News

Արագիլներն Արմավիրի մարզում ևս աղտոտված են, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայտարարություններն են ապատեղեկատվություն

Դեռևս այս տարվա հունիսի վերջին սոցիալական ցանցերում հայտնվեցին ահազանգեր ինչպես բնակիչների, այնպես էլ թռչնաբան-կենդանաբանների կողմից, որ Արարատյան դաշտում բնակվող արագիլների փետուրները նորից պատված են կեղտի շերտով, նրանք դժվարանում են թռչել, որոշ բնակավայրերում անկում են ապրում։

Հուլիսի 2-ին Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը հրապարակեց խոշոր վերնագրով ֆեյսբուքյան գրառում, թե արագիլների աղտոտման մասին լուրերը ապատեղեկատվություն են՝ մանրամասնելով, որ տեսչության «Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։️ Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»։ Նույն գրառման տակ հնչած կասկածների ու քննադատության կապակցությամբ Տեսչական մարմնի ներկայացուցիչները փորձեցին արդարանալ, որ խոսքը միայն Արմավիրի մարզի մասին է, այլ ոչ թե Արարատի, իսկ Արմավիրի մարզից սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարները անցյալ տարվանից են կամ Արմավիրի մարզից չեն։

106913154_2644288199155773_6757124991502832871_o

Հուլիսի 3-ին Հետքը հրապարակեց հոդված, որտեղ փաստագրված էին լրագրողների այցերը Արարատի մարզի Հովտաշեն, Նորամարգ, Սիս, Հովտաշատ, Դաշտավան, Զորակ գյուղեր և արագիլների աղտոտման մասին ռեպորտաժը։

Հուլիսի 4-ին Հայկական բնապահպանական ճակատի անդամները շրջայց կատարեցին Արարատի ու Արմավիրի մի քանի բնակավայրերով, որտեղ բնադրում են արագիլները։ Ի հեճուկս տեսչական մարմնի պնդումների, ինչպես Արմավիրի, այնպես էլ Արարատի մարզերում արագիլների աղտոտման բազմաթիվ դեպքեր կան։ Մի քանի ժամվա ընթացքում գրանցվեց 65 աղտոտված արագիլ։

Ուղիղ մեկ տարի անց էկոլոգիական աղետը կրկնվում է, պատասխանատու մարմինները՝ Բնապահպանության նախարարություն, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմին, իրավապահ մարմիններ տապալել են խնդրի պատճառների բացահայտումն ու լուծումը։ Դեռևս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի քննությունը մայիս ամսին կարճվել է, իբր անկել է ընդամենը չորս արագիլ, ուստի դա չի կարող մեկնաբանվել որպես «էական վնաս շրջակա միջավայրին»։

Հայկական բնապահպանական ճակատը դատապարտում է ոլորտի համար պատասխանատու մարմնի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անփույթ, իսկ սոցիալական ցանցերում՝ հարձակվողական աշխատելաոճը։ Խնդիրը հրատապ լուծում է պահանջում, ոչ թե ծածկադմփոց։

Հայկական բնապահպանական ճակատի դաշտային ստուգայցի տեսանյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

  1. Արմավիրի մարզ, Երասխահուն
  2. Արմավիրի մարզ, Երասխահուն, ուղիղ ֆեյսբուքյան միացում
  3. Արմավիրի մարզ, Ակնաշեն, ուղիղ ֆեյսբուքյան միացում
  4. Արմավիրի մարզ, Գայ, ուղիղ ֆեյսբուքյան միացում
  5. Արարատի մարզ, Հովտաշեն ու Սիս ֆեյսբուքյան միացում Մաս 1Մաս 2
    Աղտոտված արագիլների լուսանկարները հուլիսի 4-ի ստուգայցից, աղբյուրը՝ Հայկական բնապահպանական ճակատի ֆեյբսուքյան էջ
Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,