News

Բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտպան

Թեղուտի հանքավայրի պոչամբարից բնական միջավայր հոսող թափոնաջրերի մասին պատմող Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության աղմուկ բարձրացրած տեսանյութը՝ երեք պարզագույն հարցերի հետ միասին, փետրվարի 9-ին հարցման տեսքով ներկայացրել էինք ՀՀ բնապահպանության նախարարին։ Արդեն ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Խ․ Աղաբեկյանի պատասխան պաշտոնական նամակը, որի մեջ ըստ էության չկա մեր բարձրացրած և ոչ մի հարցի պատասխան։

Տպավորությունն այնպիսին է, որ բնապահպանության նախարարության պատասխանատուներն ավելի շատ մտահոգված են «Թեղուտ» ՓԲԸ-ի այսպես կոչված «պատասխանատու» հանքարդյունահանող ընկերության կոչման պաշտպանությամբ, քան արդյունաբերական հոսքաջրերով գետերի ջրերի և բնական միջավայրի աղտոտմամբ։ Գետերի ջրերի ու հատակային նստվածքների նմուշառում և լաբորատոր հետազոտություններ անելու, իրական վիճակին ծանոթանալու փոխարեն, նամակի հեղինակներն ինչ որ անհասկանալի հեքիաթներ են պատմում կլիմայական պայմանների, տեխնիկական խնդիրների և ոչ տևական արտահոսքի մասին։

Որպեսզի այս պնդումները մերկապարանոց չհամարվեն, ներկայացնում ենք մեր ուղղած հարցերը և բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանները․

Հարց 1. Ինչո՞ւ չի գործում ջրի շրջանառու համակարգը Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայում, և անհայտ բաղադրության հեղուկը հոսելով բնության մեջ խառնվում է Շնող գետին։

Պատասխան․ «Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված Ձեր 2016թ. փետրվարի 9-ի հարցման, հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում Լոռու մարզում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության (տեղումներ, արագ ձնհալ) հետևանքով 2016թ. փետրվարի 5-ին և 6-ին «Թեղուտ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանով երկրորդային պարզեցման ավազանում կուտակվող շրջանառու ջուրն ամբողջությամբ հնարավոր չի եղել մղել արտադրություն, ինչի արդյունքում ոչ տևական ժամանակով վթարային պարզարանից արտահոսք է տեղի ունեցել Շնող գետ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի կողմից համապատասխան ցուցում է տրվել ընկերությանը` ձեռնարկել միջոցներ հարստացուցիչ ֆաբրիկայի շրջանառու ջրի պոմպակայանը լրացուցիչ հզորությունով համալրելու և հետագայում նման վթարային արտահոսքերը շրջակա միջավայր բացառելու ուղղությամբ: Ընկերությունը 11.02.2016թ. գրությամբ հավաստիացրել է, որ սկսել և ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ խնդրի կարգավորման` մասնավորապես վթարային պարզարանում տեղադրվելու է լրացուցիչ պոմպ արտահոսքերը բացառելու համար»:

Հարց 2. Ի՞նչ բաղադրություն ունի այդ հեղուկը և դրա հետևանքով առաջացած նստվածքները, որոնցով պատված են ապարներն ու գետակի հունը։

Պատասխան չկա։

Հարց 3. Հանքավայրի շահագործման սկզբից առ այսօր ուսումնասիրվել է արդյո՞ք այս հոսքաջրերի ֆիզիկո-քիմիական կազմը։ Եթե ուսումնասիրվել են, ապա ի՞նչ պարբերականությամբ, ո՞վ է իրականացրել դրանք և անպայման հանրայնացնել այդ լաբորատոր հետազոտությունների արդյունքները։

Պատասխան չկա։

Մեր հարցման մեջ բնապահպանության նախարարությանն առաջարկել էինք նաև կազմակերպել տեսչական ստուգումներ և պարզել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ողջ գործունեության համապատասխանությունը հանքավայրի շահագործման նախագծին ու ՀՀ օրենսդրությանը, ինչի վերաբերյալ պատասխան նամակի վերջում ասված է․

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N839-Ա որոշման դրույթներին համաձայն տնտեսվարողների մոտ ստուգումների գործընթացը կասեցված է մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սահմանված կարգով ընկերությունում ստուգում իրականացնելուց հետո արդյունքների վերաբերյալ Ձեզ կտեղեկացնենք»:

Բնապահպանության նախարարությունում երևի «տեղյակ» չեն, որ այսպիսի արտահոսքերը գրեթե մշտական են, այլ ոչ թե ոչ տևական՝ ինչպես իրենք են նշել, ու ոչ մի կապ չունեն կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունների հետ։ Այդ արտահոսքերի մասին վերջին 2 տարում եղել են բազմաթիվ ահազանգեր։ Ու, ընդհանրապես, ոչ միայն Թեղուտի, այլ Հայաստանի մնացած բոլոր գործող պոչամբարներից նույնպես պոչանքները կլոր տարին լցվում են մեր գետերն ու աղտոտում դրանց ջրերը (բացառությամբ Գեղանուշի պոչամբարի, որտեղ գրեթե 100 տոկոսով գործում է ջրի շրջանառու համակարգը)։ Եվ դրանք հաստատող փաստերը ցավոք նույնպես բազմաթիվ են։

Իրենք երևի տեղյակ չեն նաև Սեյրան Մինասյանի «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտության մասին, որում գիտնականը հիմնվելով մոնիտորինգային հետազոտության արդյունքում ստացված և ներկայացված տվյալների վրա եզրակացրել է, որ Թեղուտի հանքարդյունաբերական համալիրի բացասական ազդեցության հետևանքով, «լավ» դասին պատկանող ջրային մարմին Շնող գետը 3-4 տարում վերածվել է «ռիսկային» կամ 5-րդ՝ «վատ» դասի ջրային մարմնի:

Իսկ հիմնական եզրակացությունը եղել է հետևյալը․
բնապահպանական նպատակային միջոցառումներ չիրականացնելու դեպքում Շնող գետի էկոհամակարգը մոտակա տարիներին կնմանվի Ախթալա և Կարճևան «գետերի» ջրային էկոհամակարգերին:

Բնական միջավայրի աղտոտումը չի հետաքրքրում բնապահպանության նախարարության պատասխանատուներին, քանի որ հանքարդյունահանման ոլորտի ընկերությունների օրինախախտումները թույլատրված է տեսնել միայն այն ժամանակ, երբ կա հստակ հրահանգ երկրի առաջին դեմքերի կողմից։ Մնացած բոլոր դեպքերում պետք է «հավատալ» և մեզ բոլորիս որպես իրականություն ներկայացնել այդ ընկերությունների պատմած զանազան հեքիաթները, որոնք չունեն ոչ մի հիմնավորում և արժանի չեն ոչ մի մասնագիտական քննարկման։

Թեղուտի հանքավայրի դեպքում դա նույնպես այդպես է, քանի որ բոլորս շատ լավ գիտենք, թե ով է հովանավորում այս հանքավայրի շահագործումը, և, նույնիսկ անձամբ բնապահպանության նախարարն ի զորու չէ գնահատելու իրականությունը։

Իսկ իրականությունը լրիվ այլ է և շատ դառը․․․

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Թեղուտ պատասխան ԲՆ

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,