News

Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

ՀՀ Կառավարությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
29 մայիսի, 2018թ.

Հարգելի պարոն Վարչապետ,

Դիմում ենք Ձեզ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ստորև ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մենք գիտակցում ենք, որ լեռնահանքային ոլորտում պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ «Ռեսուրսների անեծք» անվանվող իրավիճակը Հայաստանում ներկայացվել է որպես «ներդրումներ ներգրավելու» հնարամիտ քաղաքականություն, մինչդեռ ներդրումներ կոչվածը լայն իմաստով ցանկացած տնտեսվարողի ծախսերն են, որոնք քողարկում են տնտեսվարման հետ կապված այլ էական կողմեր՝ տնտեսվարողի շահույթը, հանրային բարիքի, տվյալ դեպքում՝ հանքային հանածոյից ստացված եկամուտների արդար բաշխումը տվյալ երկրի բնակիչներին, աշխատավորների և գյուղացիության շահերը, երկարաժամկետ գոյատևման հնարավորությունները և ամենակարևորը՝ բնության անշահախնդիր պահպանության հարցը։

Քանի որ տնտեսական քաղաքականության անմիջական պատասխանատուն կառավարությունն է և կառավարության ձեռքում են ոլորտի հետ կապված որոշումների ընդունման լծակները, ինչպես նաև աչքներիս առջև ունենալով Թեղուտը հանք դարձնելու քաղաքականության ողբերգական հետևանքները, առաջնահերթ հրատապության խնդիր է Ամուլսարում հանքի աշխատանքների դադարեցման հարցը։ Ամուլսարում շինարարական աշխատանքները հասել են այնպիսի փուլի, երբ գործունեության շարունակումը կարող է անվերականգնելի վնասներ հասցնել բնական միջավայրին ու սպառնալ Հայաստանի Հանրապետության էկոլոգիական և պետական անվտանգությանը: Ամուլսարում հանքի շահագործման անթույլատրելիության մասին 2010 թվականից ի վեր բարձրաձայնել են բազմաթիվ գիտնականներ, էկոլոգներ, իրավաբաններ, ՀԿ-ներ, բնապահպաններ, տարածաշրջանի տնտեսվարողներ և բնակիչներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր փորձագետներ, սակայն նախորդ կառավարություններն անտեսել են բոլոր մտահոգությունները, դիմումներն ու կոչերը:

Իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար ներկայացնում ենք մի շարք հիմնարար փաստեր.

1. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի խախտումներ

«Գեոթիմ» ՓԲԸ-ն (այժմ` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) 2009-2016թթ. ժամանակահատվածում մի քանի անգամ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու փորձաքննությունն իրականացնելու նպատակով՝ ներկայացնելով էականորեն տարբերվող և իրարամերժ փաստաթղթեր: Վերջին անգամ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) դրական եզրակացություն է տրվել 29.04.2016թ., որը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից: Ստորև շարադրված փաստերն ու հիմնավորումները ցույց են տալիս, որ Ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) հաշվետվություններում ապահովված չի եղել դրանց ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և դրանով իսկ խախտվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ և հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ կետերի պահանջները:

2. Անկառավարելի վտանգները կարևորագույն ջրային ավազանների համար՝ պետության համար ահռելի ֆինանսական ծախսեր

Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի ամենաէական ու անկառավարելի ռիսկերից մեկը վերաբերում է մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությանը, ինչը չափազանց մեծ, աղետալի մակարդակի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի կենտրոնական ու հարավային շրջանների համար, իսկ ֆինանսական իմաստով՝ պետության համար անհաղթահարելի ծախս: Ջրերի որակի վատթարացումն ու խմելու, ոռոգման և ջրային կենսաբազմազանության համար անպիտան դառնալն առաջին հերթին պայմանավորված կլինի թթվային ապարների դրենաժով: Ընկերությունն իր ՇՄԱԳ-ում նշում է, որ Ամուլսարի հանքից հանվելիք ապարներից միայն դատարկ ապարներն ունեն թթվագոյացման ներուժ՝ այն էլ չնչին ծավալներով, ինչի արդյունքում թթվային ապարների դրենաժի կառավարումը խնդիրներ չի առաջացնի։ Տեղական և միջազգային փորձագետների եզրակացությունների համաձայն՝ այս պնդումները չեն համապատասխանում հենց Ընկերության ուսումնասիրությունների արդյունքներին կամ նմանատիպ այլ հանքերից արձանագրված փորձին[1]։ Հանքի տարածքում երկրաբանական բարդությունների մասին Ընկերության սեփական տվյալները ցույց են տալիս, որ հանքաքարում առկա են սուլֆիդային ապարներ և որ հնարավոր չի լինելու դրանք պատշաճ կերպով անջատել հանքաքարից, ինչը նշանակում է, որ ինչպես ցիանային կույտային տարրալվացման հարթակում, այնպես էլ դատարկ ապարներում, կա թթվային դրենաժի երկարատև առաջացման և աղտոտիչների անջատման ներուժ: Այս հարցի կապակցությամբ վերջին մի տարվա ընթացքում ինտենսիվ ուսումնասիրություններ են իրականացրել ոլորտում համաշխարհային համբավ ունեցող փորձագետներ՝ Անն Մաեստը ԱՄՆ-ից, Անդրե Սոբոլևսկին Կանադայից, Ռոջեր Սմարթը և Անդրեա Գերսոնը Ավստրալիայից, և ներկայացրել են դրանց արդյունքները Հայաստանի հանրությանն ու Ընկերությանը[2]։ Ըստ նրանց, առկա տվյալների բազայի հիման վրա հնարավոր չէ պատճաշ կերպով սահմանել, թե երկարաժամկետ կտրվածքով աղտոտիչների անջատման ներուժը որքան է, քանի որ Ընկերության կողմից ստուգման են ենթարկվել հանքաքարի ու դատարկ ապարների չափազանց քիչ թվով նմուշներ, իսկ մետաղային ու սուլֆիդային պարունակությամբ ապարներն ընդհանրապես չեն թեստավորվել, որի արդյունքում ստացված տվյալները շեղված են, ու աղտոտիչների արտազատումը թերագնահատված է[3]։

Օգտվելով Ընկերության տվյալներից և համադրելով դրանք ոլորտում բարձր գնահատական վայելող «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) մոտեցումների հետ՝ միջազգային փորձագետները պնդում են, որ թեստավորված հանքաքարի ու դատարկ ապարների գրեթե բոլոր նմուշները պոտենցիալ առումով թթու առաջացնող են։ Լիդիանի թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում կորզումից հետո մնացած ապարներից և կոշտ թափոններից արտահոսքում առկա կլինեն ծարիրի, մկնդեղի, պղնձի և ցինկի բարձր կոնցենտրացիաներ, որոնք անհամեմատ բարձր են Հայաստանի ջրի որակի ստանդարտներից (տես՝ միջազգային փորձագետների վերջնական ամփոփագիրը): Ամուլսարում այս պրոցեսներն անկառավարելի են: Ինչպես փաստել են միջազգային փորձագետները` թթվային հոսքը կարող է «շարունակվել տասնյակ տարիներ կամ դարեր, և Հայաստանի կառավարության համար ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները:»[4] Հայաստանի ներկայիս օրենսդրությամբ ու կառավարման պրակտիկաներում նախատեսված չեն[5] գործուն տեխնիկական ու ֆինանսական մեխանիզմներ հանքերի շահագործումից հետո էկոլոգիայի դեգրադացիայի կառավարման ու վերականգնման համար, հետևանքները մնում են պետության և նրա քաղաքացիների ուսերին որպես ահռելի ծախս[6]։

Միջազգային փորձագետները նաև նշել են, որ փորձաքննության ընթացքում չի գնահատվել «մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակը», մասնավորապես, «որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել, նիտրատ, սելեն, արծաթ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ»:[7]

«Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ»[8] փաստաթղթում միջազգային փորձագետները, ուսումնասիրելով Ընկերության համապատասխան փաստաթղթերը, եզրակացնում են․ «Լիդիանը չի հետևել արդյունահանվող նյութերի երկրաքիմիական բնութագրության համար ընդունելի գործընթացներին: Սխալները կամ բացթողումները ներառում են հետևյալը․

ա)  նշված չեն թափոնների երկրաքիմիական փորձարկումների միավորները,

բ) քանդվելիք լեռնային ապարների հսկայական ծավալների համեմատ չափազանց քիչ նմուշներ են վերցվել,

գ) չեն օգտագործվել այնպիսի նմուշներ, որոնք թթվարտադրող կամ աղտոտիչ նյութեր արտազատող վարքագծերի ամբողջական շարք են դրսևորում,

դ) կինետիկ փորձարկումները վաղաժամ են դադարեցվել՝ նախքան կայուն վիճակի կամ առավելագույն աղտոտիչ խտության կամ կայուն pH արժեքի հասնելը,

ե) օգտագործվել են անպատշաճ կարճաժամկետ տարրալվացման փորձարկումներ,

զ) չեն փորձարկվել հայտարարված մեղմացնող միջոցառումները, որոնք կանխարգելելու կամ մեղմացնելու են հանքի թթվային ջրերի կազմավորումն ու տեղաշարժը»:

Միայն այս փաստերն արդեն իսկ ապացուցում են, որ Ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությունում և կից հավելվածներում ապահովված չի եղել դրանց լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջ է:

3. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Ջրային օրենսգրքի դրույթների խախտումներ

Ամուլսարում հանքերի խոռոչների բացումը, հանքաքարի մանրացումը և դատարկ ապարների (կոշտ թափոնների) կույտավորման աշխատանքները նախատեսվում է կատարել Սևանա լճի ջրհավաք ավազանում, որի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված):  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն (8-րդ, 10-րդ, 26-րդ հոդվածներ) արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Ընկերությունն իր ՇՄԱԳ հաշվետվության մեջ բացառել է որևէ բացասական ազդեցություն դեպի Սևանա լիճ հոսող ջրերի որակի վրա: Հակառակ այս պնդմանը, դեռևս 2012թ. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծին տվել էր բացասական եզրակացություն: Ի թիվս այլ փորձագիտական հիմնավորումների, Սևանի փորձագիտական հանձնաժողովը նշել էր, որ «Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածաշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը, (դատարկ ապարների) լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետև Որոտան-Արփա-Սևան թունելով նաև Սևանա լիճ»: Հանձնաժողովն անդրադարձել էր նաև սողանքների և ռադիացիայի հետ կապված վտանգներին, հատկապես ընդգծել էր, որ այդ տարածքում հանքաքարի հարստացման ֆաբրիկայի կառուցման ծրագիրն անընդունելի է:[9] Հետագայում, 2014թ. նույն հանձնաժողովը նորից անդրադարձավ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն և դրան տվեց դրական եզրակացություն՝ չնայած նրան, որ փոխվել էր միայն հարստացուցիչ ֆաբրիկայի տեղադիրքը, իսկ դատարկ ապարների լցակույտինը՝ մնացել նույնը։

Վերը հիշատակված միջազգային փորձագետների կողմից Ընկերության ՇՄԱԳ-ի վերլուծությունները, սակայն, փաստում են, որ թթվային ապարների դրենաժը հանգեցնելու է ստորերկրյա ջրերի, աղբյուրների, Սպանդարյան-Կեչուտ թունելի, Կեչուտի ջրամբարի ջրի՝ ծանր և վտանգավոր մետաղներով երկարաժամկետ աղտոտման։ Կեչուտի ջրամբարի ջրերը հասնում են Սևանա լիճ[10], հետևաբար, խախտվում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածները: Խախտվում են նաև ՀՀ Ջրային օրենսգրքի մի շարք պահանջներ (ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ, 108-րդ հոդ.):

Այսպիսով, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Ջրային օրենսգրքի դրույթների կոպիտ խախտումներն անդառնալի վնաս են պատճառելու Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացող ջրերին և, ի վերջո, նաև բուն Սևանա լճի էկոհամակարգին:

4. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքի, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի խախտումներ

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է … եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տվյալներով՝ Ամուլսարի նախագծի քարտեզում նշված է ՀՀ Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակի` մատնունի ծիրանավորի (Potentilla porphyrantha) աճելու վայրը, ինչպես նաև նշված են ՀՀ կարմիր գրքում գրանցված երկու տեսակի սողուններ, 18 տեսակի թռչուններ, 4 տեսակի կաթնասուններ:[11] Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ում և հավելվածներում ևս նշված է, որ նախագծի տարածքում են ապրում Կարմիր գրքում գրանցված տեսակներ, այդ տարածքով են անցնում Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների միգրացիոն ուղիները (հայկական մուֆլոնի, ընձառյուծի, բեզոարյան այծի և այլ կենդանատեսակների միգրացիոն ուղիները, որոնցից շատերը գրանցված են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային Կարմիր ցուցակում): Սակայն ՀՀ Կառավարությունն անօրինական որոշում է ընդունել՝ թույլատրելով Կարմիր գրքում գրացված մատնունի ծիրանավոր բուսատեսակը տեղափոխել Սևանի բուսաբանական այգի, ինչը «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, Կենսաբազմազանության մասին և Վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության մասին կոնվենցիաների կոպիտ խախտում է: Ընկերության խոստացած՝ կենսաբազմազանության և ապրելավայրերի կորստի և վատթարացման փոխհատուցման ծրագրերը և մասնավորապես «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումն, ըստ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի, ակնհայտորեն անբավարար ու անհամաչափ են հասցվելիք վնասներին ու կորուստներին և չեն կարող համարվել դրանց փոխհատուցում։

Հետևություն. Ամուլսարի ոսկու ծրագրի նախագիծը հակասում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքին, «Բուսական աշխարհի մասին» և «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, քանի որ այդ տարածքում աճում և բնակվում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ: Նշված իրավական ակտերում արգելող դրույթներն ամրագրված են իմպերատիվ կերպով և չեն նախատեսում որևէ վերապահում կամ բացառություն: Ներկայացված փոխհատուցման ծրագրերը հիշյալ օրենքների կատարում չեն կարող համարվել։  

5. Թույլտվությունները տրվել են մի շարք փորձաքննությունների բացակայությամբ

Խիստ թունավոր ցիանիդի փոխադրման, երթուղիների, պահպանության և օգտագործման տեխնիկական անվտանգության փորձաքննություն չի անցկացվել։ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում նշված է. «վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել և գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը»։ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից շահագործման նախապատրաստվող «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ոսկու կորզման գործարան» արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության մեջ չեք գտնի և ոչ մի նախադասություն, որն ինչ-որ կերպ առչություն ունի այս գործընթացի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ այս ծրագրով նախատեսվում է տարեկան տեղափոխել, պահեստավորել և օգտագործել 1000 տոննա միայն նատրիումի ցիանիդ, ինչպես նաև այլ խիստ վտանգավոր քիմիական նյութեր: Վերոնշյալ ՊՈԱԿ-ի տված դրական եզրակացություններում բացառապես ներկայացված են տնտեսվարողի փաստաթղթերից արտագրված նկարագրությունները գործունեության մասին ու ընդհանրապես պարզ չէ, թե ինչ վտանգներ են գնահատել փորձագետները։

6. Առողջարանային տուրիզմի, հանքային ջրերի վրա բացասական ազդեցություն

Ամուլսարի հանքավայրի գործարկման դեպքում էկոլոգիական, տնտեսական ու սոցիալական բացասական ազդեցության անմիջական ու հիմնական բեռն ընկնելու է Արփա գետի հովտի բնակավայրերի ու առողջարանային Ջերմուկ քաղաքի վրա:[12] Ջերմուկ քաղաքը, որը եզակի հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով հայտնի առողջարանային քաղաք և զբոսաշրջության կենտրոն է, գտնվում է Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներից ուղիղ գծով 8-10 կմ հեռավորության վրա: Քաղաքը 2009 թվականից ներգրավված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, այնտեղ չեն անցկացվել հանրային քննարկումներ, որի արդյունքում խախտվել է գործունեության սկզբնական փուլերում որոշումների կայացմանը մասնակցելու՝ ջերմուկցիների ու Արփայի հովտի բնակիչների իրավունքը: Քաղաքացիական ճնշումների արդյունքում 2016թ․ Ընկերությունն իր պատրաստած սոցիալական ազդեցության գնահատականում մասնակիորեն ներառել է նաև Ջերմուկը, սակայն պաշտոնապես Ջերմուկի բացառումը հանրային քննարկումներից և ջերմուկցիների կարծիքը հաշվի չառնելը թույլտվությունների գործընթացում ուղղակիորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի պահանջները, հետևաբար բոլոր փորձաքննական եզրակացություններն անօրինական են:

ՀՀ Կառավարության 18.09.2008թ. «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» հ.1064-Ն որոշման մեջ նշված է. «4. Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի», և այդ ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության գնահատում, քանի որ քաղաքը որդեգրել է զբոսաշրջության զարգացման հեռանկարը: Ամուլսարի ոսկու ծրագիրը բախվում է նաև Հայաստանում Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերին ու ռազմավարություններին, մասնավորապես՝ «Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման ռազմավարությանը», որը ներառում է Ջերմուկը՝ որպես զբոսաշրջության զարգացման ռազմավարական վայրերից մեկը։

Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների վրա ազդեցությունը պատշաճ չի գնահատվել:[13] Ընկերությունը ՇՄԱԳ-ում և դրա հավելվածներում ներկայացված իզոտոպային հետազոտությունների արդյունքում եզրակացրել է, որ Ջերմուկի ջրերը տարբերվում են Ամուլսարի ստորերկրյա ջրերից: Սակայն տեղական փորձագետները, նույն հետազոտության արդյունքները վերլուծելով, գտնում են, որ նման եզրակացություն անելու համար նշված ուսումնասիրությունները բավարար չեն կարող լինել, քանի որ բազմաթիվ գործոններով պայմանավորված իզոտոպային կազմերը կարող են փոփոխվել և իրական պատկերը ցույց չտալ. նույն ցուցանիշներով կարելի էր անել մեկ այլ եզրակացություն:[14]

Ընկերությանը ֆինանսապես աջակցած ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակը, հետաքննելով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Հայաստանից ներկայացված բողոքները, 2017թ-ի իր զեկուցագրում հաստատում է, որ Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում (ԲՍԱԳ) «Ջերմուկ բրենդի և Ջերմուկի, որպես տուրիստական քաղաքի վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել և մեղմացվել թիվ 1 Կատարողական չափորոշիչի (ԿՉ1) պահանջներով», ինչպես նաև լիարժեքորեն չեն գնահատվել սոցիալական ազդեցությունները Գնդեվազ համայնքի վրա:[15] Այստեղ պետք է նշել, որ հանքավայրի շահագործումը դեռ չսկսած՝ Ընկերության գործունեությունն արդեն իսկ հանգեցրել է առողջական նպատակներով տուրիստական հոսքերի կրճատման, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասները որևէ կերպ գնահատված չեն։ Ամուլսարի հանքավայրի գործարկման արդյունքում կարող ենք կորցնել Ջերմուկի հազվագյուտ հանքային ջրերի աղբյուրները (պայթեցումների, սեյսմիկության բարձր ռիսկայնության, աղտոտման արդյունքում), աղտոտել և առողջարանային հանգստի և զբոսաշրջության համար ոչ պիտանի դարձնել Ջերմուկի բնությունը՝ օդի, ջրերի, հողի աղտողտման և բարձր ճառագայթման հետևանքով: Արդյունքում, Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները ոչ թե կավելանան, ինչպես ծրագրված է «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» կառավարության որոշմամբ, այլ կնվազեն:

Ընկերությունը կամ պետությունը չեն կրում ոչ մի պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսվարող սուբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները գնահատված չեն Ամուլսարի ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ:

