News

ՀԲՃ-ի և Ամուլսարի պահապանների զորակցության հայտարարությունը Մաունա Քեա լեռան պահապաններին

Mauna Kea

Հայկական բնապահպանական ճակատն ու Ամուլսարի պահապանները զորակցություն են հայտնում Քանակա Մաոլիին՝ սերնդեսերունդ իրենց պատկանող երկրի ապականումը դադարեցնելու պայքարում: Մենք աջակցում ենք Մաունաքեա Քիա’իի խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, ովքեր սիրով, հարգանքով ու կարեկցանքով (Kapu Aloha) ոտքի են կանգնել Հավայան Մեծ Կղզում գտնվող իրենց սրբազան լեռան՝ Մաունա Քեայի գագաթին կառուցվող Երեսուն մետրանոց աստղադիտակի (TMT) շինարարության դեմ. այս նախագիծը հաստատվել է առանց տեղաբնիկների հետ պատշաճ խորհրդակցություններ վարելու, առանց նրանց ազատ ու տեղեկացված համաձայնությունը ստանալու:

Մենք հասկանում ենք, որ Հավայիի բնիկ ժողովրդի այս պայքարը հրատապ է՝ իրենց մշակույթը, ավանդույթները և բնական ռեսուրսները գաղութարարությունից և կապիտալիզմից պաշտպանելու համար: Այս պայքարն ավելին է, քան զուտ լեռան պաշտպանությունը. սա պայքար է ապագա սերունդների կյանքի համար: Մենք գիտենք, որ Հավայիի բնակիչների ջուրը սկիզբ է առնում Մաունա Քեա լեռան գագաթից, որտեղ էլ նախատեսում են կառուցել աստղադիտակը: Ջուրը կյանք է: Մենք հավատում ենք ջրի զորությանը և պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն: Այս պատճառով է, որ ավելի վաղ զորակցություն էինք հայտնել նաև Սթենդինգ Ռոքի Լակոտա ժողովրդի պայքարին՝ Միսուրի գետի ներքո Դակոտայի նավթամուղը կառուցելու ծրագրի դեմ, որը կորպորացիաների ագահության և բնիկ ժողովուրդների ինքնավար իրավունքները խախտելու գնով վտանգել է նրանց ջրային պաշարները:

Ձեզանից հազարավոր մղոններ հեռու՝ մենք նույնպես պայքարում ենք մեր մաքուր ջրի և կենսամիջավայրի համար: Օֆշորային մի ընկերություն, որը վայելում է ԱՄՆ կառավարության ու ներդրողների աջակցությունը, ծրագրում է ոսկու բաց հանք շահագործել Ամուլսարում, որտեղից սկիզբ են առնում մեր համայնքի ու ամբողջ Հայաստանի համար կարևոր ջրային աղբյուրներ: Ինչպես Երեսուն մետրանոց աստղադիտակի դեպքում, մեր պարագայում նույնպես համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել և համաձայնությունը չեն ստացել: Ավելի քան մեկ տարի է՝ ինչ համայնքի բնակիչները շրջափակել են հանքավայրի տարածք տանող լեռնային ճանապարհները և դադարեցրել են ծրագրի շինարարական աշխատանքները: Այս ջանքերի շնորհիվ հանքը չի սկսել շահագործվել: Մենք ամուր ենք մնալու մեր դիրքորոշման մեջ և շարունակելու ենք պայքարել՝ մինչև Հայաստանի կառավարությունը լսի իր ժողովրդի ձայնն ու վերջնականապես դադարեցնի այս ծրագիրը:

Կոչ ենք անում նահանգապետ Դեյվիդ Իգեին հետ կանչել հուլիսի 17-ին հրապարակված արտակարգ իրավիճակի մասին որոշումը, թույլ տալ պահապաններին կենսագործել սահմանադրությունից և մարդու իրավունքների բխող՝ խաղաղ հավաքների իրենց իրավունքը: Կոչ ենք անում TMT-ի ղեկավար խորհրդին դադարեցնել Մաունա Քեայի վրա Երեսուն մետրանոց աստղադիտակի շինարարությունը: Կանգնե՛ք պատմության ճիշտ կողմում, եղե՛ք մարդկանց կողքին, պաշտպանե՛ք մեզ կյանք տվող Բնությունը և վաստակե՛ք ապագա սերունդների հարգանքը:

In English

Share Button

Մեկնաբանություն

comments