News

Ամուլսար․ հարցեր ՀՀ կառավարությանը

%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6

Որպես Հայաստանի էկոլոգիական խնդիրներով մտահոգ մարդկանց խումբ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն ունի բազմաթիվ անպատասխան հարցեր Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված, որոնցից մի քանիսը պաշտոնական նամակի տեսքով  ուղղում է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ձեզ ենք ներկայացնում այդ նամակի բովանդակությունը․

«Հայաստանի նախորդ կառավարության հավանությանն արժանացած Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը շարունակում է առաջ մղել նաև նոր կառավարությունը։ Տարբեր պաշտոնյաներ անընդհատ խոսում են միայն ներդրումների, սպասվող հարկային մուտքերի, նոր աշխատեղերի, այլընտրանքային ծրագրեր ներկայացնելու մասին։ Իսկ բնական միջավայրի և մարդկանց վրա հնարավոր բացասական ազդեցությունների ու այս ծրագրի անկառավարելի ռիսկերի մասին շարունակում են լռել։ Հիմա էլ խոսում են այն մասին, թե իբր Ամուլսարի դեպքում ցանկացած բնապահպանական ռիսկ և հետևանք ապահովագրված է (տես բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքն այստեղ

Եթե ՀՀ կառավարությունն այդքան վստահ է, որ կարելի է Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի և Ջերմուկի անմիջական հարևանությամբ այսպիսի հանք շահագործել, ապա պետք է այդ վստահությունը հիմնավորի։ Թեև ներքոգրյալ հարցերը բազմիցս հանրայնացվել և քննարկման են դրվել բնապահպանների, մասնագետների ու մտահոգ քաղաքացիների կողմից (տես այստեղ), հիմա պատասխանատու պահն է, որպեսզի կառավարությունը դրանց տա հստակ, միանշանակ, գիտականորեն ապացուցված և օրենսդրորեն հիմնավորված պատասխաններ։

Հարցերը հետևյալն են․

1․Ամուլսար լեռան արևմտյան լանջի ընդերքով է անցնում «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելի Սպանդարյանի ջրամբարից Կեչուտի ջրամբար հատվածը, որը շահագործման է հանձնվել 2004 թվականին։ ՀՀ կառավարությունը գնահատե՞լ է արդյոք այս ջրատար թունելի տեխնիկական վիճակը վերջին հինգ տարվա ընթացքում։ Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել մեզ այդ գնահատման եզրակացություններն ու փաստաթղթերը։

2․ Եթե այդ գնահատումն իրականացված չէ ու տեխնիկական վիճակը հայտնի չէ, ապա ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում վերահսկել կամ ապահովագրել այդ ջրատար թունելի տեխնիկական վիճակի վրա Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման դեպքում բացահանքի թթվային ջրերի վնասակար ազդեցությունը։ Խնդրում ենք հստակ նշել, թե ի՞նչ տեխնիկական չափորոշիչներով, օրենսդրական կամ այլ նորմատիվներով, կոնկրետ որ մարմնի կողմից և ինչ պարբերականությամբ է պատրաստվում կառավարությունն իրականացնել այդ վերահսկողությունն ու ապահովագրումը։

3․ Ենթադրենք Ամուլսարի շահագործումն արդեն սկսվել է ու դրանից մի քանի տարի անց իրականացվում են հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվում է, որ․

  • այդ ջրատար թունելի երկաթբետոնյա կառուցվածքները քայքայվել են,
  • կամ Սևանա լիճ տեղափոխվող ջրերը փոխել են իրենց քիմիական կազմն ու վտանգ են ներկայացնում լճի էկոլոգիական անվտանգության համար։

Ինչպե՞ս է կառավարությունը վերականգնելու այդ թունելին և Սևանա լճին հասցված վնասը։ Ո՞վ, ի՞նչ մեթոդաբանությամբ և ՀՀ ո՞ր օրենքների կամ այլ իրավական ակտերի շրջանակներում է գնահատելու և հաշվարկելու պետությանն ու բնությանը հասցված վնասն ու ի՞նչ գումարներով է այն վերականգնվելու, եթե դա ընդհանրապես հնարավոր լինի վերականգնել։ Այս անկառավարելի վտանգների մասին իր ելույթներում բազմիցս նշել է գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը (տես այստեղ

