News

Հիմա էլ Սփյուռքից գումար են մուրում Ամուլսարի հանքավայրը շահագործելու համար

Ամուլսար լեռըՀանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման համար օտարերկրյա ընկերություններն արդեն հասել են Սփյուռքի մեր գաղթօջախներ, որտեղ կազմակերպում են տարբեր հանդիպումներ, որոնց շրջանակներում փորձում են ցույց տալ հանքարդյունաբերության փրկիչ դերը Հայաստանի տնտեսության զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ:
Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Լիդիան ինթերնեյշնլի (Lydian International) և նրա դուստր հայկական Գեոթիմ ՓԲԸ-ի ղեկավարությունը սույն թվականի հոկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում հանդիպում է անցկացրել հայ համայնքի հետ, որտեղ կոչ են արել ներդրումներ կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ: Նույնպիսի հանդիպում սպասվում է նոյեմբերի 7-ին Նյու Յորքում: Կարելի է ենթադրել, որ Ամուլսարը շահագործելու համար հանքարդյունաբերողները լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունեն, և հիմա էլ Հայաստանի համար վտանգավոր ծրագրերի ֆինանսավորման մեջ ներքաշում են մեր հայրենակիցներին:

Հարցը միայն Ամուլսարը չէ: Խնդիրը համակարգային է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանքարդյունաբերությունը հռչակել է մեր պետության զարգացման առաջնային ճյուղերից մեկը՝ պնդելով, թե դա մեր տնտեսության ողնաշարն է: Իսկ բնապահպանական աղետների մասին բարձրաձայնողներին հաճախ մեղադրում են զգացական գնահատակնների մեջ՝ ասելով, թե նրանք մտահոգվում են միայն էկոլոգիայի մասին: Մենք սույն հոդվածով ներկայացնում ենք թվերն ու փաստերը՝ ի գիտություն հանքարդյունաբերական ծրագրեր ֆինանսավորող կազմակերպությունների, իսկ մեր հայրենակիցներին ասում, որ, իհարկե, շահույթ ստանալու համար ներդրումներ կարելի է կատարել, բայց եթե առաջնային նպատակը Հայաստանին օգնելն է, ապա հանքավայրերի շահագործման որևէ նոր ծրագիր ֆինանսավորելուց առաջ պետք է նախ և առաջ պարզել, թե ինչ օրենսդրական դաշտ է գործում այս ոլորտում, ինչ ռազմավարությամբ է իրականացվում հանքարդյունաբերությունը և ստացված գումարներն, ի վերջո, ուր են գնում:

Հանքարդյունաբերողների համար ստեղծված է օրենսդրական դրախտ

Հայաստանում հանքեր շահագործելը շատ հրապուրիչ է, քանի որ գործում է այնպիսի օրենսդրական և հարկային դաշտ, որ հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են իսկական հարկային դրախտում: Մեզ և հաջորդ սերունդներին բնության կողմից շնորհված պաշարներն արդյունահանելու արդյունքում ստացված շահույթից վճարման ենթակա են այնպիսի հարկեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին:
Դրա պատճառով է, որ հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է մեր երկրի ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) ընդամենը 3 տոկոսը:

Հայաստանում հանքարդյունաբերական ընկերություններն ամբողջությամբ ազատված են պոչանքների, լցակույտերի և մակաբացման ապարների տեղադրման համար վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով` ինչպես օրինակ Էստոնիայում է (1 տոննայի դիմաց 1.06 եվրո), ապա դրանք կկազմեին տարեկան հարյուր միլիոնավոր եվրո գումարներ, ինչը շատ ավելի մեծ գումար կկազմեր, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված:

Շրջակա միջավայրն աղտոտելու և մարդկանց առողջությունը վտանգելու դիմաց սահմանված են այնպիսի ցածր տուգանքներ և բնապահպանական վճարներ, որ աղտոտողին ավելի ձեռնտու է վճարել այդ չնչին գումարները, քան թե ներդնել նոր տեխնոլոգիաներ և մաքրման համակարգեր:

