News

Ամուլսարի ոսկու հանքի պատանդները (տեսանյութ, լուսանկարներ)

2016 թվականի հոկտեմբերի 12-13-ին Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության մի քանի ներկայացուցիչներ այցելեցին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրեր: Այցի նպատակն էր հասկանալ տեղացիների տրամադրվածությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ, ինչպես նաև բաժանել տեղեկատվական թերթիկներ շահագործման դեպքում հնարավոր վտանգների, խնդիրերի մասին: Ջերմուկ այցելության ժամանակ ՀԲՃ-ի ներկայացուցիչները նաև մի փոքր ակցիա իրականացրին՝ «Կյանք, թե՞ հանք» գրությամբ մեծ ցուցապաստառ պարզելով Ջերմուկի հանրահայտ հանքային ջրերի ըմպելասրահի մոտ, որի ընթացքում տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկները ևս ծանոթացան հանքի շահագործման դեպքում հնարավոր ռիսկերին:

2
0

Հանդիպումներից պարզ դարձավ, որ երեք բնակավայրերում էլ մարդիկ մտահոգ են հանքի շահագործման բացասական հետևանքներով, սակայն հնարավոր աշխատանքի հեռանկարը շատերին գայթակղում է մտածել առավել կարճաժամկետ կտրվածքով՝ պլանավորելով աշխատել, գումար հավաքել, իսկ այնուհետև ընտանիքով հանդերձ լքել Հայաստանը:

Միևնույն ժամանակ կան նաև նրանք, ովքեր հանքի շահագործմանը կողմ են, քանի որ հանքը շահագործող կողմը (Լիդիանը) գումար է ծախսել վերանորոգելու, օրինակ, համայնքի դպրոցը, ինչն էլ այդ դպրոցի տնօրենին թույլ է տալիս ոչ միայն կողմ արտահայտվել այս ծրագրին, այլև խոստովանել, որ եթե երեխաները պետք է հանքի արդյունքում հիվանդ լինեն, ապա գոնե վերանորոգված դպրոցում կսովորեն: Ոմանք էլ, ինչպես Կեչուտ գյուղում հանդիպած մի քանի կանայք, որոնց հանդիպեցինք Լիդիանի կողմից կառուցված փոքրիկ խաղահրապարակում, խոստովանում էին, որ չէին ցանկանա ընդդիմանալ իրենց համայնքի կամ Լիդիանի ղեկավարությանը, քանի որ ի վերջո իրենք են այդ գյուղում հետագայում բնակվողները և մշտապես կոնֆլիկտի մեջ չէին ցանկանա լինել:

3

Ցավալի էր, որ մարդկանց մեծ մասը թեև գիտակցում էր հանքի ռիսկերը, սակայն իրենց համարելով փոքր մարդ, ով որոշում չի կայացնում, պարզապես համակերպված էին և հույս ունեին, որ գոնե ինչ-որ գումարային շահ կունենան հանքի շահագործումից:

Մի կին էլ գիտակցելով Ջերմուկին սպասվող՝ առողջարանային քաղաքից հանքափորների քաղաք վերածվելու հեռանկարը, արդեն իսկ մտածում էր ինչպես իր աղջիկ թոռներին Ջերմուկից տեղափոխել այլ վայր՝ մտահոգված լինելով Ջերմուկում տղամարդկանց այդպիսի մեծ քանակով բնակեցմամբ և հնարավոր ռիսկային վարքագծի դրսևորմամբ:

Մի փոքր նկարագիր համայնքներից

Ջերմուկ քաղաքը երկու հատվածի է բաժանված։ Բոլորիս առավել հայտնի առողջարանային քաղաքն իր գեղեցիկ բնապատկերներով ու մաքուր, կոկիկ փողոցներով, և առավել քիչ հայտնի ջերմուկյան մյուս հատվածը, որտեղ ապրում են Ջերմուկի բնակիչների մեծ մասը։ Այս հատվածում փողոցների մեծ մասն անգամ ասֆալտապատված չէ և քամիներն ու անցնող մեքենաները այնպիսի փոշու ամպեր են բարձրացնում, որ երբեմն անհնար է անգամ շնչելը։ Մի բնակչուհի էլ պատմում էր, որ շենքերում մատների վրա հաշված հարևաններ են մնացել: Մեկ այլ բնակիչ էլ պատմում և բողոքում էր, որ աշխատողների կրճատման գործընթաց է սկսվել Ջերմուկի հանքային ջրերի գործարանի իրենց մասնաճյուղում (ըստ իր պատմածի՝ արդեն մոտ 300 մարդ են հեռացրել):