Ամուլսարում սկսված շինարարական աշխատանքներն արդեն իսկ առաջացրել են լուրջ սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական, առողջարանային քաղաքի ռեժիմի պահպանման և այլ խնդիրներ: Իսկ ապագայում, ինչպես նշված է Ընկերության ԲՍԱԳ հաշվետվությունում, «նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են` ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության և դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների աճ»: Այս պարագայում, հնարավոր չէ առողջարանային քաղաքի բնականոն կյանքը և նորմալ զարգացումը:

Ընկերությունը նաև հավաստիացնում էր, որ փոշին 1 կմ շառավղով է տարածվելու, մինչդեռ 8-10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքն արդեն իսկ ամբողջությամբ փոշու մեջ է: Նույն վիճակն է նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերում: Չնայած միջազգային բարձր չափանիշներով աշխատելու մասին հավաստիացումներին՝ 2018թ․ մայիսի դրությամբ Ընկերությունն արդեն երեք անգամ վնասել է խմելու ջրի խողովակները՝ զրկելով Կեչուտ, Գնդեվազ բնակավայրերին խմելու ջրից։ Աղտոտվում է նաև ոռոգման ջրի ջրամբարը։

7. Վարկային միջոցներով իրականացված գյուղատնտեսական ծրագրերի փոշիացում ու տարածաշրջանի       գյուղատնտեսության ներուժի ոչնչացում

Հանքավայրը գտնվում է Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝ բացառությամբ կույտային տարալվացմամ հարթակի և փոխակրիչի (կոնվեյերի) մի հատվածի տարածքի, որը գտնվում է ցածրադիր վայրում՝ Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտակայքում, մասնավոր և համայնքային հողերում: Գորայքի արոտավայրերը Հայաստանի առավել հարուստ արոտավայրերից են, որոնք ներառված են եղել Համաշխարհային բանկի «Համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» (CARMAC) վարկային ծրագրում:[16] Այն նախագծվել է Հայաստանի 55 լեռնային գյուղերում արոտավայրերից օգտվող անասապահական տնտեսություների արդյունավետությունն ու կենսակայունությունը բարելավելու համար՝ այս տնտեսություններում կաթի արտադրությունը ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու և անասնապահական մթերքների վաճառքը խթանելու միջոցով: Այսինքն, այս տարածաշրջանում տնտեսության այլ ոլորտի զարգացման համար արդեն իսկ ծախսված են ահռելի միջոցներ, հատուկ ընդգծենք՝ վարկային միջոցներ, որոնք նախորդ կառավարության հանցավոր թույլտվությամբ փոշիացնելու է մասնավոր ընկերությունը, իսկ Հայաստանի ներկայիս ու ապագա սերունդները շարունակելու են փոշիացված վարկերի պարտավորությունները կրել։

Իսկ ահա ցիանիդային մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղի մեջ` հատված ծիրանի այգիների տարածքում, ուր տեղափոխվելու է հանքաքարը: Հաշվի առնելով, որ պաշտոնապես ազդակիր ճանաչված գյուղական համայնքների բնակչության ապրուստի հիմնական աղբյուրն անասնապահությունն ու պտղաբուծությունն են (հիմնականում` ծիրանի արտադրությունը), հանքարդյունահանման արդյունքում բնակչության մի ստվար հատված  զրկվում է իր ապրուստի հիմնական միջոցներից, քանի որ արոտավայրերը կոչնչանան, այգիների մի մասն արդեն հատվել է, մյուս մասն էլ աղտոտվելու է. միայն Գնդեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքի արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար: Գնդեվազի վրա սոցիալական ազդեցության պատշաճ գնահատման բացակայության մասին նշել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակը 2017թ-ի իր զեկուցագրում որպես ՄՖԿ 1-ին կատարողական ստանդարտի խախտում։

Նշված հանքի գործարկման հետևանքով կաղտոտվեն գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը:  «Մթնոլորտային օդի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը: Մինչդեռ, համաձայն Ընկերության կողմից ներկայացրած փաստաթղթերի՝ հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի և գարշահոտության ազդեցությունը, սակայն օդի աղտոտումը կանխելու միջոցառումներ նախատեսված չեն:

8.  Բացասական ազդեցություն Հայաստանի էկոլոգիայի ու տնտեսության վրա

Հանքի շահագործման բացասական ազդեցությունը զգալի կլինի Արփա գետի հովտի բնակավայրերի համար, քանի որ Ընկերությունը 5 տարի շարունակ բոլոր արդյունաբերական ջրերը հավաքելուց հետո դրանք մաքրելու է ցիանիդից և բաց է թողնելու Արփա գետ: Ընկերությունը բացառում է Արփա գետի վրա որևէ բացասական ազդեցություն։ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) ամփոփագրում «Շահագործումից դուրս բերման, վերականգնման ու փակման փուլեր» բաժնում նշվում է, որ «հանքի շահագործման ավարտին կույտային տարրալցավման հարթակի թունազերծումն իրականացվելու է ցիանաքայքայիչ լուծույթով տարածքի լվացման միջոցով` մինչև ցիանիդի ստանդարտներին արտահոսքի համապատասխանության ձեռքբերումը: Հետփակման շրջանում բոլոր արտահոսքերը մաքրվելու են նիտրատի և սուլֆատի նվազեցման կենսառեակտորների միջոցով: … Պասիվ ջրամաքրման համակարգից դուրս եկող արտահոսքը բաց է թողնվելու Արփա գետ կամ կիրառվելու է հողի ոռոգման նպատակներով»:[17] Մասնագետների պնդմամբ՝ չնայած մաքրման նման տեխնոլոգիան կարող է չեզոքացնել ցիանիդի վտանգավոր ազդեցությունը, սակայն հասկանալի չէ, թե ինչպես են մաքրվելու արտադրական ջրերում առկա ծանր մետաղները՝ մկնդեղը, կապարը, ցինկը. նախագծում ոչինչ չի ասվում Արփա գետը բաց թողելուց առաջ ջուրը ծանր մետաղներից մաքրելու մասին: Ըստ միջազգային փորձագետների՝ Ընկերությունը պետք է նախատեսած լիներ ջրերի ակտիվ եղանակով մաքրման տեխնոլոգիաներ, ինչպես նաև հաշվի առներ ոչ միայն ցիանային լցակույտի, այլև հանքախոռոչներում առաջանալիք ջրերի մաքրում, ինչն Ընկերությունն անտեսել է։