4․ Ենթադրենք Ամուլսարի հանքի շահագործումը սկսվել է ու դրանից մի քանի տարի անց օֆշորային «Lydian International» ընկերությունն ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է շարունակել շահագործումը։ Դա կարող է լինել տարբեր պատճառներով․ օրինակ՝ գնահատված պաշարները չեն համապատասխանել իրականությանը կամ ոսկու գինն այնքան է նվազել միջազգային շուկաներում, որ հանքավայրի հետագա շահագործումն այլևս ձեռնտու չէ։ Կրկին նույն հարցն է առաջանում՝ ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ գումարներով պետք է վերականգնի բնական միջավայրին արդեն իսկ հասցված վնասը։ Միջազգային ի՞նչ նորմատիվներ են գործարկվելու բացահանքը, ցիանիդային տարրալվացման հարթակը, դատարկ ապարների լցակույտերն ու այլ խախտված տարածքները վերականգնելու համար։ ՀՀ ո՞ր օրենքների կամ այլ իրավական ակտերի շրջանակներում է այդ ամենը արվելու։ Այս հարցը չափազանց կարևոր է, քանի որ այս պահին Հայաստանի տարածքում արդեն իսկ կան մի քանի հանքեր ու պոչամբարներ, որոնք լքված են, ոչ մի վերականգնում արված չէ, և դրանք դանդաղ գործունեության ռումբի նման սպառնալիք են շրջակա տարածքների էկոլոգիական անվտանգության և բնակչության առողջության համար (Կավարտի, Լիճքվազ-Թեյի հանքեր, Դաստակերտի, Ագարակի, Ախթալայի և այլ պոչամբարներ ու հանքաթափոներ)։

5․ Ենթադրենք Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում առաջ են գալիս լուրջ խնդիրներ բացահանքից թթվային դրենաժի հետևանքով, կամ վթարների, բնական աղետների կամ այլ պատճառներով ցիանիդային տարրալվացման հարթակից թունահարույց և վտանգավոր նյութերի արտահոսքեր են լինում Արփա գետի ավազան (համաշխարհային պրակտիկայում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են գրանցվել, տես այստեղ և այստեղ)։ Ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ գումարներով պետք է վերականգնի բնական միջավայրին և մարդկանց առողջությանը հասցված վնասն ու վերացնի հետևանքները, և ՀՀ ո՞ր օրենքների կամ այլ իրավական ակտերի շրջանակներում։

6․Կառավարությունում կոնկրետ ովքե՞ր և ի՞նչ տեսակի պատասխանատվություն են կրելու այն պարագայում, եթե Ամուլսարի շահագործման ընթացքում հանկարծ պարզվի, որ լուրջ էկոլոգիական կամ սոցիալական խնդիրներ են առաջացել Սևանա լճի, Ջերմուկ քաղաքի և նրա հանրահայտ հանքային ջրերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Որոտան և Արփա գետերի ավազանների, հանքին և ցիանադային հարթակին հարակից համայնքների, այգիների, արոտավայրերի, մարգագետինների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև ցիանիդի տեղափոխման ընթացքում որևէ այլ տարածքում հավանական վթարների հետ կապված։

Ուզում ենք նշել, որ բնապահպանության նախարարության կողմից Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացության մեջ վերոնշյալ վտանգների ու բնապահպանական խնդիրների մասին ոչինչ ասված չէ։

Խնդրում ենք պատասխաններում ներկայացնել միայն ՀՀ կառավարության կարծիքն ու հստակ իրավական, մասնագիտական և գիտական հիմնավորումներ, քանի որ այս ռիսկերը հիմնականում անկառավարելի են, իսկ այդ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ կլինեն հարյուր միլիոնավոր դոլարի հասնող գումարներ։ Խնդրում ենք նաև պատասխաններում հղումներ չանել «Lydian International» ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերին, քանի որ մեզ հետաքրքրում է կառավարության անկախ գնահատականը, այլ ոչ թե շահագրգիռ կողմի ներկայացրած փաստարկներն ու ուսումնասիրությունները։

Քանի որ Ամուլսարի վտանգավոր ծրագրին կանաչ լույս են տվել նախորդ կառավարությունները, ենթադրում ենք որ նոր վարչապետն ու կառավարության նոր անդամները բավականաչափ տեղեկացված չեն խնդրի ողջ էությանն ու լրջությանը։ Այդ իսկ պատճառով համոզված ենք, որ իրական վտանգներին ծանոթանալու և դրանք գնահատելու արդյունքում՝ ՀՀ կառավարությունը կկասեցնի Հայաստանի էկոլոգիական և պետական անվտանգությանը սպառնացող այս ծրագիրը։ Մեր քաղցրահամ ու հանքային ջրերի ռազմավարական պաշարները չի կարելի վտանգի տակ դնել հանուն շատ կասկածելի ոսկու պաշարներից սպասվող ինչ-որ եկամուտների։ Խնդրին առավել տեղեկացված լինելու համար խնդրում ենք ծանոթանալ Ամուլսարի մասին հրապարակված անկախ փորձագիտական կարծիքներին և հոդվածներին»։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,