Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև:

Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները), փաստում ենք, որ ներկայումս Հայաստանում մեծ թափով ընթանում է Հայաստանի էկոգաղութացում օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական պաշարների լայնածավալ ու անխնա շահագործման արդյունքում: Սա բերում է բնության անդառնալի կորուստների, գյուղերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի: Մենք ահազանգում ենք մեր երկրի բնության ամայացման ու թունավորման մասին, որն էլ Հայաստանին սպառնում է էկոարտագաղթով ու էկոգաղութացմամբ: Մենք գիտակցում ենք, որ իրավիճակը հնարավոր է շտկել մեր բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ: Այդ իսկ նպատակով էլ ստեղծվել է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

ՀԲՃ-ի նպատակն է մեր բնության պահպանությունը, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով: Այս նպատակներին հասնելու համար, ՀԲՃ-ն հետամուտ է, որպեսզի համապատասխան պետական մարմինները իրենց գործառույթները լիարժեք իրականացնեն մասնավորապես բնության պահպանման և վերականգնման ասպարեզում: ՀԲՃ-ն նաև հետամուտ է բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերարտադրության, բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման, ինչպես նաև սոցիալական արդարության սկզբունքով բնական պաշարների օգտագործման արդյունքների բաշխման ուղղությամբ:

Այդ նպատակների իրականացման համար ՀԲՃ-ն ձևավորում է բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը կգործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով:

ՀԲՃ համակարգող խորհրդի անդամներն են՝ Մարիամ Սուխուդյանը, Լևոն Գալստյանը և Սյուզաննա Պետրոսյանը:

ՀԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Խմբերին միանալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան առցանց հարցաթերթիկը: Խմբերի նկարագրությունները և առցանց հարցաթերթիկները կարող եք գտնել՝ հետևելով այս հղմանը:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն / Armenian Environmental Front (AEF) civil initiative

Ֆեսյբուքում` f/armecofront

Թվիթերում` t/environment_Arm

Մեր հասցեն` Երևան, Սպենդիարյան փողոց 5 շենք, բնակարան 24

Հեռ.` +374 10 53 05 88, +374 91 534959, +374 93 534959

Էլ. փոստ` armecofront@gmail.com

Share Button