Մինչդեռ Արփան ավելի քան 5 խոշոր գյուղերի ոռոգման ջրի հիմնական աղբյուրն է, իսկ այս գյուղերն էլ Հայաստանի գյուղմթերքի և գինու հիմնական արտադրողներից են, և նրանցից որոշները նույնիսկ իրենց արտադրությունը հավատարմագրել են որպես օրգանական մթերքներ: Արփա գետի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում գետի հովտում գտնվող տարածքների համար, ընդհուպ մինչև Արենի գյուղ հասնող հատվածում՝ ներառելով Վայք և Եղեգնաձոր քաղաքները և հարակից գյուղերը:  Այս մարդկանց ոչ ոք չի տեղեկացրել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում սպասվող վտանգների մասին, թեև նրանք փաստացի ազդակիր են համարվում: Արփա գետի աղտոտման ռիսկերը և արդյունքում հսկայական մասշտաբի գյուղատնտեսական հողերի աղտոտումն անտեսված են ՇՄԱԳ-ում: Անտեսված է նաև միջսահմանային ազդեցությունը, որը Հայաստանի ստորագրած միջազգային կոնվենցիաների համաձայն՝ պետք է գնահատված լիներ։

9. Մշակութային ժառանգության ոչնչացում

Ընկերությունը ՀՀ Բնապահպանության  նախարարությանը ներկայացրած փաստաթղթերում նշում է. «ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են 81 հավանական հնագիտական տարածքներ, որոնք ամենայն հավանականությամբ, Ծրագրի գործողություններից ազդեցություն կկրեն, չնայած դրանցից ոչ մեկը, ըստ հայաստանյան և միջազգային փորձագետների, մեծ կարևորություն չի ներկայացնում:»  Թե ինչի հիման վրա և ինչ լիազորությամբ է Ընկերությունը գնահատում 81 հավանական հնագիտական տարածքների արժեքը և դրանք ոչ կարևոր համարում, պարզ չէ: Մինչդեռ, ՀՀ Պատմամշակութային գիտահետազոտական  կենտրոնի գրության համաձայն. «հայտնաբերվել են բնակատեղիներ, դամբարանադաշտեր և գերեզմանոց: Նշված արժեքները ներկայացվել են Մշակույթի նախարարություն հուշարձանի            կարգավիճակ տալու համար: Դամբարանադաշտերը գտնվում են Կեչուտ գյուղից 10 կմ հարավ-արևելք Ամուլսարի ստորոտին, Գնդեվազ գյուղից 18-23 կմ հեռավորության վրա` Ամուլսարի Էրատո, Տիգրան և Արտավազդ լեռնագագաթներին»:

ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն. «1.Պատմական և մշակութային հողեր են համարվում պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, … դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասերը: 2.Պատմական և մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն»: ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն. «1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`1) գերեզմաններ, 2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ»:

10. Ընթացիկ դատական և միջազգային իրավական գործեր ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Ընկերության բազմաթիվ օրինախախտումներն արդեն ավելի քան երեք տարի է՝ վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում: Այս պահին ՀՀ դատարաններում ընթանում են երեք դատական գործեր[18], նախապատրաստվում են նաև այլ հայցադիմումներ: Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրելու ընթացքում խախտվել են նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց վերաբերյալ այժմ էլ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընթանում է վարույթ։[19] Զուգահեռաբար, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն քննում է նաև Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթները պարբերաբար խախտելու հետևանքով Հայաստանի դեմ միջոցներ կիրառելու հարցը, որը գտնվում է Համապատասխանության կոմիտեի օրակարգում դեռևս Թեղուտի հանքավայրի շահագոծման թույլտվություն տրամադրելիս կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները հաստատելու պահից[20]: Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ներկայացված հայցի քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի օգոստոսի 30-ին որոշում ընդունեց հայցվոր հասարակական կազմակերպություններին զրկելու բողոքարկման իրավունքից, որը Համապատասխանության կոմիտեն դիտարկում է որպես Թեղուտի գործընթացի շրջանակներում տեղ գտած կոնվենցիայի խախտումների շարունակություն, քանի որ խախտվել են նույն իրավունքները: Ամուլսարի շահագործման հիմքում ընկած իրավախախտումներին և դրանցով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերին անդրադարձել են նաև միջազգային և հակակոռուպցիոն կազմակերպությունները[21]։

11. Դիմադրություն և բողոքի ալիքներ

Բնապահպանական հանրությունը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես նաև տեղական համայնքներն ակտիվորեն դիմադրում են նախագծին: Ամուլսարի ծրագրի մասին տեղեկության հանրայնացումից անմիջապես հետո դիմադրություն է սկսվել: Տեղական համայնքների բնակիչները դեմ են արտահայտվել հանքին, ինչը հստակորեն արտահայտել են հանրային լսումներում (այլ հղումներ հանրային լսումներին), տեղական ինքնակառավարման մարմինների դիրքորոշումներումբողոքի ակցիաներում և տարիներ շարունակ հողերը վաճառելուց հրաժարվելով (ի վերջո պետությունը հանրային գերակա շահ հայտարարեց այն հողերը, որոնց սեփականատերերը հրաժարվում էին դրանք վաճառել): Անկախ փորձագետներն ու նույնիսկ ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություններ են տրվել այս տարածաշրջանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու վերաբերյալ: 2011-2012 թվականներից ի վեր բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Երևանում և Ջերմուկում, տեղի են ունեցել քննարկումներ, գրվել են քննադատական հոդվածներ, կազմվել են ստորագրահավաքներ՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու միջազգային ֆինանսավորողներին, բողոքներ են ուղղվել դատարան (ՀՀ դատական մարմիններ և Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողով): Դրանցից որոշները նշում ենք ստորև՝