Հայաստանում չի գործում հանքարդյունաբերական ամբողջական ցիկլը՝ հումքը չի դառնում վերջնական արտադրանք: Հանքարդյունաբերական ծրագրերում ներդրումներ կատարող մեր հայրենակիցներին խնդրում ենք մտաբերել վերջնական արտադրանք ապահովող գեթ մեկ ձեռնարկություն Հայաստանում: Ստիպված ենք փաստել, որ մենք տնտեսապես ուժեղ երկրների համար դարձել ենք պարզապես հանքահումքային կցորդ, և մեր բնական միջավայրի ոչնչացման գնով սպասարկում և զարգացնում ենք այլ երկրների տնտեսությունները:

Հարց է առաջանում. աշխարհում կա՞ քիչ, թե շատ զարգացած համարվող որևէ երկիր, որ իրեն թույլ կտար այսպիսի պայմաններով հանքեր շահագործել իր տարածքում: Եթե այո, բերեք օրինակը:

Այլևս ոչ մի նոր հանք Հայաստանում կամ ինչո՞ւ չի կարելի շահագործել Ամուլսարը:

Թերի օրենսդրական դաշտը դեռ բավարար չէ, չեն պահպանվում նաև արդեն իսկ գործող օրենքները:
Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի ՇՄԱԳ-ում արտացոլված չեն շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար իրական ռիսկերը, որոնց մասին հասարակությունը, պետական կառույցները, անկախ փորձագետները բազմիցս ահազանգել են ՀՀ բնապահպանության նախարարություն, կառավարություն և Lydian International ընկերության հիմնական բաժնետերերին՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD): Ինչո՞ւ չի կարելի շահագործել Ամուլսարը: Մանրամասն հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սար 1

Կոչ ենք անում Հայաստանից դուրս ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր Լիդիան ինթերնեյշնլի և Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից հրավիրվում են Ամուլսարի նախագծի շուրջ քննարկումների, չմասնակցել դրանց, և ևս մեկ անգամ հիշեցնում ենք.
Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ շահագործման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 26-ը մետաղական են, ևս 71 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում և սպասում է շահագործման: Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են ծանր մետաղներով և այլ վտանգավոր նյութերով:
Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար:

Քանի դեռ Հայաստանում չեն կատարվել համակարգային, արմատական փոփոխություններ, մասնավորապես՝ քանի դեռ չի վերանայվել հանքարդյունաբերության և բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտը, հարկերի և այլ վճարների դրույքաչափերը, քանի դեռ հանքարդյունաբերական ծրագրերը չունեն երկարաժամկետ պլանավորում, քանի դեռ չի իրականացվում սպասվող շահույթի ու երկարաժամկետ էկոլոգիական վնասի գնահատում, քանի դեռ հանքերի շահագործումից ստացված գումարները չեն ծառայում Հայաստանի իրական հզորացմանը, մենք՝ որպես հայ մարդ և ՀՀ քաղաքացիներ, հայտարարում ենք, որ ամեն քայլ ձեռնարկելու ենք այդ կործանարար գործընթացը կասեցնելու ուղղությամբ, և խստորեն դատապարտում ենք հանքարդյունաբերող ընկերությունների կողմից կազմակերպվող նմանատիպ քննարկումներն ու ֆորումները, որոնք ընդամենը ծառայում են Հայաստանի ընդերքն ավելի արագ թափով շահագործելուն:

Հանքարդյունաբերական ծրագրեր ֆինանսավորող բանկերին և միջազգային կառույցներին կոչ ենք անում երկակի չափանիշներով չաշխատել: Մի կողմից խոսվում է գյուղատնտեսական ծրագրերի և համայնքների զարգացման մասին, իսկ մյուս կողմից՝ նրանք դառնում են հանքարդյունաբերական աղետաբեր ծրագրերի ֆինանսավորող և բաժնետեր: Հիշեցնում ենք, որ բոլոր այն կազմակերպություններն ու բանկերը, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի մեր պետության անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանն ու կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը:

Բոլորի ուշադրությանը ներկայացնում ենք երկու տեսաֆիլմ, որոնք ցույց են տալիս, թե ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական և առողջապահական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից:

Հայաստանի կոտրվող ողնաշարը. բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմ

Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար. ԱՐ հեռուստաընկերության ռեպորտաժը

Share Button

Մեկնաբանություն

comments