարդի և աճում է տարեկան մոտ 85 միլիոնով: Երկրագնդի ստեղծման օրից ի վեր, մոլորակը դեռ երբեք չի ունեցել բնակչության այսպիսի հսկայական թվաքանակ, և մարդկության պատմության մեջ երբևէ յուրաքանչյուր անհատի նյութական կարիքներն այսքան մեծ չեն եղել: Ավելին, ըստ բազմաթիվ կանխատեսումների` ներկայիս բնակչության թիվը մոտակա 40 տարվա ընթացքում (կամ ավելի վաղ) կկրկնապատկվի, իսկ համաձայն որոշ կարծիքների` այն եկող դարի ընթացքում ավելի քան կեռապատկվի (չնայած որոշ երկրներում աճը կհավասարակշռվի և անգամ հետընթաց կապրի): Այդ 5 միլիարդից ավելի մարդկանցից արդեն մոտ 3 միլիարդը, ըստ հաշվարկների, ապրում են աղքատության պայմաններում(1): Մեկ միլիարդից ավելին (ոմանք ասում են` մոտ երկու միլիարդ) տառապում են սննդի պակասից, թերսնուցումից կամ սովից: Առավել մեծ թվով մարդիկ ապրում են ոչ բավարար բնակարանային պայմաններում (կամ ընդհանրապես զուրկ են բնակարանային պայմաններից), և էլ ավելի մեծ թվով մարդիկ (մոտ երեք միլիարդից ավել) ունեն կրթության ցածր մակարդակ կամ ընդհանրապես չեն ստացել կրթություն և/կամ օգտվում են առողջապահական ծառայությունների ցածր մակարդակից կամ չեմ օգտվում ընդհանրապես: Այս վիճակագրական տվյալները մեր սրընթաց ժողովրդագրական աճը բավական մռայլ հեռանկարի մեջ են դնում:

Միանգամայն ճիշտ է, որ այսօրվա ճգնաժամը խորացնում են տնտեսական այն համակարգերը, որոնք անհեռատեսորեն շահագործում, փչացնում և վատնում են բնական պաշարներն ու բնության ներուժը: Թույլ զարգացած երկրները, ուր ծայրահեղ և համատարած աղքատություն կա, ներքաշվում են արատավոր շրջանակի մեջ, ուր նրանք չունեն այլ ճանապարհ (բացառությամբ ժողովրդական հեղափոխության, սակայն անգամ հաջող հեղափոխությունից հետո լարվածությունը շարունակվում է պահպանվել, օրինակ ` Նիկարագուայում, Մոզամբիկում և այլն), քան հնարավոր ամենացածր գներով հանձնել իրենց հումքն ու գյուղատնտեսական արտադրանքը հարուստ արդյունաբերական երկրներին` փորձելով կանխել տնտեսության անխուսափելի կործանումը: Եթե առևտրական հարաբերություններում ճնշումն ու հարկադրաբար հյուծումը, ինչով բնութագրվում է առկա անհավասար առևտրի մեծ մասը, փոխարինվեին իրապես համագործակցային, երկարաժամկետ, փոխադարձ շահավետ հարաբերություններով, ապա այսօրվա տառապանքների մեծ մասը կհատուցվեր: Բացի այդ, եթե յուրաքանչյուր երկրի ներսում ռեսուրսներն առավել հավասար բաշխվեին և նրանց շահագործումը ենթարկվեր բնակչության ժողովրդավարական կամքին, ապա ներկայիս ներուժը միանգամայն բավարար կլիներ այս հիմնական պահանջներից զրկված մարդկանց մեծամասնությանը ինչպես հարկն է կերակրել, ապահովել հագուստով, բնակարաններով և տալ կրթության հնարավորություն: Այս ամենը գիտակցում են բոլոր թույլ զարգացած երկրների բնակիչները, և այս է պատճառը, որ հեղափոխական շարժումները դեռևս թափ են հավաքում: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ երկրի ռեսուրսների` անգամ ամենաարդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա բավարարել տվյալ երկրի ողջ բնակչության պահանջները: Սա արդեն իրողություն է բազմաթիվ խիտ բնակեցված երկրներում, և քանի դեռ ժողովրդագրական աճը շարունակվում է, հավանաբար կվերաբերի երկրագնդի վրա գտնվող գրեթե յուրաքանչյուր երկրի ու գնալով կդառնա ավելի մտահոգիչ խնդիր: Բայց մի բան հստակ է՝ որքան ավելանում է երկրի բնակչությունը, այնքան մեծանում է լարվածությունը բնական միջավայրի վրա, անկախ այն բանից, թե որ տնտեսական համակարգն է գործում:

Բնակչության կտրուկ աճը և դրա ազդեցությունը մեր միջավայրի վրա խնդիր է, որն ընդհանուր է բոլոր տնտեսական համակարգերի համար, և որը պատուհասում է գրեթե յուրաքանչյուր երկրի: Ներկա աշխարհում ոչ մի համակարգ կամ կառավարություն չի կարող իսկապես պատասխանատու համարվել, եթե նրա գործունեության շրջանակների մեջ չեն մտնում ժողովրդագրական աճի վերահսկումն ու կանխումը: Կատարյալ լուծումն այն կլինի, որ գործի դրվի նյութական և կրթական հաստատությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտ են բնակչության աճի կամավոր/գիտակցված նվազեցում կազմակերպելու համար:

Ազգային հարցը և ժողովրդագրական աճը

Փոփոխված ու փոփոխվող աշխարհում բնակչության աճը տնտեսության թուլացման, աղքատացման ավելացման և բնական միջավայրի ոչնչացման պատճառ է դառնում, և այս համատեքստում է, որ մենք պետք է դիտարկենք ազգային հարցը: Էկոլոգիան և տնտեսությունն ավելի ու ավելի հստակորեն են ցույց տալիս, որ բնակչության աճը հակասում է մարդկության կյանքի որակական զարգացմանը և կարող է հանգեցնել աղետի: Սա ճշմարիտ է նույնիսկ համեմատաբար նոսր բնակեցված երկրների համար, ինչպիսիք են` Մոնղոլիան, Նամիբիան, Պարագուայը, Ավստրալիան և այլն, որտեղ կառավարությունների կողմից ճիշտ քայլ կլինի այժմ ևեթ մշակել ժողովրդագրական քաղաքականություն` փոխարենը սպասելու, որ իրենք նույնպես հայտնվեն գերբնակեցման, աղքատության, միջավայրի ոչնչացման արատավոր շրջանի մեջ…(2): Այն երկրների համար, որոնք չունեն պատմականորեն վիճահարույց սահմաններ, իսկ բնակչությունը (կամ դրա ճնշող մեծամասնությունը) մեկ ազգային միավոր է կազմում, ժողովրդագրական խնդրին կարող են մոտենալ համեմատաբար ավելի պարզ ձևով: Սակայն պատերազմների, կայսրությունների կառուցման, գաղութարարության և տարածքային թշնամանքի հարյուրավոր տարիներն աշխարհի ներկա քարտեզը վերածել են իսկական մի խառնաշփոթի:

Միայն շատ քիչ թվով երկրներ ունեն սահմաններ, որոնք մեծ կամ փոքր ճշգրտությամբ ներկայացնում են մեկ ամբողջական, ազգային հայրենիք: Սա վերաբերում է ոչ միայն Աֆրիկային, ուր սահմաններից շատերը ժառանգվել են գաղութային ժամանակներից, երբ եվրոպացի քարտեզագիրները` համապատասխան բանակներից աջակցություն ստանալով, գծեցին իրենց նվաճած շրջանները` բացարձակապես անտեսելով այս կամ այն տարածաշրջանի պատմությունը կամ էթնիկ կազմը: Սա նույն չափով վերաբերում է «քաղաքակիրթ» Եվրոպային, ուր Ֆրանսիայի նման երկիրը իր մեջ ներառում է Կորսիկան, Կատալոնիայի կեսը, Էուսկադիի մի մասը (Բասկերի հայրենիքը), Բրետանը և Էլզասը (էլ չենք խոսում այլ մայրցամաքներում գտնվող գաղութների մասին): Աշխարհի ներկայիս անտրամաբանական և մեծապես կամայականորեն գծված սահմանները բազմաթիվ ասպարեզներում կործանարար և ապակայունացնող հետևանքներ ունեն: Ամեն ինչ՝ սկսած լայնամասշտաբ պատերազմներից, վերջացրած անհատի հոգեբանական խանգարումներով, կարող է մասնակիորեն կամ ամբողջությամբ վերագրվել այսօրվա աշխարհաքաղաքական խառնաշփոթին, որը չի համապատասխանում պատմական և էթնիկ/ազգային իրականությանը:

Ազգային խնդրի աշխարհագրական կողմը սերտորեն առնչվում է ժողովրդագրական սկզբունքին: Սխալ վարչական կամ քաղաքական սահմանների պատճառով ողջ աշխարհում տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) էթնիկ և ազգային խմբեր «ազգային պարտականություն» են համարում հնարավորինս շատ երեխաներ ունենալը: Հաճախ այս միտումը շարունակվում է՝ հակառակ մարդկային կուտակումների արագընթաց ավելացմանը: Վառ օրինակ են հանդիսանում պաղեստինցիները: Նրանք համարում են, որ բնակչության սրընթաց աճը (անգամ խիտ բնակեցված Գազայում) անհրաժեշտ միջոց է` կանխելու համար հայրենիքը կորցնելու վտանգը, և ի վերջո վերականգնելու մեծամասնություն լինելու իրենց կարգավիճակն ու միաժամանակ համալրելու իրենց ռազմական ուժերը զինվորներով: Հաշվի առնելով սիոնիստական քաղաքականությունը և պատմական հիմքի վրա որևէ լուծման նկատմամբ հույսի բացակայությունը` նրանք միանգամայն ճիշտ են վարվում` կապելով իրենց թվաքանակի աճը սեփական ժողովրդի ապագայի հետ: Առավել հայտնի դեպքերից մի քանի օրինակներ են Հյուսիսային Իռլանդիան, Թամիլը, Էլամը, Ամազոնի և Օրինոկոյի ավազանի ժողովուրդները, սիկհերը և այլն և այլն, ուր բնակչության աճն անհրաժեշտ է համարվել ազգի գոյությունը պահպանելու համար: Իհարկե, այս շարքի օրինակներից է նաև մեր դեպքը:

Հայկական հարցն այսօր: Ինչպես արդեն նշել եմ (տես` «Պայքարելու իրավունքը»), թեև ժողովրդագրությունը ազգային հարցի վրա ազդող գործոններից մեկն է, ազգային իրավունքները չեն կարող պարզունակորեն իջեցվել վերարտադրության կամ միգրացիայի մրցավազքի մակարդակին (հատկապես քաղաքական հողի վրա տեղի ունեցող միգրացիան, երբ փորձ է արվում փոխել տվյալ տարածաշրջանի բնիկ` ազգային դիմագիծը): Մի աշխարհում, որտեղ առաջնորդվում են օբյեկտիվ, բանական մտածողությամբ, որևէ ժողովուրդ չպետք է պարտավորվածություն զգա ունենալու հնարավորինս շատ երեխաներ` պաշտպանելու համար իր ազգային գոյությունը: Այնուամենայնիվ, այսօրվա աշխարհի վրա դեռևս իշխում են ագրեսիվ, շովինիստական, գաղութային, մերժողական և անհավասարակշիռ քաղաքական ուղղությունները, որոնք հետապնդում են անհեռատես ու նեղ խմբային շահեր: (Այսքանը բոլոր նրանց համար, ովքեր խոսում են «ժամանակակից քաղաքակրթության» մասին): Հայ ժողովուրդը երկար ժամանակ տառապել է այսպիսի գործելակերպի պատճառով: Ըստ էության` այսօր շատ բան չի փոխվել, քանի որ մեր ազգային գոյությունը դեռևս վտանգվում է նմանօրինակ հակամարտող բնույթ ունեցող մոտեցումների պատճառով: Այս քաղաքական մոտեցումներն են, որ ստիպել են հայ ժողովրդի ստվար մեծամասնությանը կառչել այն գաղափարից, թե երեխաներ ունենալը «հայրենասիրական պարտավորություն է» և անհրաժեշտ քայլ է ազգային գոյությունն ապահովելու համար:

Մինչ Սփյուռքի լայն շրջանակներում, ձուլման ուժեղ միտումների պատճառով, երեխաներ ունենալն այլևս չի համարվում հայերի թվաքանակն ավելացնելու կարևոր միջոց (տես`«Պայքարելու իրավունքը») Հայաստանի ներսում դա, իրոք, այդպես է: Իհարկե, ծնելիության մակարդակն այնտեղ բարձր է, հատկապես Սովետական Միության համար: Այնուամենայնիվ, Հայաստանն արդեն ավելի խիտ է բնակեցված, քան շատ այլ երկրներ(3): Դրա տարածքի մեծ մասը պիտանի է միայն նոսր բնակեցման համար, մինչդեռ և՛ գյուղատնտեսական հողերը, և՛ թանկարժեք հումքը համեմատաբար սակավ են: Գոյություն ունի տարրական անհրաժեշտությունների պակաս` սնունդ, բնակարան, էլեկտրականություն, բժշկական օգնություն և այլն: Բացի այդ, բոլորն այժմ քաջ գիտակցում են էկոլոգիական վնասի չափերը, վնաս, որն արդեն ազդել է թե՛ բնության, և թե՛ մարդկանց կենսագործունեության վրա, ներառյալ` մանկահասակ երեխաները: Էկոլոգիական վնասի մեծ մասն, իհարկե, առաջացել է այն պատճառով, որ կիրառվել են ոչ ճիշտ արդյունաբերական ծրագրեր, թափոններից ազատվելը իրականացվել է խիստ փոքր ծախսերով, և սեղմվել է բնական միջավայրը` յուրաքանչյուր 5 տարվա քանակական պլանը կատարելու համար:

Այնուամենայնիվ, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում մեծաթիվ բնակչություն նշանակում է առավել մեծ բեռ էկոլոգիայի և տնտեսության համար: Հաշվի առնելով այս ամենը` մենք պետք է վերանայենք բնակչության աճի խնդիրը` իր դրական և բացասական ազդեցություններով:

Մենք արդեն անդրադարձանք դրա բացասական կողմերին, այնպես որ եկեք կրկին վերադառնանք նրան, թե ժողովրդագրությունն ինչ ազդեցություն է ունենում մեր ազգի ապագայի վրա: Հայաստանում առանց այդ էլ բնակչության 90%-ը հայեր են, այնպես որ մեր հայրենի տարածքը «ոչ հայերով» բնակեցված լինելու ժողովրդագրական վտանգի տակ չէ: Միակ բանը, որ կարող է փոխել ներկա վիճակը (միջնաժամկետ ապագայում), թուրքական բանակի ներխուժումն է, միջուկային պատերազմը կամ դեռևս անհայտ էկոլոգիական աղետը: Հայաստանից արտագաղթը աճում է, սակայն քիչ հավանական է, որ ոչ հայ բնակչությունն այստեղ կդառնա մեծամասնություն, առնվազն եթե տնտեսությունն ամբողջապես չոչնչացվի:

ժողովրդագրական առումով իրավիճակն Արցախում (ներառյալ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած տարածքները) և Նախիջևանում իրապես մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ազդեցությամբ երկու տարածքներից էլ բնիկ հայերը տեղահանվել են և վերաբնակեցվել ադրբեջանցիներով: Նախիջևնում սա շատ հաջող է իրականացվել (չնայած դա չի նշանակում, որ այդ շրջանը չի վերամիավորվելու Հայաստանին. տե´ս «Պայքարելու իրավունքը»): Արցախի դեպքում այդ քաղաքականությունը մասամբ է հաջողվել. 70 տարի առաջ այնտեղ ապրող հայերի ճնշող մեծամասնությունն այսօր կրճատվել է` դառնալով մոտ 75% (ինչը դեռևս շատ կարևոր է): Այնուամենայնիվ, անցած 2.5 տարիների ընթացքում ադրբեջանական իշխանություններն ակտիվացրել են իրենց հակահայկական ճնշումները բոլոր ասպարեզներում` ներառյալ ռազմական հարձակումները և բռնի տեղահանումները: Հետևաբար, այս տարածքներում հայ բնակչության մեծամասնության պահպանումն ազգային ինքնորոշման և վերամիավորման պայքարի կարևոր տարրերից է:

Ախալքալաքում հայերը մեծամասնություն են կազմում, սակայն այնտեղ նույնպես առկա են տեղահանման միտումի նշաններ:

Սահմանի մյուս կողմում` Թուրքիայում, իրավիճակը հատկապես վատ է: Ցեղասպանության և պետության կողմից հովանավորվող, մինչ օրս շարունակվող ճնշումների հետևանքով տարածքում մնացել է մոտ 4 միլիոն բնակիչ, որոնցից միայն քսան կամ երեսուն հազարն են հայ (կամ համարում են իրենց հայ): Այստեղ նույնպես ժողովրդագրական գործոններն իրենց դերը կունենան քաղաքական-վարչական սահմանների հետագա ձևափոխման մեջ: Այսօր իրողությունը սա է, սակայն արտագաղթը Հայաստանից և սահմանի մյուս կողմում բնակչության աճի բարձր տեմպերը (տարեկան 2.8%` համեմատած Հայաստանի նախկին ցուցանիշի հետ, որը տարեկան 2%-ից մի փոքր ավել էր), կարող են փոխել իրերի դասավորությունը մոտ մեկ տասնամյակում(4): Քանի որ հայոց հայրենիքի մեծ մասը գտնվում է Թուրքիայի տարածքում, դրա բոլոր հատվածների վերամիավորման ցանկացած փորձի դեպքում պետք է հաշվի առնել ժողովրդագրական գործոնը:

