News

Ազատ գետը, Համաշխարհային բանկի վարկը, պաշտոնյաների հողատարածքներն ու կոռուպցիան

Համաշխարհային բանկը շատ բարի է։ Կարելի է նույնիսկ ասել չափազանց բարի… Բանկը 2013 թվականին ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն է տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով։

Հայաստանի կառավարությունն էլ է իհարկե շատ բարի և որոշել է այդ 30 միլիոնի վրա պետական բյուջեից ավելացնել ևս 7,5 մլն ու հանուն մեր գյուղացիական տնտեսությունների «բարգավաճման» իրականացնել տարբեր ծրագրեր։ Այդ ծրագրերից երկուսը բաժին են հասել Ազատ գետին, որի ավազանից որոշվել է ջուրը խողովակներով տեղափոխել այլ տարածաշրջաններ և դրա շնորհիվ ընդլայնել ոռոգովի հողատարածքները։

Այս պատմությունը շատ բարի ավարտ կունենար, եթե գործին չխառնվեին Ազատ գետի ափին ծվարած հինավուրց Գառնի գյուղի ըմբոստ բնակիչները, որոնք կտրականապես մերժեցին դրանցից առաջինի՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի իրականացումը։ Այս ծրագրի շրջանակներում, որի արժեքը կազմում է 10,4 մլն դոլար, նախատեսվում է Գառնիի հեթանոսական տաճարի ներքևից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջուրը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով:

Գառնեցիները, բնապահպաններն ու շատ մասնագետներ երկու տարի շարունակ փաստում են, որ հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում Ազատ գետի ավազանում ուղղակի չկա բավարար քանակության ջուր, որի միջոցով հնարավոր լինի ապահովել գետերի, զբոսաշրջային կենտրոն համարվող Ազատի կիրճի, Խոսրովի արգելոցի բնական միջավայրի էկոլոգիական կայուն վիճակը, Երևան, Արտաշատ և մի շարք այլ բնակավայրերին անհրաժեշտ խմելու ջուրը, Գեղարդ, Գողթ և Գառնի համայնքների հողատարածքների նորմալ ոռոգումը, և այդ ամենից հետո էլ դեռ մնա լրացուցիչ 950 լ/վրկ ջուր՝ Արարատյան դաշտ ուղղելու համար։ Նշենք, որ ջրի անբավարարության փաստը հաստատվել է նաև 2015թ․ օգոստոս ամսին ծրագիրն իրականացնող պետական կառույցի կողմից Ազատ գետում իրականացրած ջրաչափական աշխատանքների արդյունքում։ Բացի այդ հենց ինքը Գառնի համայքն ունի ոռոգման ջրի լուրջ խնդիր, որի պատճառով վերջին տաս տարում չորացել են գյուղի այգիների մի մասը։

Սակայն պարզվում է, որ էկոլոգիական ակնհայտ վտանգների հետ միասին, այս ամենի հետևում թաքնված են նաև լուրջ սոցիալական և կոռուպցիոն բաղադրիչներ։ Բանը նրանում է, որ վերոնշյալ 1232 հեկտար հողերից մոտ 800-ը գտնվում են Նարեկ և Քաղցրաշեն գյուղերում, որտեղ համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների և տեղաբնակների միաբերան պնդումների հսկայական հողատարածքներ ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու մի շարք այլ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է նաև երկրորդ՝ «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի դեպքում, որի վրա էլ ծախսվելու է 7 մլն դոլար գումար։ Նախատեսվում է կառուցել 26 կմ երկարությամբ խողովակաշար և օժանդակ կառույցներ, որոնց միջոցով կոռոգվեն 1050 հեկտար մակերեսով հողատարածքներ։ Իսկ ջուրը, ինչպես և նախորդ ծրագրի դեպքում՝ կրկին վերցվելու է Ազատ գետի ավազանից։

Այստեղ ևս անմասն չեն մեր «սիրելի» պաշտոնյաները։ Պարզվում է, որ նորաստեղծ «Կարմիր Սար» հիմնադրամն այդ հատվածում վերցրել է հսկայական հողատարածքներ (ըստ տեղեկությունների 500-600 հեկտար) և անցած տարի արդեն հասցրել է տնկել մոտ 10 000 ծառ։ Գյուղացիների հետ զրույցներից պարզ դարձավ, որ այդ հիմնադրամի հետևում կանգնած է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Այս ծրագրի իրականացման դեմ էլ սկսել են հանդես գալ արդեն Գողթ գյուղի բնակիչները։

Ինչ է ստացվելու այս ամենի արդյունքում․ «բարի» Համաշխարհային բանկի տրամադրած 17,4 մլն ԱՄՆ դոլար վարկով և ՀՀ կառավարության «բարի» ցանկությամբ իրականացվելու են երկու ծրագրեր, որոնց արդյունքում ջրազրկման և անապատացման եզրին է կանգնելու Ազատի կիրճը, Ազատ գետի ավազանի գյուղերն առաջվա նման մնալու են առանց նորմալ ոռոգման ջրի, իսկ համայնքների բնակիչներին ինքնահոս ոռոգման ջուր հասցնելու անվան տակ բարգավաճելու են ընդամենը որոշ պաշտոնյաներ։ Բոլոր փաստերն ու թվերը խոսում են այն մասին, որ այդ հողատարածքների առյուծի բաժինը պատկանում է հենց իրենց։

Համաշխարհային բանկն էլ հոյակապ գիտենալով, որ իր տված գումարները հիմնականում ծառայում են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ մի խումբ պաշտոնյաների շահերին, ամեն դեպքում շարունակում է նմանատիպ ծրագրերի ֆինանսավորումն ու կամա թե ակամա մասնակից դառնում կոռուպցիոն համակարգի էլ ավելի հզորացմանը և բնակչության սոցիալական ընդվզման խթանմանը։

Մնում է միայն ենթադրել, որ այս գործարքի բոլոր կողմերն ունեն փոխշահավետ պայմանավորվածություն և ստացել են Հայաստանում լայն տարածում ունեցող, այսպես կոչված, «ատկատ»-ի իրենց մասնաբաժինը։

Հ․Գ․ Գառնեցիները մայիսի 20-ին, ժամը 10:00-ին կրկին հավաքվում են, որպեսզի նորից ասեն իրենց վճռական ՈՉ-ը ու նրանք ունեն մեր աջակցության կարիքը: Նախատեսվող ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
20

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,