News

Հայկական բնապահպանական ճակատի դիրքորոշումը ԶԼՄ-ների կապակցությամբ

Հայկական բնապահպանական ճակատը կամավորական քաղաքացիական խումբ է, որի գործունեությունն ուղղված է բնության պահպանությանը, էկոլոգիական խնդիրների ուսումնասիրությանն ու բարձրաձայնմանը, բնապահպանական լուծումներ առաջադրելուն, էկոկրթությանն ու բնապահպանական գիտակցության բարձրացմանը։

Որպես հանրային գործունեությամբ զբաղվող խումբ, մենք միշտ գործել ենք բաց, մեր գործունեության արդյունքներն ու հրապարակումներն ուղարկել ենք զանգվածային լրատվամիջոցների լայն ցանկի՝ ակնկալելով, որ զանգվածային լրատվամիջոցները հավատարիմ կլինեն անկաշառության, օբյեկտիվության ու պրոֆեսիոնալիզմի իրենց կոչմանը և կլուսաբանեն մեր ներկայացրած խնդիրները, սեփական նախաձեռնությամբ կզարգացնեն բարձրաձայնված բնապահպանական խնդիրների քննարկումները, կիրականացնեն հետաքննություններ և այլ ձևերով կցուցաբերեն լրատվամիջոցին հատուկ պրոֆեսիոնալ աշխատանք։

Ցավոք սրտի, ամենասուր ու կոռուպցիայով լի խնդիրների բարձրաձայնման դեպքում, ինչպիսին հանքարդյունաբերության առաջ բերած խնդիրներն են, զանգվածային լրատվամիջոցներից շատերը՝ հատկապես հեռուստատեսային լրատվամիջոցները, հետամուտ չեն եղել Հայաստանի համար կարևորագույն հանրային այս խնդիրների օբյեկտիվ լուսաբանմանը, հետաքննությանը, հանրային շահի բարձրաձայնմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը, բնության արժեքի պահպանմանը։ Ավելին, հանքարդյունաբերողների գովազդները և նրանց հետ անքննադատ զրույցները գերակշռել են շատ լրատվամիջոցների էկրաններին ու ինտերնետային էջերում այն դեպքում, երբ այդ նույն լրատվամիջոցները չեն իրականացրել նրանց հետ կապված խնդիրների օբյեկտիվ լուսաբանում։

Այս օրերին, երբ Ամուլսարը հանքից փրկելու հանրային մեծ համախմբում և քաղաքական ճնշում կա, որոշ լրատվամիջոցներ ակտիվացել են, սակայն իրենց հատուկ՝ սկանդալներ բեմականացնելու, շոուներ կազմակերպելու մոտեցումներով։ Մեր հստակ դիրքորոշումն է, որ որպես տարիներ շարունակ հանրայնորեն գործունեության վարած բնապահպանական խումբ, մենք հրաժարվում ենք անցյալի ավանդույթներով աշխատող և խորքային լրատվական աշխատանք չկատարող լրատվամիջոցների համար հանդիսանալ հեռուստաշոուների, սկանդալային հաղորդումների մասնակից կամ այլ կերպ ասած՝ հումք։

Մենք չե՛նք մասնակցելու հեռուստաբանավեճերի, որովհետև մենք վիճելու խնդիր չունենք, չե՛նք մասնակցելու այնպիսի մամլո ակումբների ասուլիսներին, որոնք տարիներ շարունակ սպասարկել են ՀՀԿ-ին, չե՛նք անելու լրագրողների աշխատանքը, որովհետև դրա համար իրենք են աշխատավարձ ստացողը։ Զանգվածային լրատվամիջոցներից մենք ակնկալում ենք մեր բարձրաձայնած խնդիրների ու լուծումների և հատկապես Ամուլսարի հետ կապված՝ խորքային հետաքննական, քննադատական պրոֆեսիոնալ աշխատանք։

Միևնույն ժամանակ շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր ԶԼՄ-ներին, որոնք հնարավորինս անկողմնակալ, բարեխիղճ և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերել Հայաստանի էկոլոգիական խնդիրների լուսաբանման կարևոր գործին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,