News

Ինչ է թաքցնում «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը. ՀԲՃ

21

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված «Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան» վերլուծական հոդվածին արձագանքել է «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը՝ հանդես գալով հայտարարությամբ։ Քանի որ այդ հայտարարությունը համեմված է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով՝ ստիպված ենք մեր այս հոդվածի միջոցով արձանագրել դրանք։ Հիմնադրամից պնդում են, որ իրենք իրականացնում են Ազատի գետի ավազանի որոշակի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը, իսկ Գառնի համայնքի տարածքում կնքել են պայմանագիր մեկ հեկտար հողատարածքի վարձակալության վերաբերյալ։

Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նախարարության և «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի միջև 2015թ-ի հոկտեմբերի 6-ին կնքվել է «Կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության» մասին համար N004 պայմանագիրը, որում նշված են հիմնադրամի կողմից տարբեր համայնքներում վարձակալած թվով հինգ հողատարածքների կադաստրային վկայականների տվյալները։ Տեղեկացնենք, որ նմանատիպ պայմանագրերը կնքվում են այն նպատակով, որպեսզի հետագայում այդ տարածքներում կազմակերպվեն վայրի կենդանիների (հիմանականում բեզոարյան այծ և հայկական մուֆլոն) հաղթանշանային որս՝ ինչպես դա արվել է բոլորին լավ հայտնի «Սաֆարի ինթերնեյշնլ» ընկերության դեպքում։

Իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված պատասխանից պարզվել է վերոնշյալ հինգ հողատարածքների մակերեսները՝ Գառնի համայնքում 99,25 հեկտար, Հացավանում 10,5, իսկ Լանջազատում երեք հողամասեր՝ ընդհանուր 134,6։ Այսինքն միայն մեր կողմից պարզած այս հինգ հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 244,35 հեկտար՝ հիմնադրամի նշած ընդամենը մեկ հեկտարի փոխարեն։

«Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ նաև նշված է, որ իրենք մինչև օրս ոչ մի ծառատունկ չեն իրականացրել։ Այնինչ համաձայն «ԷկոԼուր» կայքի հրապարակման հիմնադրամի աշխատակիցն ասել է, որ հիմնադրամն անցյալ տարի այդ տարածքում 10 000 ծառ է տնկել: Դեռ ավելին։ Մենք էլ ենք այցելել այդ տարածքներ և լուսանկարել ենք նորատունկ այգիները, իսկ տեղի գյուղացիների հետ բազմաթիվ զրույցների ընթացքում մեկ անգամ ևս տեղեկացել, որ դրանց հետևում կանգնած է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Հիշեցնենք, որ Armtimes.com լրատվական կայքի «Իշխան Զաքարյանը գյուղացիներին զրկել էր խմելու ջրից» հրապարակման մեջ ասվում է, որ Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց խմելու ջրի մատակարարման ժամանակացույցը խախտվել է և օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, այն էլ՝ ոչ կանոնավոր ժամի: Նրանք պնդում են, որ Իշխան Զաքարյանը և ևս մի քանի հոգի այդ ջրից վերցրել են, ինչ-որ այգիներ են հիմնել անցած տարի:

Իսկ Գառնի և Գողթ գյուղի բնակիչներն էլ իրենց հերթին միաբերան պնդում են, որ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կառուցվող «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի նաև հենց «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից վարձակալած հողատարածքների ոռոգումը։

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պալատի պաշտոնական կայքում տեղադրված իր

հայտարարության մեջ իհարկե հերքել է այս բոլոր լուրերը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքն այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունի՝ համարելով, որ այս ամենն ընդամենը վատ տեղեկատվության պատճառով է։ Նաև հարկ է համարել տեղեկացնել, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունի: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իր կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իր այդ սեփականությունը» կնվիրի հայտնաբերողին:

Իհարկե միայն միամիտ մարդիկ կարող են կարծել, որ պետական պաշտոնյաներն իրենց ողջ ունեցվածքն ու սեփականության տարբեր տեսակները գրանցում են անձնապես իրենց անունով։ Հիմնականում դա արվում է տարբեր հարազատների, բարեկամների կամ ընկերների անուններով, ինչը բավականին դժվար է բացահայտել։ Սակայն փորձը ցույց է տվել, որ տեղաբնակների միաբերան պնդումները չեն կարող առանց հիմքերի լինել և մենք կաշխատենք պարզել, թե ինչ կապ կա ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի և «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի միջև։

Բոլոր փաստաթղթերին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
22

24

23

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,