News

Բրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները

2019թ. հուլիսի 30-ին բրիտանական երկու կազմակերպություն՝ «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) հասարակական կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել՝ ազդարարելով Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը և մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»:

Առևտրի ու ներդրումների մասին երկկողմ պայմանագրերի վրա հիմնվող ներդրումային արբիտրաժը, այլ կերպ՝ «կորպորատիվ դատարանները» դատաիրավական զուգահեռ համակարգ են, որոնք անարդար պայմաններ են ստեղծում զարգացող երկրների համար և պաշտպանում են բացառապես շահույթ հետապնդող կորպորացիաներին:

Save Amulsar

Բրիտանական կազմակերպություններն իրենց մամլո հաղորդագրությամբ հղում են անում Բրիտանայի խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի վերջերս արած ուսումնասիրությանը, որով հանձնաժողովը եզրահանգում է, որ ներդրումային կանոնները խիստ վիճահարույց են: Խորհրդարանական հանձնաժողովը քննադատում է բրիտանական կառավարությանը, որ չհանգուցալուծված Բրեքսիթի պարագայում կառավարությունը ձախողել է սահմանել ներդրումային միջպետական համաձայնագրերի շուրջ իր քաղաքականության գոնե տարրական մոտեցումները, ներառյալ՝ կորպորատիվ դատարանների խնդրի շուրջ իր դիրքորոշումը:

«Պատերազմ ընդդեմ կարիքի» և «Գլոբալ արդարություն» հասարակական կազմակերպությունները Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջում են վերացնել կորպորատիվ դատարանները և վերանայել ներկայիս ներդրումային համաձայնագրերն այնպես, որ նման անարդար արբիտրաժ չսահմանվի: Որպես գլոբալ անարդարության վերջին օրինակ մատնանշում են Հայաստանում Ամուլսարում մղվող պայքարի դեմ ներդրումային դատարանով սպառնալիքները: Կազմակերպությունները պնդում են, որ կորպորատիվ դատարաններով սպառնալը հարձակում է ժողովրդավարական սուվերենության նկատմամբ: Հայաստանում ավտորիտար վարչակարգի տապալումը 2018թ. ժողովրդական ըմբոստության միջոցով շատերի համար նշանակում էր այդ վարչակարգի ընդունած անարդար որոշումների վերացում: Ամուլսարի պահպանության պայքարը հենց այդ ժողովրդավարական սուվերենությունն է, ըստ կազմակերպությունների:

Ըստ «Պատերազմ ընդդեմ կարիքի» կազմակերպության անդամ Ջին Բլեյլոքի՝ «Կորպորատիվ դատարանները ֆունդամենտալ կերպով են անարդար և ժամանակակից առևտրային ու ներդրումային քաղաքականության մեջ տեղ պետք է չունենան: Ամուլսարի օրինակը ցույց է տալիս, թե նման դատարաններն ինչ վտանգ են ամբողջ աշխարհում, ուստի Բրեքսիթի չհանգուցալուծման պարագայում կառավարությունը չի կարող շարունակել այս քաղաքականությունը «անվերջ ուսումնասիրելու» իր դիրոքորոշումը»:

«Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն էլ նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: 2 միլիարդ դոլարի պահանջով հայցի նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»:

Կազմակերպությունները հրապարակել են Ամուլսարի փրկության պայքարի մասին 18-րոպեանոց վավերագրական ֆիլմ: Ֆիլմի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով, իսկ հայերեն թարգմանությունը հրապարակել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը.

Հայաստանի կառավարությանը ներդրումային կորպորատիվ դատարան չներքաշելու պահանջագրին կարող են միանալ նաև Հայաստանի քաղաքացիները հետևյալ հղումներով՝ https://waronwant.org/save-amulsar կամ https://act.globaljustice.org.uk/stop-lydian%E2%80%99s-toxic-attack-democracy

Բրիտանական կազմակերպությունների մամլո հաղորդագրությունը՝ https://www.globaljustice.org.uk/news/2019/jul/30/government-challenged-rule-out-corporate-courts-after-brexit-following-criticism

Ամուլսարի պայքարին զորակցելու մասին՝ https://www.globaljustice.org.uk/blog/2019/jul/30/jersey-mining-companys-2-billion-attack-armenias-democracy

«Ոսկուց էլ թանկ. Ջերմուկ համայնքի դիմադրությունն ընդդեմ կորպորատիվ դատարանի» ֆիլմն անգլերեն՝ https://youtu.be/JT5_pTP8Tdk, հայերեն՝ https://www.youtube.com/watch?v=zUWJBDRJ5wU:

Այլ հղումների համար՝ մամլո հաղորդագրությունն անգլերեն https://www.globaljustice.org.uk/news/2019/jul/30/government-challenged-rule-out-corporate-courts-after-brexit-following-criticism

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,