News

Փոքր ՀԷԿ-երի պատճառով Գեղարոտ գետի ջուրն անպիտան է ոռոգման համար, իսկ խմելու ջրի աղբյուրները վտանգված են․ դոցենտ Լիանա Մարգարյան

1

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ջրի որակի մասնագետ Լիանա Մարգարյանը Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությանն է տրամադրել 2007-2014թթ համար Գեղարոտ գետի ջրաքիմիական վերլուծության արդյունքների ամփոփագիրը, որտեղ կան ուշադրության արժանի շատ լուրջ գիտական փաստեր, որոնց պարտավոր են ինչ-որ կերպ արձագանքել ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունները։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում այդ ամփոփագիրը․

«Գեղարոտ գետը համարվում է Արագածի շրջանի մի շարք գյուղերի միակ ոռոգման ջրի աղբյուրը, իսկ գետի ակունքի ջրերով խմելու նպատակով ջրամատակարարվում են մի շարք գյուղեր՝ Արագածը, Արան և Վարդենուտը։

Գեղարոտ գետը սնուցումը ստանում է Արագած լեռան գագաթում ձևավորվող ձնհալի ջրերից։ Նույն ջրերով էլ իրականացվում է վերը նշված գյուղերի խմելու ջրամատակարարումը՝ կազմված 3 կապտաժային համակարգերից (2800 մ ծովի մակարդակից բարձր), որոնք սնվում են երկու հիմնական և երկու սեզոնային աղբյուրներից։

Արագած լեռան այս ստորոտն ունի յուրօրինակ երկրաֆիզիկական և երկրաքիմիական առանձնահատկություններ. առկա են թթվային ջրերի աղբյուրներ, երկաթային և մանգանային հրաբխածին ապարներ։ Այս առանձնահատկությունների պատճառով չորային տարիների որոշ ամիսներին (տարվա մեջ 1-2 անգամ) Գեղարոտ գետի սնուցման ժամանակ հիմնական խոշոր աղբյուրներից մեկը, որը նաև մտնում է խմելու ջրամատակարարման կապտաժային համակարգի մեջ, խառնվում է թթվային ջրերի հետ՝ արդյունքում կտրուկ նվազում է ջրի pH-ը և ջրում լուծվում է մեծ քանակությամբ մանգան, նիկել, երկաթ, ցինկ և այլ մետաղներ։ Արդյունքում, ջրում մինչև 10 և ավելի անգամ բարձրանում է ծանր մետաղների պարունակությունը և գետի ակունքի ջուրը ստանում է գորշ երանգ։ Այս մասին վկայում են 2011թ-ի հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներին կատարված հետազոտությունները։ Ըստ արդյունքների, Գեղարոտի այս ջրաղբյուրում հոկտեմբեր ամսին մյուս ամիսների համեմատությամբ ջրի pH-ը դիտվել է 3,10 և ջրում 3-16 անգամ բարձրացել է քրոմի, երկաթի, մանգանի, տիտանի, վանադիումի, ստրոնցիումի, բարիումի, կոբալտի, նիկելի, ցինկի, արսենի, պղնձի և ցինկի պարունակությունները։ Սակայն, գետի ինքնամաքրման և տարածքում այլ լեռնային աղբյուրների հետ միախառնման շնորհիվ, մինչև 14 կմ հեռավորության վրա՝ ոռոգման համար ջրառի կետից վերև, գետի ջրի pH-ը կայունանում է՝ նվազեցնելով ջրում այդ մետաղների պարունակությունը։