Ի տարբերություն իմ գրվածքների մեծ մասի` ես այստեղ չեմ անի որևէ եզրակացություն, այլ կանգ կառնեմ` առաջ քաշելով կարճ գործնական առաջարկներ: Այս գրական ակնարկի նպատակն է քննարկման սեղանին դնել դեռևս լրջորեն չբարձրացված մի հարցադրում: Մինչ օրս հայերն ուղղակի համարել են, թե ինչքան շատ երեխա ունենաս, այնքան լավ: Այսօր շատ երեխաներ ունենալու առումով առկա է հասկանալի «ճնշում»` կապված հայկական ազգային հարցի անկողմնակալ, խաղաղ լուծման բացակայության հետ, այնուամենայնիվ, գնալով ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ էկոլոգիական հավասարակշռությունը և տնտեսական առաջընթացը, որոնք նույնպես կենսական նշանակություն ունեն մեր ազգի ապագայի համար, համահունչ չեն մեր հայրենիքի այն տարածքի գերբնակեցմանը, որտեղ այժմ գոյություն ունի հայկական պետություն: Այս պահին իմ միակ գլխավոր խորհուրդը հետևյալն է`

1. Սփյուռքում և մեր հայրենիքում այսօր առաջնահերթությունը պետք է լինի կյանքի որակը և յուրաքանչյուր անձի որակը, այլ ոչ թե քանակի բացարձակ շեշտադրումը (ասելով կյանքի «որակ»` ես նկատի չունեմ, թե ինչքան է անձը հարուստ կամ ինչքան է սպառում: Խոսքը գնում է բարոյական, կրթական և մտավոր զարգացվածության, ինչպես նաև ֆիզիկական առողջության մասին):
2. Հայ ժողովուրդը և իր պետական համակարգը պետք է մշակեն ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականություն, ինչը հաշվի կառնի թե´ դեռևս չլուծված մեր ազգային հարցի սրությունը, թե´ բնական միջավայրի վերականգնման և տնտեսական առաջընթացի անհրաժեշտությունը:
3. Մեր հայրենիքի և հայերի վերամիավորման պայքարի մեջ մենք պետք է ձգտենք՝ ստանալու հայկական հողերի վրա ապրող բոլոր բնակիչների հավանությունն ու աջակցությունը` անկախ այն փաստից նրանք հայ են, թե ոչ:

Ծանոթագրություններ (1) Ես բազմաթիվ տարբեր գնահատականներ եմ կարդացել, որոնք տարբերվում են իրենց վիճակագրությամբ, սակայն բոլորն էլ երևան են հանում մարդկության համար բավական խոշորամասշտաբ, համաշխարհային ճգնաժամ: Այստեղ ես կբերեմ մոտավոր թվեր, որոնք, հուսով եմ, կներկայացնեն ընդհանուր իրավիճակը: Կարևորն այն է, որ մարդիկ հասկանան ճգնաժամի չափն ու ներկա միտումները:
(2) Ժողովրդագիրների կարծիքով` աշխարհի բնակչության թվի բնական ու կամավոր ճանապարհով կրճատումը հնարավոր կլինի միայն եթե բոլոր զույգներն իրենց երեխաների թիվը սահմանափակեն մեկով, այն դեպքում եթե լրացել է ամուսինների առնվազն 30 տարին:
(3) Այստեղ «Հայաստանը» վերաբերում է բոլոր այն տարածքներին, որոնք գտնվում են Հայաստանի կառավարության վարչական հսկողության տակ, հետևաբար մենք չենք ներառում հայոց հայրենիքի մեծ մասը, հատկապես ներկայումս Թուրքիայում գտնվող տարածքները:
(4) Այս թեմայի շուրջ առավել մանրամասն տե´ս «Պայքարելու իրավունքը»:

In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,