News

Ամուլսարի ոսկու ծրագրին տվել են դրական եզրակացություն, բայց չունեն դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերը

Մայիսի 4-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի (նախկինում ‹‹Գեոթիմ›› ՓԲԸ) կողմից շահագործման նախապատրաստվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ երրորդ դատական նիստը, որտեղ քննվում է Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության։ Վեճի պատճառն այն է, որ 2017 թ․-ի աշնանը ԱԻՆ-ը մերժել էր ՀԲՃ-ին տրամադրել այդ արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների և դրանց համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճենները։

Հիշեցնենք, որ դեռ առաջին դատական նիստի ժամանակ ԱԻՆ-ը տրամադրել էր ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությունները, սակայն տարբեր պատճառաբանություններով առ այսօր չի տրամադրում մեզ այդ եզրակացությունների համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն այսօրվա նիստում դրա մասին այնպիսի անհեթհեթ պատճառաբանություններ ներկայացրեց, որոնք առաջացրեցին բոլոր ներկաների զարմանքն ու տարակուսանքը։ Նրա խոսքերի համաձայն ՊՈԱԿ-ը տվել է դրական եզրակացություններ, սակայն դրանց համար հիմք հանդիսացած փաստաթղթերն իրենց մոտ ոչ մի տարբերակով չեն պահպանել, այլ վերադարձրել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Նա նաև պնդում է, որ ոչ մի իրավական ակտով իրենց վրա չկա դրված պարտավորություն այդ փաստաթղթերի պատճեններն իրենց մոտ պահելու համար։

Ստացվում է, որ եթե ցանկություն ունենանք իմանալու, թե ինչ փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում է այս ՊՈԱԿ-ը 2016 թվականին տվել դրական եզրակացություններ ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ին, ապա դա անհնար կլինի, քանի որ ըստ իրենց խոսքերի դրանք չկան ՊՈԱԿ-ում։ Իրականում մենք համոզված ենք, որ այդ փաստաթղթերն առկա են պատասխանող կողմի մոտ՝ ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեն ուզում դրանք տրամադրել մեզ։

Ավելին։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը ասում է, որ իրենք հիմա կխնդրեն ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ին, որպեսզի նրանք կրկին տրամադրեն այդ փաստաթղթերն ու դրանից հետո դրանք հասանելի կլինեն նաև մեզ համար։ Հարց է առաջանում, թե մենք ինչու պիտի հավատանք, որ այդ նոր փաստաթղթերը նույն են՝ ինչ ներկայացվել են երկու տարի առաջ։ Հարց է առաջանում նաև, թե ինչու այդ փաստաթղթերի պատճեններն արխիվացրած չեն ՊՈԱԿ-ում և հասանելի չեն հանրությանը, քանի որ դրանք վերաբերում են բնական միջավայրի և քազաքացիների անվտանգությանը։

Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայաստանում բոլոր տեսակի եզրակացությունները կրում են ձևական բնույթ ու հիմնականում տրվում են տարբեր կոռուպցիոն կամ այլ մեխանիզմների միջոցով։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝
  armecofront@gmail.com

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,