      1. 2012թ․ մարտին Ջերմուկում տեղի ունեցած համաժողովի ընթացքում առողջարանային տնտեսվարողները դեմ արտահայտվեցին Ամուլսարում հանք բացելուն
      2. 2012թ․ ամռանը շուրջ 100 բնասերներ Երևանից, Ջերմուկի ու մոտակա համայնքների բնակիչներ արշավային բողոքի ակցիա կազմակերպեցին հենց Ամուլսարում։
      3. 2012թ․ մայիսին ջերմուկցիները նամակով դիմում են ՀՀ նախագահին՝ Ամուլսարի հանքը Ջերմուկի զարգացման ծրագրերին հակասող համարելու հիմքով Ամուլսարի հանքի նախագիծը կասեցնելու կոչով
      4. 2012թ․ մայիսին կենսաբազմազանության ոլորտում փորձագետները համաժողով կազմակերպեցին, որի ընթացքում ներկայացրին Ընկերության ներկայացրած տվյալների թերությունները և ընդգծեցին, որ հանքի փոխարեն Ամուլսարը և շրջակա պահպանվող տարածքները պետք է միավորվեն մեկ ազգային պարկի տարածքում, որը երկարաժամկետ կտրվածքով տնտեսապես կայուն եկամուտ կբերի տարածաշրջանին և կպահպանվի բնությունը
      5. 2012թ․ հուլիսին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը կոշտ դիրքորոշում է արտահայտում Ամուլսարի հանքի հետ կապված, Ընկերությանը ներկայացված բաց նամակով, Ջերմուկի ավագանին էլ դիմում է Բնապահպանության նախարար Ա․ Հարությունյանին հանքի ծրագիրը դադարեցնելու կոչով
      6. 2013թ․ երբ նախագահի պաշտոնը ներկայում զբաղեցնող, նախկինում վարչապետ, տարբեր ժամանակաշրջաններում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, գործարար Արմեն Սարգսյանը, լինելով Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ, անհասկանալի շարժառիթներով կազմակերպեց Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի մասնավոր այցելությունը Հայաստան, Երևանում բնապահպանները կազմակերպեցին բողոքի ցույց՝ ընդդեմ բրիտանական հանքային ներդրումների և Արմեն Սարգսյանի գործունեության։
      7. 2014թ․ բնապահպանները խափանեցին «Պատասխանատու հանքարդյունաբերություն» խաբուսիկ վերտառությամբ կոնֆերանսը, որի հովանավորների շարքում էր նաև Լիդիան Ինթերնեշընըլը, բողոքելով Հայաստանում անպատասխանատու հանքարդյունաբերությունից ու Ամուլսարի ծրագրից, կառավարության անգործությունից, Հայաստանի ջրերի աղտոտումից, Ամուլսարի անմիջական տարածքում պլանավորված «Ջերմուկ» ազգային պարկի ծրագիրը տապալելուց։
      8. 2016թ-ից ի վեր բացված է Կառավարությանն ու միջազգային ֆինասնավորողներին ուղղված ինտերնետային հանրագիր-պահանջ, որը 2018թ․ մայիս ամսվա դրությամբ ստորագրել է 8000-ից ավել մարդ։
      9. 2016թ․ վերջին Ֆինանսավորողներից Ամերիաբանկի՝ 24 միլիոն դոլարով Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինասնավորելու որոշման դեմ կազմակերպվեց բողոքի ակցիա բանկի գլխավոր գրասենյակի առաջ, և տասնյակ քաղաքացիներ, բոյկոտելով բանկի որոշումը, փակեցին իրենց հաշիվներն Ամերիաբանկում, իսկ բանկի առցանց գնահատականը մի քանի օրում գրեթե 5 աստղից իջավ 2.2-ի՝ ուղեկցվելով բանկի որոշումը դատապարտող հարյուրավոր քննադատություններով:
      10. Մեկ այլ բողոքի ակցիա տեղի ունեցավ Բնապահպանության նախարարության 30-ամյակի արարողության ժամանակ, 2016թ. դեկտեմբերին, երբ բնապահպանները խափանեցին միջոցառումն իրենց ելույթով և նախարարին պոչամբարից թունավորված ջուր նվիրելով:
      11. 2017թ. մարտին բնապահպան ակտիվիստները խափանեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության և Շվեդիայի կառավարության «Գործարար կին» համատեղ ծրագրի ընծայումը՝ բացահայտելով, թե ինչպես է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը (որի սատարողների թվում նաև ՎԶԵԲ-ն է) անդրադառնալու Ջերմուկ քաղաքի ժողովրդագրական խնդիրների վրա՝ զրկելով կանանց տուրիզմի ու առողջապահության ոլորտում իրենց կենսակայուն աշխատատեղերից և մեծացնելով սեռական բռնության ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը, երբ հարյուրավոր տղամարդ հանքային աշխատողներ տեղափոխվեն ու բնակություն հաստատեն Ջերմուկ քաղաքում (ՇՄԱԳ, գլուխ 6.12, գլուխ 6.18): Բնապահպանների այս միջամտությունից հետո ՎԶԵԲ-ի գնահատականը սոցիալական մեդիաներում նույնպես զգալիորեն նվազեց ու կայքէջը հեղեղվեց քննադատական հարցերով ու նկատառումներով. սրանից երկու օր անց ՎԶԵԲ-ը փակեց այդ էջը՝ քննադատությունը թաքցնելով հանրությունից:
      12. 2017թ․ մարտ ամսին Գնդեվազի բնակիչները ֆիզիկապես խոչընդոտեցի Լիլիդան Արմենիայի կողմից պայթեցումների իրականացումը կույտային տարրալվացման հարթակի կառուցման համար նախատեսված վայրում: Մի քանի օր անց նրանք նաև փակեցին գյուղի ճանապարհն ու կանգնեցրին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մեքենան, ով նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելություններ էր կատարում այդ տարածաշրջանում: Գյուղացիներն իրենց մտահոգությունները հայտնեցին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված, և արդյունքում վարչապետն առաջարկեց Լիդիան Արմենիային մարտի 16-ին հանրության հետ քննարկում կազմակերպել Գնդեվազում (այնուհետև այս քննարկման օրը շուրջ մեկ ամիս հետաձգվեց և տեղի ունեցավ ընտրություններից հետո)՝ կառավարության փորձագետների մասնակցությամբ տեղացիներին հուզող հարցերին պատասխանելու համար:
      13. 2017թ. դեկտեմբերին անցկացվեց Ամուլսարում ոսկու հանքի այլընտրանքային հանրային փորձաքննություն, որում ոլորտի մասնագետները ելույթներ հնչեցրին թթվային դրենաժի և ծանր մետաղների տարածման, Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցության և տեկտոնիկայի, իրավական հիմնախնդիրների, էկոլոգիական և տնտեսական չհիմնավորվածության ու ռադիոակտիվ տարրերի առկայության, միջազգային չափանիշների խնդրահարույց կողմերի, միջազգային անկախ փորձագետների զեկույցների վերաբերյալ:
      14. 2018թ․ փետրվարից տարբեր ակտիվ քաղաքացիներ Հայաստանից և արտասահմանից սկսեցին կապ հաստատել Շվեդիայի պետական այն հաստատությունների հետ, որոնք հանձն են առել ֆինասնավորել Ամուլսարի հանքի համար ֆաբրիկայի սարքավորումների ձեռքբերումն ու մատակարարումը, և պահանջել դադարեցնել ֆինանսավորումը։
      15. 2018թ․ ապրիլին խոշոր արշավ-երթ կազմակերպվեց Երևանից դեպի Ջերմուկ՝ իրազեկման ու բողոքի գործողություններ անցկացնելով Արենիում, Վայքում, Եղեգնաձորում, Գնդեվազում և Ջերմուկում։
      16. 2018թ. մայիսին Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչները չորս օր փակված պահեցին դեպի հանք տանող ճանապարհը՝ փաստացի դադարեցնելով այնտեղ շինարարական աշխատանքները և պահանջելով հանքի հետ կապված բոլոր աշխատանքների դադարեցումն ու հանքային ծրագրի չեղարկումը: Միաժամանակ, նույն ընթացքում Կառավարությանն ու Վարչապետին այս բողոքը սատարող նամակներ ուղղեցին նաև Ջերմուկի ավագանու անդամները և Ջերմուկի մի քանի առողջարաններ:

 

Պարոն Փաշինյան, վերը նշված բազմաթիվ նոր հանգամանքները, թերացումներն ու օրինախախտումները, ինչպես նաև հանրային դիմադրությունը հիմք են հանդիսանում Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու և ԲՓ35 պետական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու համար: Հարկ է նշել, որ մինչև օրս ՀՀ պետական պատասխանատու կառույցներն ու պաշտոնատար անձինք Ընկերության նկատմամբ ցուցաբերել են ամենաբարձր մակարդակի պետական հովանավորչություն՝ արտոնություններ են տրամադրել Ընկերությանը, նրա  կարիքներին համապատասխան որոշումներ են ընդունել, պատշաճ կերպով չեն քննել մասնագետների և հանրության ներկայացրած մտահոգությունները և այլն: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը, չունենալով մասնագիտական համապատասխան ներուժ, առանց օրենքով սահմանված կարգով վերլուծելու այդ հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը և ամբողջականությունը՝ իրականում փորձաքննություն չի իրականացրել, այլ ընդամենն արտատպել է ընկերության ներկայացրած տվյալները և տվել դրական եզրակացություն:

Հասկանալով, որ Դուք կարող եք մտավախություն ունենալ, որ Ամուլսարի հանքի հետ կապված աշխատանքները դադարեցնելու և Ընկերության՝ շահագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում այն կարող է միջազգային ատյաններում դատի տալ ՀՀ կառավարությանը, ցանկանում ենք հստակեցնել հետևյալը. ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացում ընկերությունը ներքին ընթացակարգերի այնքան մեծաթիվ կոպիտ սխալներ ու թերացումներ է կատարել, որ եթե անգամ համարձակություն ունենա դատական կարգով բողոքելու ՀՀ կառավարության դեմ, ՀՀ կողմն ունի բոլոր փաստերն այս դատական/արբիտրաժային գործընթացից հաղթող դուրս գալու համար: Միջազգային փորձագետները գնահատել են Ընկերության բոլոր անգլերեն փաստաթղթերը և վերհանել Ընկերության եզրակացությունների ու հայտարարությունների սխալ լինելը, ինչպես նաև հանքի հնարավոր շահագործման դեպքում առաջանալիք վնասների պարագայում պարտավորությունների  բացակայության հարցը։ Լիդիանը պատասխանատու է իր սխալ հայտարարությունների, Հայաստանի կառավարությանը և հանրությանը ապատեղեկացնելու համար։ Առանձին հետաքննության են արժանի այս նախագծի հաստատման գործում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև, որ տեղաբնակներից շատերը վնասների փոխհատուցման պահանջներ ունեն, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են կագնեցնել մեծ գումարներ հատուցելու պարտադրանքի առջև: Ավելին, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում չի կատարվել անդրսահմանային ազդեցության փորձաքննություն, ինչը ՀՀ օրենսդրության և Էսպոյի միջազգային կոնվենցիայի պարտադիր պահանջ է. դա նշանակում է, որ հարևան պետություններ հոսող ջրերի աղտոտման դեպքում այդ երկրների կառավարությունները կարող են վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և միջազգային մակարդակով մեծ խնդիրներ ստեղծել:

Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության՝ օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդրողներին, վստահ ենք, որ այո՛, Կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար:

Հայտնում ենք, որ այս նամակին միացած քաղաքացիները, մասնագետները, ՀԿ-ներն ու խմբերը պատրաստակամ են իրենց գիտելիքը, մասնագիտական փորձը, կապերն ու նվիրումը գործի դնելու՝ Ամուլսարի և մյուս բնապահպանական խնդիրները լուծելու գործում ՀՀ Կառավարությանն աջակցելու համար:

Հարգանքով՝

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյան

Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյան

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյան

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան

«էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյան

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան

Ուսումնասիրություններ ու փաստաթղթեր

      1. Հանքարդյունաբերության ոլորտում միջազգային փորձագետներ Անն Մաեստի, Անդրե Սոբոլևսկու, Ռոջեր Սմարթի և Անդրեա Գերսոնի մեկ տասնյակից ավելի գիտական զեկույցներն ու հուշագրերը՝ https://bit.ly/2JbTh4L և https://goo.gl/Nemxzy հղումներով, փորձագետների համառոտ կենսագրությունները՝ https://bit.ly/2sabm9M հղումով։
      2. Ա․ Սաղաթելյան, «Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը», 2018թ․ դեկտեմբեր,  http://www.armecofront.net/amulsar/acid-mine-drainage-in-amulsar-and-its-hazard/
      3. Ա․ Սաղաթելյան, 2016թ․ «Ամուլսարի շահագործումը բերելու է շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը», Հարցազրույց արտատպված «Առավոտ» օրաթերթում http://www.aravot.am/2016/05/17/693025/
      4. Հակոբ Սանասարյան, «Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական վտանգները», 12.01.2018, https://bit.ly/2IRAaJX
      5. Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ, Կարեն Մանվելյան՝ տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Մասնագիտական կարծիք Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ՇՄԱԳ-ում և դրա հավելվածներում ներկայացվող կենսաբազմազանության և կենսաբազմազանության փոխհատուցման վերաբերյալ», 12.05.2017, https://bit.ly/2xkEEaE
      6. Նազելի Վարդանյան, 2016թ․ «Իրավական կարծիք /համեմատական վերլուծություն/ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման վերաբերյալ», https://ecolur.org/hy/news/amulsar/–/8648/
      7. Սեյրան Մինասյան, 2016թ., «Կարծիք ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի ու ՇՄԱԳ-ի մասին», http://aarhus.am/Expert_2015/Amulsar%20SHMAG_arm.pdf
      8. Շահեն Խաչատրյան, «Ամուլսարի ծրագրի շրջանի ջրերի և Ջերմուկի թերմալ ջրերի իզոտոպային կազմի վերլուծությունը», ամսաթիվ չկա, https://bit.ly/2Jcfjo2
      9. Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Համապատասխանության ապահովման պաշտպանի խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակ, «Համապատասխանության հետաքննության զեկուցագիր. ՀԱՊԽ-ի հետաքննությունը ՄՖԿ-ի Բնապահպանական և սոցիալական կատարողականության շուրջը` կապված Լիդիան Ինթերնեշնլ Արմենիա (Ամուլսար Գոլդ Փրոջեքտ) նախագծի մեջ նրա կատարած ներդրումների հետ», 19.06.2017, https://bit.ly/2IPfbLN
      10. «Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում», Թրանսպարենսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն, 2017թ․, https://transparency.am/files/publications/1512041692-0-785589.pdf
      11. Լիդիան Արմենիա, «Ամուլսարի ոսկու հանքի ԲՍԱԳ # 37084», 2016, https://bit.ly/2LApi4D

