News

Էկոլոգիան և ազգային անվտանգությունը․ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյան

Երևանում կայացել է բնական միջավայրի անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային գիտական համաժողով, որի կազմակերպիչներից էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ golosarmenii.am ռուսալեզու թերթը շատ արդիական և ուշագրավ հարցազրույց է հրապարակել կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հետ։ Թարգմանաբար ձեզ ենք ուզում ներկայացնել հայտնի գիտնականի առավել կարևոր նկատառումները։

mqdefault

«Այս համաժողովի կարևոր խնդիրներից մեկն էր կառավարությունների ուշադրության սևեռումը էկոլոգիական մարտահրավերներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են բնակչության անվտանգության վրա։ Դրանք են՝ պարենային անվտանգությունը, սոցիալ-աշխատանքային ներուժի զարգացումն ու վերարտադրությունը՝ այսինքն այնպիսի գործոններ, որոնք ապահովում են ամուր թիկունքը և վերջին հաշվով նաև երկրի պաշտպանունակությունը։ Կարիք չկա ապացուցելու, թե ինչքան կարևոր է այս թեման։

Պետությունը դառնում է խոցելի, երբ առանց երկրի էկոլոգիական անվտանգության մասին հոգ տանելու անխոհեմաբար վատնում է իր բնական պաշարները։ Հայկական միջնադարյան ամրոցները ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ նրանցում եղել են դեպի ջուրը տանող գաղտնուղիներ։ Թշնամու կողմից պաշարված ամրոցները կարող էին պաշտպանվել այնքան ժամանակ, քանի դեռ ունեին ջուր և սննդամթերք։ Ըստ էության Հայաստանն այսօր պաշարված ամրոց է, քանի որ մենք գրեթե բոլոր կողմերից շրջափակման մեջ ենք։ Եվ ի՞նչ ենք մենք անում մեր ջրերի հետ․․․

Սխալ և ոչ համակարգային շահագործման արդյունքում մենք խախտել ենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային հաշվեկշիռը։ Փոքր ՀԷԿ-երի բարբարոսաբար կիրառմամբ վերացրել ենք փոքր գետերը։ Այն ամենը՝ ինչի վերջը դեռ չեն տվել ՀԷԿ-երը, ոչնչացնում է լեռնահանքային արդյունաբերությունը՝ իր թափոնների արտանետումներով։ Տեղի է ունենում խոշոր գետերը սնող հիմնական զարկերակների համատարած բնաջնջում։ Մենք նույնիսկ հաջողեցրել ենք Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման չափազանց կասկածելի նախագծով թթվային ական դնել մեր ռազմավարական նշանակություն ունեցող էկոհամակարգի՝ Սևանա լճի տակ։

Բնական պաշարների անբանական, չափից դուրս և անխոհեմ օգտագործումը գլխավոր խնդիրներից մեկն է։ Անհրաժեշտ է մշակել դրանց օգտագործման շատ լուրջ և ճշգրիտ պետական քաղաքականություն։ Էներգետիկայի և բնական պաշարների մի քանի նախարար է փոխվել, բայց մենք կառավարական մակարդակով այդպես էլ չլսեցինք, թե Հայաստանում որ պաշարներն են հանդիսանում ռազմավարական։ Ավելին, անկախության առաջին օրվանից իշխանություններն անընդհատ պնդում են, թե մենք չունենք լուրջ պաշարներ, որ մենք աղքատ երկիր ենք։ Մի՞թե ջուրը մեր ռազմավարական, կենսական և քաղաքական կարևորագույն պաշարը չէ, որն ունի նաև հսկայական շուկայական պահանջարկ։ 90-ականների սկզբին հռչակված պետական անկախությունը ոչ միայն դրոշի, հիմնի և զինանշանի առկայություն է նշանակում, այլ նաև սեփական բնական պաշարների տնօրինման իրավունք։ Հենց դրանով է այն տարբերվում գաղութից։ Մենք դառնում ենք հումքային կցորդ, երբ մեր պաշարները տալիս ենք արտասահմանյան ընկերություններին։ Իսկ սեփական բնական պաշարների անխոհեմ ոչնչացումը վկայում է պետության անարդյունավետության մասին։