4

Կեչուտ գյուղում ևս ակնհայտ էր սոցիալական ոչ բարվոք վիճակը։ Ճանապարհներն այստեղ էլ ասֆլատապատ չէին, տներն էլ կիսախարխուլ էին: Թերևս Գնդեվազ գյուղում էր, որ Լիդիանը մի քանի փողոց էր ասֆալտապատել և մի երկու տեղ ցուցանակներ էր կախել հետագայում այդտեղ ինչ-որ կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Գնդեվազում մեզ նաև պատմեցին, որ Լիդիանը գյուղացիներին մինչև 900 000 դրամ գումար է պատրաստ տրամադրել, եթե նրանք ընկերությանը ներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը։ Բայց նաև շեշտեցին, որ դա իրականում ոչ թե տնտեսական այլ գործունեություններ խթանելու նպատակով է արվում, այլ հիմնականում մարդկանց դժգոհություններն ու բողոքները չեզոքացնելու միտում ունի։ Եվ, որ Լիդիանում էլ շատ լավ հասկանում են, որ գյուղացիների ներկայացրած ծրագրերն իրականություն չեն դառնալու, իսկ նրանց գերակշիռ մեծամասնությունը ստացած գումարն ուղղելու է կամ վարկային պարտավորությունները ծածկելուն, կամ էլ առաջին անհրաժեշտության այլ սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելուն։

Ցուցանակներն առկա էին նաև դեպի հանք տանող ճանապարհների տարբեր հատվածներում՝ նշագծելով հսկայածավալ տարածքներ, որը սակայն դեռևս ցանկապատված չէ, և կարելի է տարածքում անարգել տեղաշարժվել՝ պահակներին չհանդիպելու պարագայում: Ընդհանրապես անհասկանալի էր, թե ինչ սկզբունքներով և իրավական հիմքերով են սահմանազատվել այդ հսկայական մարգագետնային տարածքները, որտեղ ըստ Լիդիանի անվտանգության աշխատակիցների պնդման՝ չի կարելի գտնվել, քայլել ու նկարել։

5

Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը խոչընդոտում Հայաստանի երկարաժամկետ և բնականոն զարգացումը

Մեր այցելած համայնքների մի շարք բնակիչներ խոստովանում էին, որ հանքի շահագործման դեպքում բացված աշխատատեղերի շնորհիվ գումար կհավաքեն և կլքեն Հայաստանը: Այսինքն կառավարությունը, հանքեր շահագործելով և բնական միջավայրը բնակության համար անպիտան դարձնելով, նպաստում է արտագաղթին, քանի որ եթե անգամ ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում՝ մտածելով, որ այդպիսով կդադարեցնի արտագաղթի հոսքերը, ապա երկարաժամկետ առումով դա միևնույնն է խթանում է արտագաղթը:

Կառավարությունը նաև խթանում է սոցիալական անհավասարությունը համայնքներում, քանի որ կառավարության հովանու ներքո հանքը շահագործող միջազգային կազմակերպությունը իր հայեցողությամբ փոխհատուցում է ոմանց, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում ստեղծվում է անհավասար սոցիալական պատկեր և համայնքի մասնատում, ինչն էլ արդյունքում հնարավորություն է տալիս պաշտոնյաներին և նաև հանքը շահագործող կազմակերպությանը հայտարարել, թե իբր բնակիչների մի փոքր մասն է միայն դեմ հանքի շահագործմանը:

Սա այն դեպքում, երբ ոմանք ուղղակի ստիպված են վաճառել իրենց հողատարածքները, քանի որ ոչ թե հանքի շահագործմանն են կողմ, այլ պարզապես վախենում են «գերակա հանրային շահ» բազմիցս ապօրինի կերպով շահարկված հասկացության արդյունքում ընդհանրապես ոչ մի գումար չստանալ իրենց իսկ սեփականության դիմաց: Իսկ Գնդեվազ գյուղում մնալ այն պարագայում, երբ ոսկու մշակման ցիանային հարթակը գյուղից ընդամենը մեկ կիլոմետր է հեռու լինելու, ռիսկային է բոլորի համար: Ուստի թե՛ կառավարությունը, և թե՛ առավել ևս հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը մարդկանց ոչ մի այլընտրանք չեն թողնում, քան լքել գյուղը կամ ապրել անառողջ միջավայրում: Եվ հետևաբար խոսել այն մասին, որ տեղաբնակները գրկաբաց են ընդունել հանքի այս ծրագիրը, պարզապես խաբեություն է:

Դիտեք տեսանյութը, որտեղ Գնդեվազ գյուղի բնակիչն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վտանգների վերաբերյալ իր հարցադրումներն է ուղղում ՀՀ բնապահապանության, առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններին։

Կառավարությունը, սակայն, ոչ միայն խուսափում է ավելի երկարաժամկետ ծրագրեր մշակել Հայաստանի բնականոն զարգացման համար, այլև վտանգում է արդեն իսկ եղածը՝ Գնդեվազի և հարակից մյուս համայնքների գյուղատնտեսական պոտենցիալը, ինչով էլ զրկում է տեղացիներին սեփական կյանքի համար վաստակելու այլընտրանքային միջոցներից:

Կառավարությունը վտանգում է նաև Ջերմուկի առողջարանային գոտին: Ճիշտ է՝ առողջարանների և հյուրանոցների ղեկավարները մտահոգված են, որ տարվա մեծ մասը իրենց հյուրանոցները դատարկ են և միայն մի քանի ամիսներին են դրանք գործարկվում: Նրանք նաև կարծես թե այնքան էլ գոհ չեն պետության կողմից ֆինանսավորած սոցիալական փաթեթներից, քանի որ լինում է այնպես, որ պետությունը պարզապես ամիսներով ուշացնում է այդ փաթեթներով հանգստացողների համար վճարները: Սակայն որքանով առողջարաններն ու հյուրանոցները հանքափորներով վերաբնակցնելը կլինի հեռանկարային զբոսաշրջային այս քաղաքի համար, դժվար չէ պատկերացնելը:

«Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրն արդեն իսկ ամբողջությամբ հանձնվել է հանքափորների բնակեցման համար: Մինչդեռ մի քանի այլ հանգստյան տներ էլ պատրաստ են հանձնել իրենց հյուրասենյակների մի մասը, այդպիսով հույս ունենալով փոխհատուցել տարվա մեծ մասը եկամուտ չունենալը: Նրանք նաև հույս ունեն, որ այդպես աշխատատեղեր առկա կլինեն տարվա բոլոր ամիսներին: Սակայն դժվար է պատկերացնել հանքի և առողջարանային քաղաքի համատեղելիությունը, իսկ թե հանքի շահագործման տաս տարիներից հետո ինչպես պետք է կրկին վերադարձնեն Ջերմուկին իր առողջարանային համբավը, կախված կլինի միայն ու միայն հանքը շահագործողների հաշվարկներից:

Այլ հարց է, թե որքանով է ճիշտ Հայաստանի առողջ ապագան ինչ-որ մի բրիտանա-կանադա-ամերիկյան համագործակցության հույսին թողնելը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը ցանկանում է շահագործել բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված ու ընդհանրապես ոչ մի հանքարդյունահանման փորձ չունեցող “Lydian International” ընկերությունը։ Շահագործման բնապահպանական և սոցիալ-տնտեսական ռիսկերի առավել մանրամասն նկարագրերը կգնտեք մեր կայքի հայերեն և անգլերեն բաժիններում:

Դուք նույնպես կարող եք մաս կազմել Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը խաթարող այս աղետաբեր ծրագրի կասեցման գործընթացին, եթե միանաք ՀԲՃ-ի և ևս 24 կազմակերպությունների նախաձեռնած “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International!” միջազգային արշավին՝ առցանց ստորագրելով ու տարածելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման այս կոչը, ինչպես նաև այս թեմայի շուրջ ՀԲՃ-ի մյուս նախաձեռնություններին։

ՀԲՃ-ի այցելության այլ մանրամասները՝ տեսանյութում․

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , ,