News

Ամուլսարի 100 միլիոն դոլարը՝ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո

2015թ-ի ապրիլի 9-ին Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մեկ ամիս առաջ Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ծախսերը նվազեցնել մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարով։ ՀՀ կառավարության արած այդ փոփոխություններն առնչվում էին բաց հանքերի ավտոճանապարհների երկայնական թեքությունների առավելագույն թույլատրելի չափերին, որոնք շատ «պատահաբար» մեղմացվել էին՝ սահմանվելով 10%՝ նախկին 7% -ի փոխարեն, իսկ որոշման մեկ այլ կետում էլ 10%՝ նախկին 9% -ի փոխարեն (տեսեք նաև այստեղ

Իսկ արդեն 2015թ-ի նոյեմբերի 19-ին Լիդիանը հայտարարում է Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին, որի համաձայն մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով՝ կազմելով 370 միլիոն դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը նվազել են 17% -ով՝ ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար կազմելով ընդամենը 585 դոլար: Լիդիանի տնօրենը հպարտությամբ նշում է, որ այդ ամենի շնորհիվ իրենք կլինեն շատ ցածր ինքնարժեքով ոսկի արդյունահանողներ:

Դրանից 12 օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Լիդիանն արդեն հայտարարում է, որ որ Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարում շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն դոլար ֆինանսավորման փաթեթը: Այստեղ ուզում ենք հիշեցնել, որ ընկերությունը տարբեր պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում ծրագրի համար ֆինանսավորում գտնել՝ չնայած 2009թ-ից սկսած ուներ բոլոր թույլտվությունները և մի քանի անգամ տարբեր ժամկետներ էր հայտարարել շինարարությունն ու ոսկու կորզումը սկսելու մասին։

Ծախսերի մասին այս մոլորեցնող հայտարարությունների և ՀՀ նախկին կոռումպացված կառավարության մի շարք «անշահախնդիր» աջակցությունների շնորհիվ՝ Լիդիանը 2016թ-ի աշնանը վերջապես սկսում է շինարարական աշխատանքներն Ամուլսարում և 2017թ-ի մայիսին հայտարարում, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018թ-ի գարնանը։

Բայց հերթական անգամ սա նույնպես իրականություն չի դառնում, քանի որ 2018թ-ի փետրվարի 22-ի Լիդիանի տարածած հաղորդագրությունից պարզվում է, որ նախարտադրության կապիտալ ծախսերը մոտավորապես 10-12% -ով ավել կլինեն մինչ այդ հայտարարված 383 միլիոն ԱՄՆ դոլարից, իսկ ոսկու կորզումը հավանաբար կսկսվի միայն 2018թ-ի 3-րդ եռամսյակում:

Այսինքն, նաև ՀՀ նախկին կառավարության որոշումների օգնությամբ 2015թ-ին իբր նվազեցված ծախսերը 2018թ-ի փետրվարին նորից գրեթե նույն չափով ավելացան՝ ինչը շատ մեծ զայրույթի պատճառ եղավ Լիդիանի հատկապես փոքր բաժնետերերի համար, որոնք այդ մասին ակտիվ արտահայտվում էին ֆոնդային բորսաների ֆորումներում՝ մեղադրելով ընկերության ղեկավարությանը։ Նշենք, որ այս ամենը տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, որ հանկարծ թյուր կարծիք չձևավորվի, թե սար տանող ճանապարհները փակած Ամուլսարի պահապաններն են խանգարել Լիդիանին։

Մնում է հասկանալ, թե այս ամենին ի՞նչ անվանում տալ՝ պետական մակարդակով կոռուպցիա, ֆինանսական մեքենայություն, ներդրողների և պետության մոլորեցում, թե՞ մի այլ բան։ Նաև պետք է վերջապես հասկանալ, թե ՀՀ նոր կառավարությունն ինչո՞ւ լրջորեն չի զբաղվում Ամուլսարի հետ կապված այս և մյուս բազմաթիվ այլ կասկածելի հարցերով ու գործարքներով։

Տեղեկացնենք, որ դեռ 2018թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական կոմիտեում տրված ցուցմունքների մեջ ՀԲՃ-ի անդամներն այս և մյուս խնդիրների մասին հստակ փաստերով նշել են, բայց ոչ մի գործողություն այդ ուղղությամբ չի արվել քննչական նախկին խմբի կողմից, որը ղեկավարում էր տխրահռչակ Յուրա Իվանյանը։ Մինչ այդ էլ՝ 2018թ-ի մայիսի 29-ին, ՀՀ կառավարությանն ու վարչապետին էր ներկայացվել Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը ներկայացնող լայնածավալ դիմումը, որն այդպես էլ կառավարությունում քննարկման առարկա չդառավ։

Հետագայում չքննարկվեցին և չվերլուծվեցին նաև վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների և անդամների Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ներկայացրած մոտ մեկ տասնյակ եզրակացություններն ու կարծիքները։ Արհամարհվեցին նաև Բրոնոզյանի գիտական խմբի 2017թ-ի, ինչպես նաև հենց ՀՀ նոր կառավարության պատվերով իրականացված EARD-TRC փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ փոստ՝ armecofront@gmail.com

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,