Առաջ է գալիս միմյանց հաջորդող կառավարությունների լեգիտիմության հարցը, քանի որ նրանք չեն ապահովում ազգային պաշարների արդյունավետ օգտագործումը՝ ի շահ մեր երկրում ապրող ժողովրդի բարեկեցության։ Մենք անկախության բոլոր տարիների ընթացքում հսկայական կորուստներ ու լուրջ բացթողումներ ենք գրանցում բնական պաշարների կառավարման ոլորտում։ Բայց եթե 90-ականներին մենք դեռ կարող էինք քննարկել, ապացուցել, որ ռազմավարական պաշարներն ու առաջին հերթին ոսկու հանքավայրերի կառավարումը չի կարելի տրամադրել օտարներին, ապա հիմա այդպիսի քննարկումներն ուղղակի անհնար են։

Մինչ այդ, լինելով փաստացի պատերազմող երկիր, մենք պարտավոր ենք հիշել պատերազմների պատմությունները՝ չմոռանալով, որ Խորհրդային Միությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Կոլիմայի ոսկու միջոցով կարողացավ վճարել լենդ-լիզով դաշնակից երկրների կողմից մատակարարված զենքի, ռազմամթերքի, սննդի և այլ անհրաժեշտ պաշարների համար։ Եթե վաղը մեզ անհրաժեշտ լինեն լուրջ լրացուցիչ պաշարներ, որտեղի՞ց ենք մենք դրանք վերցնելու։ Չէ որ բոլոր ոսկու հանքավայրերը՝ այդ թվում և խոշորագույններից մեկը համարվող Սոթքինը, տրված են ուրիշներին։ Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Այս ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը ոչ մի քննադատության չի դիմանում։

Կարևորագույն խնդիր է նաև հսկայական հողատարածքների շարքից դուրս գալը, որը վտանգում է մեր պարենային անվտանգությունը։ Հասցված էկոլոգիական վնասի ծավալներով առաջատար տեղ է գրավում լեռնահանքային արդյունաբերությունը։ Նրանց կողմից աղտոտած տարածքներում աճեցրած մթերքները վտանգ են ներկայացնում բնակչության առողջության և կյանքի համար։ Սննդային շղթաների մեջ թունավոր նյութերի ներթափանցումը վտանգում է ոչ միայն երկրի այժմյան բնակչության, այլ նաև հետագա սերունդների առողջությունը։ Իսկ ծանր մետաղներով աղտոտված հողերն արդյունավետ մաքրելու համար անհրաժեշտ են ահռելի ծախսեր։

[…] Այնպես որ անհանգստանալու շատ բան կա։ Հայտնի է, որ բանակն այն դեպքում է արդյունավետ գործում, երբ ունի ուժեղ թիկունք։ Իսկ այսօր այն մեզ մոտ թույլ է։

[…] Որպես փաստացի պատերազմի և շրջափակման պայմաններում գտնվող երկիր, մենք հատկապես շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր բնական միջավայրի անվտանգության հարցերին։ Ցավոք մեր պետական այրերի մոտ չկա հենց այդ լրջության զգացողությունը։ Փաստացի մենք զրկվել ենք մեր բնական պաշարների կառավարման ինստիտուցիոնալ իրավունքից և հնարավորությունից, այսինքն իրականացել է այն, ինչի համար մտադրվել էր ԽՍՀՄ-ի փլուզումը։ Իսկ պետության տնտեսական թուլացումը բերում է նրա քաղաքական և ռազմական թուլացման։ Սրանք միևնույն շղթայի օղակներ են։ Վստահ եմ, որ եթե լինի քաղաքական կամք, ապա կձևակերպվի նաև պետական քաղաքականություն երկրի համար կարևոր կենսական այս հարցերում։ Այդ դեպքում ցանկացած կառավարություն կսկսի աշխատել ճիշտ ուղղությամբ»։

Իսկ հարցազրույցի վերջում լրագրողի այն հարցին, թե կա՞ արդյոք հույս, որ այդպիսի քաղաքական կամք կդրսևորվի, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը պատասխանել է․

«Հայաստանում արդեն ի հայտ են եկել հասարակական կազմակերպություններ, որոնք սովորել են որոշ չափով հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Ի տարբերություն պետական մարմինների, նրանք հաճախ են օգտագործում մեր գիտական ներուժը, փորձում են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, որպեսզի կառավարությանը ներկայացվող իրենց պահանջները լինեն ավելի փաստարկված, հիմնավոր և ծանրակշիռ։ Քաղաքացիական հասարակությունը հետզհետե ձևավորվում է, իսկ անտարբեր մարդկանց քանակը մեր երկրում գնալով պակասում է։ Եվ դա չափավոր լավատեսություն է ներշնչում»։
 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,