2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։

Ըստ Հայէկոմոնիտորինգի կողմից իրականացված երկարամյա հետազոտության տվյալների (2007-2014թթ. ժամանակահատվածում), ակունքում դիտվող թթվային ջրերի խառնումը պահպանվում է գետի հետագա հունում՝ պայմանավորված  գետի էկոլոգիական ռեժիմի խախտմամբ։ Գեղարոտ գետի՝ Արագած գյուղից 0,5 կմ վերև՝ ՓՀԷԿ-երի տարածք չհասած հատվածից (դիտակետ 48) վերցված նմուշներում մինչև ՓՀԷԿ-երի շահագործումը ջրի որակի սեզոնային տատանումները փոքր էին և շուտ վերականգնվում էին, սակայն 2012թ-ից հետո դրանք դարձել են վառ արտահայտված։ pH-ի սեզոնային կտրուկ անկումները (ջրին գարնանը և ամռանը բնութագրական չեզոք միջավայրից (pH=7-8) անցումը թթվային միջավայրի (pH=3-4) աշնանն) առաջ են բերել ջրում մի քանի 10 և 100 անգամ Fe-ի, Mn-ի, Co-ի, Ni-ի, Cu-ի, Zn-ի և As-ի կոնցենրացիաների մեծացման (տես աղյուսակը): Ըստ ոռոգման ջրի FAO նորմերի, Գեղարոտ գետի նման որակի ջուրն արգելվում է ոռոգման նպատակներով օգտագործման համար։

Այսպիսով, ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով, Գեղարոտ գետի միջին հոսանքները չորանում են՝ խախտելով գետի ինքնամաքրման պրոցեսները։ Այս առումով, լուրջ վտանգ է սպառնում նաև տարածաշրջանի գյուղերի խմելու ջրի աղբյուրներին։ Ինքնամաքրման բացակայության պատճառով, կապտաժային համակարգերը ի զորու չեն նվազեցնել աղբյուրների ջրի pH-ն ու մետաղների բարձր պարունակությունը։ Արդյունքում, գյուղերի բնակչությունը վաղ ապագայում (նախնական կանխատեսումների մի քանի տարի անց) ստիպված կլինի խմելու նպատակով օգտագործել ծանր մետաղներով թունավորված ջուր, քանզի այս տարածաշրջանում խմելու ջրի այլ աղբյուրները բացակայում են»։

Ավելացնենք, որ 2014 թվականին ՀԲՃ-ն իր հերթին նույնպես անրադարձել էր այս խնդրին՝ ներկայացնելով նաև դրա լուծման իր տարբերակները, իսկ 2015-2016 թթ բնապահպանության նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել վերոնշյալ 2 ՓՀԷԿ-երի նկատմամբ։ Սակայն ջրի որակի խնդիրն առ այսօր մնացել է չլուծված։

Աղյուսակ

Գեղարոտ գետի դիտ 48-ում ջրի որակի

 Հայէկոմոնիտորինգի տվյալներն՝ ըստ տարիների

ՏարինՄետաղների պարունակությունը, մգ/լpH
FeMnCoNiCuZnAs
FAO նորմը, մգ/լ5.00.20.050.20.220.16-9
Գարուն 20070.380.650.0020.0110.0020.270.0067.42
Ամառ 20070.580.320.0030.0090.0020.040.0076.29
Գարուն 20080.220.550.0030.0090.0010.110.0016.73
Ամառ 20080.370.500.0060.0170.0040.160.0004.61
Աշուն 20080.462.530.0180.0580.0080.740.0004.21
Գարուն 20090.100.470.0030.0100.0010.110.0037.44
Ամառ 20090.490.360.0060.0160.0050.150.0046.08
Աշուն 20090.280.850.0100.0290.0060.250.0025.90
Գարուն 20100.200.040.0000.0020.0000.020.0027.42
Ամառ 20100.050.090.0000.0040.0010.040.0028.40
Աշուն 20100.110.340.0060.0140.0040.120.0047.88
Գարուն 20110.100.130.0020.0050.0010.030.0047.40
Ամառ 20110.0030.050.0000.0020.0030.020.0027.60
Աշուն 201116.2314.020.0250.0680.0120.500.0053.76
Գարուն 20120.860.220.0030.0100.0020.080.0115.26
Ամառ 20120.050.030.0000.0020.0000.020.0028.15
Աշուն 201226.6036.420.0320.0790.0130.640.0034.32
Գարուն 20130.130.160.0020.0060.0000.080.0037.81
Ամառ 20130.060.060.0000.0040.0010.040.0027.90
Աշուն 20131.091.220.0260.0650.0120.510.0073.96
Գարուն 20140.060.040.0000.0020.0010.020.0028.58
Ամառ 20140.850.940.0140.0350.0090.220.0035.59
Աշուն 20141.451.160.0150.0380.0070.290.0054.48

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ – armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,