[1] Տե՛ս Ա․ Սաղաթելյան, «Ամուլսարի թթվային դրենաժը և նրա վտանգը», 2018թ․ դեկտեմբեր,

http://www.armecofront.net/amulsar/acid-mine-drainage-in-amulsar-and-its-hazard/; Ա․Գերսոն և մյուսներ, 2018թ․ “Amulsar Gold Project: Overview of Concerns with the Amulsar Gold Project, Potential Consequences, and Recommendations” http://www.armecofront.net/wp-content/uploads/2015/03/BronozianConsultants_Concerns.Consequences.Recommendations-Appendices_8Jan2018.pdf

[2] Տե՛ս միջազգային փորձագետների մեկ տասնյակից ավելի զեկույցներն ու հուշագրերը՝ https://bit.ly/2JbTh4L, տես փորձագետների համառոտ կենսագրությունները՝ https://bit.ly/2sabm9M

[3] Ա․ Մաեստ և մյուսներ, 2018թ․ մայիս, «Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի վերաբերյալ հիմնական մտահոգությունները։ Վերջնական ամփոփագիր», http://www.armecofront.net/amulsar/final-expert-summary/

[4] Ռ․ Սմարթ և ուրիշներ, 2017թ․, «Թթվային ապարների դրենաժի գոյացման պոտենցիալը և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցության գնահատականը», https://bit.ly/2GVkELc

[5] Բնապահպանական չափազանց թույլ օրենսդրության ու հարկման, ինչպես նաև ահռելի տնտեսական վնասների մասին՝ տե՛ս Հ․ Սանասարյան, 2018թ․ «Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական և էկոլոգիական հետևանքները», http://hetq.am/arm/news/84915/amulsari-hanqi-shahagortsman-tntesakan-ev-ekologiakanhetevanqnery.html

[6] Օրինակ՝ ըստ ԱՄՆ Բնական միջավայրի պահպանության գործակալության գնահատականի՝ ԱՄՆ-ի բոլոր լքված մետաղական հանքերի աղտոտման հետևանքները մաքրելու համար կպահանջվի 20-54 միլիարդ դոլար գումար, http://www.armecofront.net/lrahos/acid-mine-drainage/

[7] Ռ․ Սմարթ և ուրիշներ, 2017թ․, «Թթվային ապարների դրենաժի գոյացման պոտենցիալը և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցության գնահատականը», https://bit.ly/2GVkELc

[8] A․ Maest et al, “Evaluation of Geochemical Characterization Results and Proposed Additional Studies for the Amulsar Project, Armenia”, 30.10.2017, https://bit.ly/2xhNvd1

[9] «Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Ամուլսարի նախագծին, իսկ նախարարությունը հավանության արժանացրեց նախագիծը», Էկոլուր, 2012թ․ օգոստոս,

http://ecolur.org/hy/news/mining/scientificexpert-committee-on-sevan-negative-opinion-to-amoulsar-project-ministry-v-approved-project/4080/

[10] Ա․ Սաղաթելյան, 2016թ․ «Ամուլսարի շահագործումը բերելու է շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը», Հարցազրույց արտատպված «Առավոտ» օրաթերթում http://www.aravot.am/2016/05/17/693025/   

[11] Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ, Կարեն Մանվելյան՝ տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Մասնագիտական կարծիք Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ՇՄԱԳ-ում և դրա հավելվածներում ներկայացվող կենսաբազմազանության և կենսաբազմազանության փոխհատուցման վերաբերյալ», 12.05.2017, https://bit.ly/2xkEEaE

[12] Ջերմուկ քաղաքի վրա Ամուլսարի ոսկու ծրագրի ազդեցության մասին ծավալուն իրավական վերլուծության համար՝ տե՛ս Ն․ Վարդանյան, 2016թ․ «Իրավական կարծիք /համեմատական վերլուծություն/ Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման վերաբերյալ»,

https://ecolur.org/hy/news/amulsar/–/8648/

[13] Սեյրան Մինասյան, 2016թ․, «Կարծիք ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի ու ՇՄԱԳ-ի մասին», http://aarhus.am/Expert_2015/Amulsar%20SHMAG_arm.pdf

[14] Շահեն Խաչատրյան, «Ամուլսարի ծրագրի շրջանի ջրերի և Ջերմուկի թերմալ ջրերի իզոտոպային կազմի վերլուծությունը», ամսաթիվ չկա, https://bit.ly/2Jcfjo2

[15] Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Համապատասխանության ապահովման պաշտպանի խորհրդականի (ՀԱՊԽ) գրասենյակ, «Համապատասխանության հետաքննության զեկուցագիր. ՀԱՊԽ-ի հետաքննությունը ՄՖԿ-ի Բնապահպանական և սոցիալական կատարողականության շուրջը` կապված Լիդիան Ինթերնեշնլ Արմենիա (Ամուլսար Գոլդ Փրոջեքտ) նախագծի մեջ նրա կատարած ներդրումների հետ», 19.06.2017, https://bit.ly/2IPfbLN

[16] «CARMAC ծրագրերի արդյունքները», 2015թ․ դեկտեմբեր,«ԷԿՈՆՈՄԻԿԱ ՀԱՆԴԵՍ»

http://armef.com/hy/news/ishkhanutyun/carmac-cragreri-ardyunqnery/

[17] Լիդիան Արմենիա, «Ամուլսարի ոսկու հանքի ԲՍԱԳ # 37084», 2016, https://bit.ly/2LApi4D

[18] Դատական գործերի մանրամասները՝ http://www.armecofront.net/amulsar/court-cases-against-lydian/ հղումով։

[19] Վարույթի մասին մասնրամասները՝ http://www.unece.org/environmental-policy/conventions/public-participation/aarhus-convention/tfwg/envppcc/envppcccom/acccc2016138-armenia.html։

[20] Համապատասխանության կոմիտեն Թեղուտի հանքի հետ կապված արձանագրել է Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիա խախտում իր երկու որոշումներով։ Մանրամասները՝ http://www.unece.org/environmental-policy/conventions/public-participation/aarhus-convention/tfwg/envppcc/implementation-of-decisions-of-the-meeting-of-the-parties-on-compliance-by-individual-parties/sixth-meeting-of-the-parties-2017/armenia-decision-vi8a.html

[21] «Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի գնահատում», Թրանսպարենսի Ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն, 2017թ․, https://transparency.am/files/publications/1512041692-0-785589.pdf

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,